ՀՀ տարածքում գործող բանկերին

Հայաստանի Հանրապետության տարածքում
գործող բանկերին

Տեղեկացնում ենք Ձեզ, որ Կենտրոնական բանկի կողմից պարբերաբար ուսումնասիրություններ են անցկացվում բանկերի գլխամասային գրասենյակներում ու մասնաճյուղերում՝ պարզելու համար, թե վերջիններիս կողմից մատուցվող ծառայությունների մասին տեղեկատվությունը որքանո՞վ է հասանելի և մատչելի հաճախորդների համար: Հատուկ ուշադրություն է դարձվում հատկապես հրապարակվող գրքույկների (բրոշյուրների) վրա: Այս ոլորտում Ձեր աշխատանքները խրախուսելու նպատակով Կենտրոնական բանկը որոշել է մրցանակ սահմանել լավագույն գրքույկը թողարկած բանկի համար: Այդ նպատակով Կենտրոնական բանկում ձևավորվելու է մրցութային հանձնաժողով, որը ուսումնասիրելու է Ձեր կողմից թողարկված բոլոր գրքույկները և մի շարք չափանիշների հիման վրա ընտրելու է  լավագույն գրքույկը:

Ուսումնասիրությունները կսկսվեն իրականացվել ս/թ մայիսին, և նույն ամսին էլ  դրա արդյունքները կամփոփվեն: Լավագույն գրքույկը ճանաչվելու է հետևյալ 4 չափանիշների հիման վրա.

  1. Գրքույկի դիզայնը. պատրաստված լինի որակյալ թղթից, ունենա գրավիչ տեսք, աչքի ընկնի համահունչ գունային համադրություններով և համապատասխան գունագեղ պատկերներով:
  2. Տեղեկատվության մատուցման ձևը. պարունակի հեշտ ընթեռնելի տառաչափերով, հասկանալի և մատչելի ձևով տպագրված տեղեկատվություն, պարունակի վերնագրեր, առանձին բացատրական նշումներ, սպառողին հնարավորինս ծանոթ բառեր և այլն:
  3. Տեղեկատվության բովանդակությունը և սահմանված պահանջներին դրա համապատասխանությունը. գրքույկում պարունակվող տեղեկատվությունը պետք է բավարարի օրենսդրությամբ սահմանված պահանջներին:
  4. Գրքույկի հասանելիությունը. գրքույկը պետք է սպառողի համար լինի ամբողջությամբ հասանելի: Այն պետք է տեղադրված լինի բանկի տարածքային այն մասերում, որ սպառողի համար լինի հեշտ հասանելի և ցուցադրված լինի այնպես, որ սպառողը կարողանա հեշտությամբ այն տեսնել և ձեռք բերել: Այստեղ հատուկ ուշադրություն է դարձվելու նաև թողարկված գրքույկների տպաքանակի վրա:

Հայտնում ենք նաև, որ մրցանակաբաշխությունը տեղի է ունենալու Կենտրոնական բանկում և լայնորեն լուսաբանվելու է լրատվամիջոցներով: Հաղթող բանկին շնորհվելու է համապատասխան վկայագիր:

Շնորհակալություն համագործակցության համար:

Հարգանքներով՝ Տիգրան Սարգսյան