Ներդրումային ծառայությունների մատուցման մասին ՀՀ Կենտրոնական բանկին պարտադիր տեղեկացնելու վերաբերյալ

Ուղղված է՝ ՀՀ տարածքում գործող բանկերին

Առարկան՝ Ներդրումային ծառայությունների մատուցման մասին ՀՀ Կենտրոնական բանկին պարտադիր տեղեկացնելու վերաբերյալ

Տեղեկացնում ենք, որ սույն թվականի փետրվարի 29-ից բանկերին արգելվում է Հայաստանի Հանրապետության տարածքում ցանկացած տեսակի արժեթղթերով մատուցել ներդրումային ծառայություններ (հաճախորդներից արժեթղթերով գործարքների կատարման հանձնարարականների ընդունում և հաղորդում, իր կամ  հաճախորդի անունից և հաճախորդի հաշվին արժեթղթերով գործարքների կատարում, արժեթղթերում ներդրումների հետ կապված խորհրդատվության տրամադրում հաճախորդներին,  իր հաշվին և իր անունից արժեթղթերով գործարքների կատարում, արժեթղթերի փաթեթի կառավարում, արժեթղթերի երաշխավորված կամ չերաշխավորված տեղաբաշխման իրականացում)` առանց ՀՀ կենտրոնական բանկ «Արժեթղթերի շուկայի մասին» ՀՀ օրենքի 35-րդ հոդվածով նախատեսված տեղեկացման ներկայացման, ինչպես նաև ոչ հիմնական ծառայություն համարվող արժեթղթերի պահառության ծառայությունը, եթե տվյալ բանկը չի հանդիսանում ներդրումային ծառայություններ մատուցող անձ:

Ընդ որում, թվարկված սահմանափակումները տարածվում են նաև պետական արժեթղթերի շուկայում ներդրումային և/կամ պետական արժեթղթերի պահառության ծառայություններ մատուցող այն բանկերի վրա, որոնք հանդիսանում են Հայաստանի Հանրապետության պետական պարտատոմսերի շուկայում գործակալ կամ դիլեր:

Ելնելով վերը նշվածից՝ առաջարկում ենք հնարավորինս սեղմ ժամկետներում համապատասխանեցնել ներդրումային  ծառայությունների, ինչպես նաև ոչ հիմնական ծառայություն համարվող արժեթղթերի պահառության ծառայության մատուցումը «Արժեթղթերի շուկայի մասին» ՀՀ օրենքով սահմանված պահանջներին և ՀՀ կենտրոնական բանկ ներկայացնել «Արժեթղթերի շուկայի մասին» ՀՀ օրենքի 35-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված տեղեկացումը` կից ներկայացնելով նաև հետևյալը.

  • ներդրումային ծառայությունների մատուցման համար նախատեսված պատասխանատու ստորաբաժանման մասին տեղեկատվությունը, մասնավորապես` ստորաբաժանման կառուցվածքը և գործառույթները, ստորաբաժանման ղեկավարի և ներդրումային ծառայություններ մատուցող աշխատակիցների ինքնության, ինչպես նաև այդ աշխատակիցների այս կամ այն ներդրումային ծառայության մատուցման հետ կապված  պարտականությունների վերաբերյալ տվյալները.
  • «Արժեթղթերի շուկայի մասին» ՀՀ օրենքի 59-րդ հոդվածով սահմանված գործունեության կանոնները.
  • ներդրումային առաջարկությունների կազմման և տարածման հետ կապված շահերի բախումները կանխելու համար «Արժեթղթերի շուկայի մասին» ՀՀ օրենքի 63-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետի համաձայն ներդրված կազմակերպական և կառավարչական միջոցների վերաբերյալ տեղեկատվությունը.
  • ծառայողական տեղեկատվության պատշաճ պահպանման համար «Արժեթղթերի շուկայի մասին» ՀՀ օրենքի 99-րդ հոդվածի համաձայն ձեռնարկված տեխնիկական բնույթի միջոցների վերաբերյալ տեղեկատվությունը և կազմակերպչական կանոնները.
  • Բանկի՝ որպես ենթապահառուի կողմից Կենտրոնական դեպոզիտարիայի հետ կնքված պայմանագրի պատճենը (եթե բանկը նախատեսում է իրականացնել կամ իրականացնում է արժեթղթերի պահառություն).
  • հաշվառումն ապահովող տեխնիկական ու ծրագրային միջոցների մասին տեղեկատվություն և թե ինչպես է իրականացվում «Արժեթղթերի շուկայի մասին» ՀՀ օրենքի 67-րդ հոդվածի համաձայն ներդրումային ծառայություններից օգտվող անձանց միջոցների առանձնացված հաշվառման վարումը:
  • գրանցումների վարումն ապահովող տեխնիկական ու ծրագրային միջոցների մասին տեղեկատվություն և թե ինչպես է իրականացվում «Արժեթղթերի շուկայի մասին» ՀՀ օրենքի 69-րդ հոդվածի համաձայն ստացված և կատարված հանձնարարականների վերաբերյալ գրանցումների վարումը:

Ֆինանսական վերահսկողության վարչության պետ՝ Հրանտ Սուվարյան

Սույն գրության հետ կապված հարցերով կարող եք դիմել
Ֆինանսական վերահսկողության վարչություն
Էլեն
Զարգարյանին