Տեղաբաշխման միջոցով կանոնադրական կապիտալն ավելացնելիս համալրման պահի որոշման վերաբերյալ
Հայաստանի Հանրապետության տարածքում գործող
Արժեթղթերի Շուկայում
Մասնագիտացված գործունեություն իրականացնող անձանց
(բացառությամբ բանկերի և վարկային կազմակերպությունների)
Տեղաբաշխման միջոցով կանոնադրական կապիտալն ավելացնելիս համալրման պահի որոշման վերաբերյալ
Հարգելի՛ պարոնայք,
«Արժեթղթերի շուկայի կարգավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի համաձայն՝ արժեթղթերի շուկայում մասնագիտացված գործունեություն իրականացնող անձինք (բացառությամբ բանկերի և վարկային կազմակերպությունների) Հայաստանի Հանրապետության Կենտրոնական բանկ են ներկայացնում Ձև 66.4-6ՄԱ ընթացիկ հաշվետվությունը: Կանոնադրական կապիտալի համալրման ժամանակ խնդիր է առաջանում որոշելու կանոնադրական կապիտալի համալրման պահը և թե Ձև 66.4-6ՄԱ հաշվետվությունում հիմնական կապիտալի հաշվարկի ժամանակ որպես կանոնադրական կապիտալի զուտ գումար մասնագիտացված անձը պետք է հիմք ընդունի պետական գրանցում ստացած կանոնադրական կապիտալը, թե փաստացի համալրված կանոնադրական կապիտալը, քանի որ դրանք միմյանցից կարող են տարբերվել: Նշված խնդրի վերաբերյալ Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի դիրքորոշումը հետևյալն է.
Ինչպես Ձեզ հայտնի է, «Բաժնետիրական ընկերությունների մասին» ՀՀ օրենքի 14-րդ հոդվածի համաձայն՝ կանոնադրությունը սահմանում է կանոնադրական կապիտալի չափը, իսկ 34-րդ հոդվածի համաձայն՝ կանոնադրական կապիտալի փոփոխմամբ պայմանավորված կանոնադրության փոփոխությունները գրանցում է իրավաբանական անձանց պետական գրանցումն իրականացնող մարմինը՝ օրենքով սահմանված կարգով: Կանոնադրության փոփոխությունները երրորդ անձանց, այդ թվում՝ վերահսկող մարմնի համար ուժի մեջ են մտնում դրանց պետական գրանցման պահից: Նման օրենսդրական կարգավորման պայմաններում այն բոլոր դեպքերում, երբ ընկերությունը բաժնետոմսեր տեղաբաշխելու միջոցով ավելացնում է իր կանոնադրական կապիտալը, կանոնադրական կապիտալի համալրման պահ պետք է համարվի կանոնադրական կապիտալի փոփոխության պետական գրանցման պահը: Դրա հիման վրա սեփական կապիտալի և դրա տարրերի հաշվարկի վերաբերյալ Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկ ներկայացվող 66.4-6ՄԱ հաշվետվական ձևում հիմնական կապիտալի հաշվեկշռային մեծությունը հաշվարկելիս որպես կանոնադրական կապիտալի զուտ գումար պետք է հիմք ընդունվի կանոնադրական կապիտալի այն չափը, որն օրենքով սահմանված կարգով ամրագրված է կանոնադրությունում:
Իրավաբանական վարչության պետ՝ Վարուժան Ավետիքյան
Սույն գրության վերաբերյալ լրացուցիչ պարզաբանումներ ստանալու համար կարող եք դիմել
Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի Իրավաբանական վարչության Ֆինանսական համակարգի վերահսկողության իրավական սպասարկման 1-ին բաժնի իրավախորհրդատու
Տիրայր Վարդազարյանին