Մասնաճյուղերի գործունեության վերաբերյալ

Հարգելի՛ պարոնայք,

ՀՀ Կենտրոնական բանկի խորհրդի 10.07.2007թ. թիվ 217Ն որոշման համաձայն «Բանկերի և օտարերկրյա բանկերի մասնաճյուղերի գրանցումն ու լիցենզավորումը, բանկերի մասնաճյուղերի և ներկայացուցչությունների գրանցումը, բանկերի և օտարերկրյա բանկերի մասնաճյուղերի ղեկավարների որակավորումը և գրանցումը» կանոնակարգ 1-ում կատարվել են մի շարք փոփոխություններ և լրացումներ, որոնք ուժի մեջ են մտել 2007 թվականի սեպտեմբերի 3-ից:

Ձեր ուշադրությունն ենք հրավիրում այն դրույթի վրա, համաձայն որի բանկի մասնաճյուղը կարող է չունենալ գլխավոր հաշվապահ, եթե տվյալ մասնաճյուղի և բանկի գլխամասի միջև առկա է կապ, որը հնարավորություն է տալիս գործունեություն ծավալել իրական ժամանակի ռեժիմով, այսինքն՝ ապահովում է մասնաճյուղում կատարվող գործարքների ակնթարթային արտացոլումն ընդհանուր տեղեկատվական բազայում և բանկի հաշվեկշռում:

Սակայն այս դրույթը միևնույն ժամանակ չի անտեսում բանկի կողմից պատշաճ վերահսկողության ապահովումը մասնաճյուղերի կողմից իրականացվող գործարքների նկատմամբ: Այս տրամաբանությամբ, կանոնակարգով սահմանվել է, որ մասնաճյուղում կատարվող գործարքները պետք է ակնթարթորեն արտացոլվեն գլխամասի ընդհանուր տեղեկատվական բազայում և բանկի հաշվեկշռում: Այսինքն, եթե բանկի մասնաճյուղը (ներառյալ սահմանափակ գործառնություններ իրականացնող մասնաճյուղերը) աշխատում է շաբաթ, կիրակի կամ տոն օրերին, ապա նույն օրերին բանկի գլխամասը նույնպես պետք է աշխատի և մասնաճյուղի տվյալ օրվա գործարքները պետք է արտացոլվեն տվյալ օրվա հաշվապահական հաշվեկշռում:

Բացի դրանից, բանկի գլխամասի կողմից օրվա ընթացքում պարբերաբար պետք է վերահսկվեն մասնաճյուղերի կողմից իրականացվող գործարքները: Բանկերը պետք է ունենան մասնաճյուղերի նկատմամբ վերահսկողության իրականացման համապատասխան ընթացակարգեր, որում սահմանված կլինեն ստուգումների/վերահսկողության իրակացման պարբերականությունը, ժամկետները և այլն: Ընդ որում բանկի գլխամասի կողմից իրականացվող վերահսկողությունը պետք է իրականացվի մասնաճյուղի աշխատանքի ընթացքում:

Կենտրոնական բանկը կարևորելով բանկերի իրենց մասնաճյուղերի կողմից իրականացվող գործարքների նկատմամբ պատշաճ վերահսկողության ապահովումը և հնարավոր ռիսկերի նվազեցումը, իր կողմից իրականացվող ստուգումների ընթացքում մեծ ուշադրություն է դարձնելու նշված գործընթացների իրականացմանը:

Հարգանքով`

Ֆինանսական համակարգի քաղաքականության և վերլուծությունների վարչության պետ՝ Դավիթ Սարգսյան

Սույն գրության հետ կապված հարցերով կարող եք դիմել 
Ֆինանսական համակարգի քաղաքականության և վերլուծությունների վարչություն 
Մհեր Աբրահամյանին