16.11.2007 թվականի թիվ 366Ն որոշմամբ հաստատված կանոնակարգ 3/04-ի վերաբերյալ

Հաշվի առնելով ապահովագրական ընկերությունների կողմից բարձրացված հարցադրումները՝ ստորև ներկայացնում ենք Հայաստանի Հանրապետության Կենտրոնական բանկի խորհրդի 16.11.2007 թվականի թիվ 366Ն որոշմամբ հաստատված «Ապահովագրական ընկերությունների հաշվետվությունների ձևերը, դրանցում ներառվող տեղեկատվությունը, ներկայացնելու կարգը և ժամկետները» Կանոնակարգ 3/04-ի 59-րդ և 65-րդ կետերի հստակեցումներ.

  1. Թիվ 3 հաշվետվության 10-րդ աղյուսակի «Տեխնիկական պահուստների ընդհանուր մեծությունը (հազար դրամ)» տողում անհրաժեշտ է արտացոլել ապահովագրական ընկերության տեխնիկական պահուստների ընդհանուր մեծության և վճարվելիք ապահովագրական հատուցումների մեծության հանրագումարը՝ համաձայն Հայաստանի Հանրապետության Կենտրոնական բանկի խորհրդի 02.10.2007 թվականի թիվ 311Ն որոշմամբ հաստատված «Ապահովագրական գործունեության հիմնական տնտեսական նորմատիվների չափը, ձևավորման և հաշվարկման կարգը» Կանոնակարգ 3/02-ի գլուխ 7-ի:
  2. Թիվ 4 հաշվետվության 1-ին և 2-րդ աղյուսակների 4-րդ սյունակում արտացոլվում են ապահովագրության պայմանագրերի գծով հաշվետու ժամանակաշրջանի ընթացքում տեղի ունեցած դադարեցումների (ներառյալ` մասնակի) հետևանքով ապահովագրական գումարների (ներառյալ՝ վերաապահովագրողի մասնակցության չափի մեծությունները) նվազումները, այդ թվում՝
  • ապահովագրական գումարների մեծությունները հաշվետու ժամանակաշրջանի ընթացքում դադարեցված ապահովագրության պայմանագրերի գծով (բացառությամբ ապահովագրության պայմանագրի ժամկետի ավարտի հետ պայմանավորված դադարումի),
  • հաշվետու օրվա դրությամբ գործող ապահովագրության պայմանագրերով ապահովագրված այն ապահովագրության օբյեկտների գծով ապահովագրական գումարների նվազումները, որոնց գծով հաշվետու ժամանակաշրջանի ընթացքում պայմանագրերի գործողությունը դադարել է,
  • ապահովագրական գումարների նվազումներ՝ կապված տվյալ ապահովագրության օբյեկտը ծածկող ապահովագրական ռիսկերի գծով հաշվետու ժամանակաշրջանի ընթացքում ապահովագրության դադարեցումների հետ: (Օրինակ` ենթադրենք մեկ ապահովագրության պայմանագրով ապահովագրվել է որևէ գույք հրդեհից և գողությունից: Հաշվետու ժամանակաշրջանի ընթացքում պայմանագրի պայմանները փոփոխվել են. հրդեհից ապահովագրական ռիսկը հանվել է և, ենթադրենք, դրանով պայմանավորված նվազել է ապահովագրական գումարը: Հաշվետվությունում լրացվում է ապահովագրության պայմանի փոփոխությամբ պայմանավորված ապահովագրական գումարի նվազումը):

Թիվ 4 հաշվետվության 5-րդ սյունակում լրացվում են նշված ապահովագրական գումարներում վերաապահովագրողի մասնակցության չափի մեծությունները:

Ֆինանսական համակարգի քաղաքականության ու վերլուծությունների վարչության պետ՝ Դավիթ Սարգսյան

Ֆինանսական համակարգի քաղաքականության ու վերլուծությունների վարչություն
Գոհար Հակոբյան