Հայաստանի Հանրապետության տարածքում գործող բանկերին
Հայաստանի Հանրապետության տարածքում
գործող բանկերին
Հարգելի՛ գործընկերներ,
ՀՀ Կենտրոնական բանկի և ՀՀ տարածքում գործող բանկերի միջև 02.02.2009թ. կնքվել է թիվ 19/020209-1 «Ռեպո/Հակադարձ ռեպո գործարքների կնքման գլխավոր համաձայնագիր» (այսուհետ՝ Համաձայնագիր): Նշված համաձայնագրին համապատասխան աշխատելու ընթացքում ի հայտ են եկել ծագող հարաբերությունների պայմանագրային կարգավորման որոշակի բացթողումներ և այդ հարաբերություններին նոր իրավական կարգավորում տալու անհրաժեշտություն: Այդ պատճառով ՀՀ կենտրոնական բանկի կողմից մշակվել է «Ռեպո/Հակադարձ ռեպո գործարքների կնքման գլխավոր համաձայնագիր» -ի նախագիծ (այսուհետ՝ Նախագիծ), որտեղ շտկվել են Համաձայնագրում եղած բացթուղումները և տրվել են ծագող հարաբերություններին նոր իրավական կարգավորումներ (Նախագիծը հաստատվել է Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի նախագահի 24.12.2009թ. թիվ 1/1573Ա որոշմամբ): Սկսած 2010 թվականի հունվարի 31-ից ՀՀ կենտրոնական բանկի և ՀՀ տարածքում գործող բանկերի միջև Նախագծում նշված Ռեպո գործարքները նախատեսում ենք կնքել Նախագծով սահմանված ընթացակարգով:
Հաշվի առնելով վերոգրյալը, ՀՀ կենտրոնական բանկը՝ հիմք ընդունելով Համաձայնագրի 7.4. կետը, սույնով ծանուցում է Ձեզ ՀՀ կենտրոնական բանկի կողմից Համաձայնագրից հրաժարվելու վերաբերյալ: Միաժամանակ, առաջարկում ենք Ձեզ կնքել Նախագիծը և հետագայում նախագծում նշված ռեպո գործարքները նույնպես կնքել Նախագծով սահմանված ընթացակարգով:
Քանի որ, Նախագիծն իրենից ներկայացնում է բազմակողմ (23 կողմ) գործարք, որը պետք է կնքվի միայն մեկ բնօրինակից, և հաշվի առնելով՝ Նախագիծը հնարավորինս սեղմ ժամկետներում ՀՀ տարածքում գործող բանկերի կողմից ստորագրելու անհրաժեշտությունը, առաջարկում ենք Նախագծի ստորագրման գործընթացը կազմակերպել ՀՀ կենտրոնական բանկի տարածքում՝ Ձեր կողմից պատշաճ կերպով լիազորված ներկայացուցիչների միջոցով:
Ելնելով վերոգրյալից, խնդրում ենք սույն գրությանը կից ներկայացվող լիազորագրի օրինակելի ձևին համապատասխան լիազորել Ձեր բանկի համապատասխան աշխատակցին ստորագրել Նախագիծը և մինչև 2010 թվականի հունվարի 31-ը ապահովել այդ աշխատակցի այցը ՀՀ կենտրոնական բանկի տարածք՝ իրավաբանական վարչությունում Նախագիծը ստորագրելու նպատակով: Աշխատակիցը իր հետ պետք է ունենա Լիազորագրի բնօրինակը՝ ստորագրված և կնքված Ձեր կողմից և անձնագրի բնօրինակը և պատճեն:
Կից ներկայացնում ենք Նախագծի պատճեն և լիազորագրի օրինակելի ձևը:
Հարգանքներով՝ Արթուր Ջավադյան