Հայաստանի Հանրապետության տարածքում գործող բանկերին

Հայաստանի Հանրապետության տարածքում
գործող բանկերին

Հարգելի՛ պարոնայք,

Միջազգային ֆինանսական կորպորացիայի (IFC) առաջարկությունների հիման վրա ՀՀ Կառավարության կողմից հաստատված Հայաստանի գործարար միջավայրի բարելավման միջոցառումների ծրագրով նախատեսվել է վարկերի ստացման համար գույքի և որպես գրավ օգտագործվող բոլոր տեսակի գույքի համար ավելի շուտ ընդհանուր, քան հատուկ նկարագրություն սահմանելու հնարավորությունն ապահովող միջոցառման կատարում: Այդ միջոցառման նպատակը ձեռնարկատերերի կողմից բիզնես հիմնելու և զարգացնելու համար անհրաժեշտ միջոցների ներգրավման հնարավորության ընձեռումն է: Միջոցառման էությունն այն  է, որ բացի ավանդաբար գրավի առարկա հանդիսացող կոնկրետ գույքից և գույքային իրավունքներից որպես գրավի առարկա թույլատրվեն նաև ակտիվների փոփոխելի փուլը (ինչպես օրինակ դեբիտորական պարտավորությունը), ապագա ակտիվները (ինչպես օրինակ բերքը) կամ ամբողջական բիզնեսը:

Հաշվի առնելով այն հանգամանքը, որ ՀՀ քաղաքացիական օրենսգիրքն այսօր էլ նախատեսում է նմանատիպ գրավի պայմանագրերի կնքման հնարավորությունը (մասնավորապես, 232-րդ հոդվածով նախատեսվում է գրավի պայմանագրով ապագայում ձեռք բերվելիք գույքի և գույքային իրավունքների գրավի նախատեսման հնարավորություն, իսկ 259-րդ հոդվածը կարգավորում է շրջանառության մեջ գտնվող ապրանքների գրավը), խնդրում ենք տեղեկացնել, թե արդյո՞ք Ձեր կողմից վարկեր տրամադրելիս որպես պարտավորության կատարման ապահովման միջոց ընդունվում է այդպիսի գույք:

  1. Եթե այո, ապա խնդրում ենք մանրամասն նկարագրել, թե ինչպիսի՞ մեխանիզմ եք նախատեսում տվյալ գործարքներով:
  2. Եթե ոչ, ապա արդյո՞ք դա պայմանավորված է որևէ օրենսդրական կամ այլ խոչընդոտի կամ բացի առկայությամբ, և որո՞նք են դրանք:

Հարգանքով՝

Իրավաբանական վարչության պետ՝ Վարուժան Ավետիքյան

Սույն գրության վերաբերյալ լրացուցիչ պարզաբանումներ ստանալու համար, կարող եք դիմել
ՀՀ կենտրոնական բանկի իրավաբանական վարչության իրավական խորհրդատվության և զարգացման բաժնի մասնագետ
Արտյոմ Նազարյանին