«Լավագույն գրքույկ» մրցույթի վերաբերյալ

ՀՀ տարածքում գործող

  • Բանկերի միությանը,
  • Ապահովագրական ընկերությունների ասոցիացիային,
  • Բոլոր վարկային կազմակերպություններին

«Լավագույն գրքույկ» մրցույթի վերաբերյալ

Հարգելի՛ տիկնայք և պարոնայք,

Տեղեկացնում ենք Ձեզ, որ Կենտրոնական բանկի կողմից պարբերաբար ուսումնասիրություններ են անցկացվում բանկերի, վարկային կազմակերպությունների  և ապահովագրական ընկերությունների գլխամասային գրասենյակներում ու մասնաճյուղերում պարզելու համար, թե նշյալ կազմակերպությունների կողմից մատուցվող ծառայությունների մասին տեղեկատվությունը որքանո՞վ է հասանելի և մատչելի հաճախորդների համար: Հատուկ ուշադրություն է դարձվում հատկապես հրապարակվող գրքույկների (բրոշյուրների) վրա: Այս ոլորտում Ձեր աշխատանքները խրախուսելու նպատակով հերթական անգամ Կենտրոնական բանկը որոշել է մրցանակ սահմանել լավագույն գրքույկը թողարկած բանկի, վարկային կազմակերպության և ապահովագրական ընկերության համար: Այդ նպատակով Կենտրոնական բանկում ձևավորվելու է մրցութային հանձնաժողով, որը ուսումնասիրելու է Ձեր կողմից թողարկված բոլոր գրքույկները և մի շարք չափանիշների հիման վրա ընտրելու է 3 լավագույն գրքույկներ առանձին բանկերի, վարկային կազմակերպությունների և ապահովագրական ընկերությունների համար: Ուսումնասիրությունները կսկսվեն իրականացվել ս/թ մայիսին և հուլիս ամսին էլ դրա արդյունքները կամփոփվեն: Լավագույն գրքույկը ճանաչվելու է հետևյալ 4 չափանիշների հիման վրա.

  1. Գրքույկի դիզայնը. պատրաստված լինի որակյալ թղթից, ունենա գրավիչ տեսք, աչքի ընկնի համահունչ  գունային  համադրություններով  և  համապատասխան  գունագեղ  պատկերներով:
  2. Տեղեկատվության մատուցման ձևը. պարունակի հեշտ  ընթեռնելի  տառաչափերով, հասկանալի և մատչելի  ձևով տպագրված  տեղեկատվություն, պարունակի վերնագրեր, առանձին բացատրական նշումներ, սպառողին  հնարավորինս ծանոթ  բառեր և այլն:
  3. Տեղեկատվության բովանդակությունը և սահմանված պահանջներին դրա համապատասխանությունը. գրքույկում պարունակվող տեղեկատվությունը պետք է բավարարի օրենսդրությամբ սահմանված պահանջներին:
  4. Գրքույկի հասանելիությունը. գրքույկը պետք է սպառողի համար լինի ամբողջությամբ հասանելի: Այն պետք է տեղադրված լինի բանկի, վարկային կազմակերպության և ապահովագրական ընկերության տարածքային այն մասերում, որ սպառողի համար լինի հեշտ հասանելի և ցուցադրված լինի այնպես, որ սպառողը կարողանա հեշտությամբ այն տեսնել և ձեռք բերել: Այստեղ հատուկ ուշադրություն է դարձվելու նաև թողարկված գրքույկների տպաքանկի վրա:

Հայտնում ենք նաև, որ մրցանակաբաշխությունը տեղի է ունենալու Կենտրոնական բանկում և լայնորեն լուսաբանվելու է լրատվամիջոցներով: Հաղթող բանկին, վարկային կազմակերպությանը և ապահովագրական ընկերությանը շնորհվելու են համապատասխան վկայագրեր:

Շնորհակալություն  համագործակցության համար:

Հարգանքներով՝

Ֆինանսական համակարգի քաղաքականության և վերլուծությունների վարչության պետ՝ Վահե Վարդանյան

Ֆինանսական համակարգի քաղաքականության և վերլուծությունների վարչություն 
կատարող` Անժելա Ավետիսյան