Ներդրումային ընկերությունների հրապարակվող ֆինանսական հաշվետվությունների վերաբերյալ

Ուղղված է՝ ՀՀ տարածքում գործող բոլոր ներդրումային ընկերություններին

Առարկան՝ Ներդրումային ընկերությունների հրապարակվող ֆինանսական հաշվետվությունների վերաբերյալ

Համաձայն «Արժեթղթերի շուկայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 83-րդ հոդվածի՝ ներդրումային ընկերությունները պարտավոր են մինչև յուրաքանչյուր եռամսյակին հաջորդող ամսվա 15-ը հրապարակել եռամսյակային ֆինանսական հաշվետվություններ (առաջին եռամսյակի համար՝ մինչև ապրիլի 15-ը):

Համաձայն 2008 թվականի դեկտեմբերի 30-ի  Հայաստանի Հանրապետության Կենտրոնական բանկի խորհրդի թիվ 374 Ն որոշման («Ներդրումային ընկերությունների հրապարակվող ֆինանսական հաշվետվությունների օրինակելի ձևերը» և «Ներդրումային ընկերությունների հրապարակվող ֆինանսական հաշվետվությունների օրինակելի ձևերի լրացման ցուցումները»)` ներդրումային ընկերությունները պետք է Կենտրոնական բանկ ներկայացնեն իրենց հրապարակվող եռամսյակային ֆինանսական հաշվետվությունները հրապարակումից հետո 5 օրվա ընթացքում (առաջին եռամսյակի համար` մինչև ապրիլի 20-ը):

Հաշվի առնելով այն հանգամանքը, որ 2008 թվականի դեկտեմբերի 30-ին  Հայաստանի Հանրապետության Կենտրոնական բանկի խորհրդի թիվ 374 Ն որոշումն  ուժի մեջ է մտել սույն թվականի ապրիլի 11-ին, ուստի՝ 2009 թվականի առաջին եռամսյակի ֆինանսական հաշվետվությունների հրապարակման և ԿԲ ներկայացման ժամկետը հետաձգվում է 1 ամսով, այսինքն՝ 2009 թվականի առաջին եռամսյակի ֆինանսական հաշվետվությունները պետք է հրապարակվեն մինչև սույն թվականի մայիսի 15-ը և ՀՀ ԿԲ ներկայացվեն մինչև սույն թվականի մայիսի 20-ը:

Ֆինանսական համակարգի քաղաքականության և վերլուծությունների վարչության պետ՝ Վահե Վարդանյան

Սույն գրության հետ կապված հարցերով կարող եք դիմել
Ֆինանսական համակարգի քաղաքականության և վերլուծությունների վարչություն 
Միքայել Սարգսյանին