Արժութային օրենսդրության պահանջների պահպանման վերաբերյալ
Հայաստանի Հանրապետության տարածքում գործող
բոլոր բանկերին և վարկային կազմակերպություններին
Արժութային օրենսդրության պահանջների պահպանման վերաբերյալ
Հարգելի՛ տիկնայք և պարոնայք,
Վերջին ժամանակահատվածում հաճախակի են դարձել քաղաքացիների բողոքները կապված վարկերի տրամադրման և դրանց մարման ընթացքում արժութային փոխարժեքների տատանումների գծով վերագնահատումների կատարման դեպքերի հետ, որոնք վկայում են այն մասին, որ որոշ բանկեր և վարկային կազմակերպություններ քաղաքացիներին տրամադրում են սպառողական վարկեր Հայաստանի Հանրապետության դրամով և այս կամ այն կերպ շրջանցելով Հայաստանի Հանրապետության արժութային օրենսդրությունը՝ վարկերի վերադարձը և/կամ տոկոսների մարումը կապում են արտարժույթի փոխարժեքի տատանումների հետ: Մասնավորապես մեր կողմից ուսումնասիրված վարկային պայմանագրերում նշվել են հետևյալ դրույթները.
ՀՀ դրամով տրամադրվելիք վարկային պայմանագրերում նշվում է, որ այն համարժեք է ԱՄՆ դոլարին կամ վարկի ամենամսյա մարումները և տոկոսները մարվում են տվյալ օրվա Կենտրոնական բանկի հրապարակած միջին փոխարժեքով կամ նմանատիպ այլ դրույթներ:
Բանկերի և վարկային կազմակերպությունների նման գործելակերպը անընդունելի է Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի համար: Կարծում ենք, որ այս ժամանակահատվածում և հատկապես այն պարագայում, երբ Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկը նախաձեռնել է արժութային օրենսդրության խախտումների համար պատասխանատվության խստացմանը ուղղված միջոցառումներ, ֆինասական կազմակերպությունները պետք է զերծ մնան նման քայլերից, որոնք, ոտնահարելով սպառողների շահերը, ըստ էության խախտում են արժութային օրենսդրությունը և կարող են ապագայում վտանգել երկրի ֆինանսական կայունությունը:
Հարկ ենք համարում հիշեցնել, որ համաձայն «Արժութային կարգավորման և արժութային վերահսկողության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի բանկերը և վարկային կազմակերպությունները կարող են իրենց ֆինանսական գործառնությունները իրականացնել արտարժույթով` բացառությամբ օրենքով նախատեսված դեպքերի: Օրենքով նաև նախատեսված է, որ սպառողական փոխառություններն ու վարկերը տրամադրվում են միայն Հայաստանի Հանրապետության դրամով: Հայաստանի Հանրապետության դրամով է իրականացվում նաև ֆինանսական գործառնությունների դիմաց վճարվող տոկոսագումարների վճարումը, չնայած այն հանգամանքին, որ ֆինանսական գործառնությունների դիմաց տոկոսների հաշվեգրումն իրականացվում է ըստ հիմնական գումարի արժույթի (օրինակ՝ եվրոյով ավանդի դիմաց տոկոսների հաշվեգրումն իրականացվում է եվրոյով):
Հաշվի առնելով վերոնշյալը, հայտնում ենք, որ սպառողական վարկերի և դրանց դիմաց վճարվող տոկոսավճարների գծով ամենամսյա մարումների վերագնահատում (ինդեքսավորում)` կապված արտարժութային շուկայում փոփոխությունների հետ արգելվում է:
Միաժամանակ հարկ ենք համարում նաև նշել, որ հիշատակվող պայմանագրերում օրենքին հակասող դրույթներ նախատեսելը վտանգի տակ է դնում պայմանագրի օրինականությունը և դատարանի համապատասխան վճռի դեպքում բանկը կամ վարկային կազամակերպությունը կարող է կրել խոշոր վնասներ` ինչը կարող է անդրադառնալ նաև ամբողջ համակարգի վրա:
Ելնելով վերոգրյալից առաջարկում ենք Ձեզ զերծ մնալ վարկային պայմանագրերում վերը նշված մեխանիզմների կիրառումից, ինչպես նաև վերանայել նման պայմաններով արդեն կնքված վարկային պայմանագրերը:
Միաժամանակ ցանկանում ենք նշել, որ Կենտրոնական բանկը հետևողական է լինելու և նման երևույթներ բացահայտելու դեպքում իրականացնելու է խիստ միջոցառումներ:
Հարգանքներով՝ Վաչե Գաբրելյան
Սույն գրության հետ կապված հարցերով կարող եք դիմել
ՀՀ կենտրոնական բանկի Ֆինանսական վերահսկողության վարչության պետ
Հրանտ Սուվարյանին