Ֆինանսական համակարգի հաշտարարի մասին
Հայաստանի Հանրապետության տարածքում գործող
բանկերին
վարկային կազմակերպություններին
ապահովագրական ընկերություններին
ապահովագրական բրոքերներին
ներդրումային ընկերություններին
գրավատներին
արտարժույթի առքուվաճառք իրականացնող անձանց
արտարժույթի դիլերային-բրոքերային առքուվաճառք իրականացնող անձանց
դրամական (փողային) փոխանցումներ իրականացնող անձանց
Հարգելի՛ տիկնայք և պարոնայք,
«Ֆինանսական համակարգի հաշտարարի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 34-րդ հոդվածի համաձայն՝ Ֆինանսական համակարգի հաշտարարի գրասենյակի (այսուհետ՝ Գրասենյակ) ֆինանսավորումն իրականացնում են Կենտրոնական բանկի կողմից լիցենզավորվող ֆինանսական կազմակերպությունները: Վերջիններս Գրասենյակի օգտին կատարում են պարտադիր վճարներ՝ օրենքով սահմանված չափերով: Նշված վճարները պետք է կատարվեն յուրաքանչյուր եռամսյակ, հավասար չափաբաժիններով, մինչև ընթացիկ եռամսյակի առաջին ամսվա 20-ը:
Այնուամենայնիվ որոշ դեպքերում ֆինանսական կազմակերպությունների կողմից Գրասենյակի օգտին վճարներ չեն կատարվել կամ վճարները կատարվել են ուշացումով կամ ոչ լրիվ ծավալով: Առանձին դեպքերում էլ կատարված վճարները գերազանցել են օրենքով սահմանված չափերը, քանի որ կատարվել են ամբողջ տարվա համար, մինչդեռ օրենքը պահանջում է վճարները կատարել յուրաքանչյուր եռամսյակ:
Նախ ցանկանում ենք նշել, որ Կենտրոնական բանկը հետևողական է լինելու օրենքի պահանջները խախտած կազմակերպությունների նկատմամբ պատասխանատվության միջոցներ կիրառելու հարցում:
Միաժամանակ առաջարկում ենք զերծ մնալ օրենքով սահմանված չափերը գերազանցող վճարներ կատարելուց, քանի որ դրանք զգալիորեն դժվարացնում են իրականացվող հաշվարկները: Բացի այդ, վճարներն ամբողջությամբ կամ մասամբ ուշացնելու դեպքում ֆինանսական կազմակերպությունները պետք է պակաս վճարված գումարի վրա հաշվարկեն տույժի տոկոսներª վճարը կատարելու համար սահմանված ժամկետի վերջին օրվա դրությամբ գործող բանկային տոկոսի հաշվարկային դրույքի եռապատիկի չափով, և դրանք վճարեն հիմնական գումարից առանձին: Տոկոսները հաշվարկվում են կետանցի օրվանից մինչև պարտադիր վճարը կատարելու օրը:
Օրինակ՝ արտարժույթի առքուվաճառք իրականացնող անձանց համար վճարի տարեկան չափը սահմանված է 30.000 դրամ, այսինքն՝ 7.500 դրամ յուրաքանչյուր եռամսյակի համար: Առաջին եռամսյակի համար վճարը պետք է կատարվի մինչև 2009թ. հունվարի 20-ը: Եթե վճարը կատարվել է ուշացումով, օրինակ՝ 2009թ. մարտի 10-ին, ապա վճարի գումարից բացի պետք է վճարվեն տոկոսներ: Քանի որ 2009թ. հունվարի 20-ին բանկային տոկոսի հաշվարկային դրույքը տարեկան 12% էր, պակաս վճարված գումարի նկատմամբ տոկոսները հաշվարկվում են տարեկան 36%-ի (բանկային տոկոսի հաշվարկային դրույքի եռապատիկի) չափով, այսինքն՝ օրական 0,099%-ի չափով: Քանի որ հունվարի 20-ից մարտի 10-ն անցել է 49 օր, հաշվարկված տոկոսների չափը հավասար կլինի 4,851%-ի (49*0.099%=4.851%): Հետևաբար տուգանքի չափը հավասար կլինի 363.83 դրամի (7500*4.851%=363.83):
Վճարումներ կատարող կազմակերպությունների անհատականացումը դյուրինացնելու նպատակով խնդրում ենք վճարման հանձնարարականի «գործարքի նպատակը» տողում առաջինը նշել ՀՎՀՀ-ի 8 թվերը (առանց «ՀՎՀՀ» բառի):
Տեղեկացնում ենք նաև, որ բանկի կամ վարկային կազմակերպության կողմից յուրաքանչյուր եռամսյակի համար կատարվող վճարների չափը որոշելիս անհրաժեշտ է հիմք ընդունել նախորդ տարվա դեկտեմբերի 31-ի դրությամբ հաշվեկշռում արտացոլված ակտիվների չափը, իսկ ապահովագրական ընկերության դեպքում՝ նախորդ տարվա դեկտեմբերի 31-ի դրությամբ հաշվետվություններում արտացոլված համախառն ապահովագրական վճարների չափը:
Հարգանքով՝
Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի իրավաբանական վարչության պետի ժ/պ՝ Վազգեն Մնացականյան
Սույն գրության վերաբերյալ լրացուցիչ պարզաբանումներ ստանալու համար կարող եք դիմել
ՀՀ կենտրոնական բանկի Իրավաբանական վարչության իրավական խորհրդատվության և զարգացման բաժնի
իրավախորհրդատու Ներսես Իսաջանյանին