Ռեպո գործարքների կնքման գլխավոր համաձայնագիր վերաբերյալ

Հայաստանի Հանրապետության տարածքում
գործող բանկերին

Հարգելի՛ գործընկերներ,

ՀՀ Կենտրոնական բանկի և ՀՀ տարածքում գործող բանկերի միջև 03.12.2007թ. կնքվել է «Ռեպո գործարքների կնքման գլխավոր համաձայնագիր (Հայաստանի Հանրապետության պետական պարտատոմսերի և արժանահավատ և պատշաճ կերպով գնանշված այլ արժեթղթերի համար)» (այսուհետ՝ Համաձայնագիր): Նշված համաձայնագրին համապատասխան աշխատելու ընթացքում ի հայտ են եկել ծագող հարաբերությունների պայմանագրային կարգավորման որոշակի բացթողումներ: Այդ պատճառով ՀՀ կենտրոնական բանկի կողմից մշակվել է Հայաստանի Հանրապետության պետական պարտատոմսերի և արժանահավատ և պատշաճ կերպով գնանշված այլ արժեթղթերով ռեպո գործարքների կնքման գլխավոր համաձայնագրի նախագիծ (այսուհետ՝ Նախագիծ), որտեղ շտկվել են Համաձայնագրում եղած բացթողումները (Նախագիծը հաստատվել է Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի նախագահի 30.12.2008թ. թիվ 1/1318 Լ որոշմամբ): Սկսած 2009 թվականի փետրվարի 1-ից ՀՀ կենտրոնական բանկի և ՀՀ տարածքում գործող բանկերի միջև Հայաստանի Հանրապետության պետական պարտատոմսերով  և արժանահավատ և պատշաճ կերպով գնանշված այլ արժեթղթերով ռեպո գործարքները նախատեսում ենք կնքել Նախագծով սահմանված ընթացակարգով:

Ելնելով վերոգրյալից, ՀՀ կենտրոնական բանկը՝ հիմք ընդունելով  Համաձայնագրի 7.5 կետը, սույնով ծանուցում է Ձեզ ՀՀ կենտրոնական բանկի կողմից  Համաձայնագրից հրաժարվելու  վերաբերյալ: Միաժամանակ առաջարկում ենք Ձեզ կնքել Նախագիծը և հետագայում Հայաստանի Հանրապետության պետական պարտատոմսերով և արժանահավատ և պատշաճ կերպով գնանշված այլ արժեթղթերով ռեպո գործարքները նույնպես կնքել Նախագծով սահմանված ընթացակարգով:

Քանի որ, Նախագիծն իրենից ներկայացնում է բազմակողմ (23 կողմ) գործարք, որը պետք է կնքվի միայն մեկ բնօրինակից, և հաշվի առնելով՝ Նախագիծը հնարավորինս սեղմ ժամկետներում ՀՀ տարածքում գործող  բանկերի կողմից ստորագրելու անհրաժեշտությունը, առաջարկում ենք Նախագծի ստորագրման գործընթացը կազմակերպել ՀՀ կենտրոնական բանկի տարածքում՝ Ձեր կողմից  պատշաճ կերպով լիազորված ներկայացուցիչների միջոցով:

Ելնելով վերոգրյալից, խնդրում ենք սույն գրությանը կից ներկայացվող լիազորագրի օրինակելի ձևին համապատասխան լիազորել  Ձեր բանկի համապատասխան աշխատակցին ստորագրել Նախագիծը և մինչև 2008 թվականի հունվարի 19 ապահովել այդ աշխատակցի  այցը ՀՀ կենտրոնական բանկի  տարածք՝ իրավաբանական վարչությունում Նախագիծը ստորագրելու նպատակով: Աշխատակիցը իր հետ պետք է ունենա Լիազորագրի բնօրինակը՝ ստորագրված և կնված Ձեր կողմից և անձնագրի բնօրինակը կամ պատճեն:

Կից, ներկայացնում ենք Նախագծի պատճեն և լիազորագրի օրինակելի ձևը:

Կանխավ շնորհակալ ենք համագործակցության համար:

Հարգանքներով՝ Արթուր Ջավադյան