Կանոնակարգ 3/04-ի հաշվետվությունների վերաբերյալ
Հայաստանի Հանրապետության տարածքում գործող
բոլոր ապահովագրական ընկերություններին
Կանոնակարգ 3/04-ի հաշվետվությունների վերաբերյալ
Հաշվի առնելով ապահովագրական ընկերություններից ստացված հարցադրումները Կանոնակարգ 3/04-ի որոշ հաշվետվություններում արտացոլվող տեղեկատվության վերաբերյալ, ստորև ներկայացնում ենք վերոնշյալ հաշվետվությունների որոշ հստակեցումներ.
- Թիվ 2 հաշվետվության 2-րդ և 3-րդ աղյուսակներում «Առաջնային միջնորդավճարներ» սյունակում արտացոլվում են հաշվետու ժամանակաշրջանի ընթացքում գործակալների (բացառությամբ՝ ապահովագրական ընկերության գործակալ հանդիսացող ապահովագրական գործակալների հաստատուն աշխատավարձի մեծության) գծով հաշվեգրված միջնորդավճարների մեծությունները (վերաապահովագրության հետ չառնչվող գումարները): Ընդ որում, հաշվեգրված միջնորդավճարի մեծությունը՝ ապահովագրական գործակալի հետ կնքված պայմանագրով նախատեսված միջնորդավճարի մեծությունն է:
- Թիվ 2 հաշվետվության 2-րդ և 3-րդ աղյուսակների «Համախառն վերաապահովագրավճար» 7-րդ սյունակում արտացոլվում են վերաապահովագրության պայմանագրով նախատեսված վերաապահովագրավճարները՝ ներառյալ ապահովագրական բրոքերին վերաապահովագրության համար տրվող երկրորդային միջնորդավճարները և ոչ ռեզիդենտի շահութահարկը, Եթե վերաապահովագրության պայմանագրերով նախատեսված է զեղչ կամ հավելավճար, ապա վերաապահովագրության պայմանագրով նախատեսված վերաապահովագրավճարի մեծությունից նվազեցվում է զեղչը կամ ավելացվում է հավելավճարը:
- Վերաապահովագրության պայմանագրի վերաբերյալ տեղեկատվությունը արտացոլվում է թիվ 10 հաշվետվությունում, եթե
1)հաշվետու եռամսյակի ընթացքում կնքվել է վերաապահովագրության պայմանագիր,
2)կնքված վերաապահովագրության պայմանագրի թիվ 10 հաշվետվությունում արտացոլվող որևէ տեղեկատվություն հաշվետու եռամսյակում փոփոխվել է (օրինակ՝ վերաապահովագրական ընկերության վարկանիշը, վերաապահովագրված օբյեկտների քանակը կամ նախորդ եռամսյակներում կնքված վերաապահովագրության պայմանագրի գծով հաշվետու եռամսյակում հաշվեգրվել է վերաապահովագրական հատուցում կամ վերաապահովագրավճար),
3)հաշվետու եռամսյակում վերաապահովագրության պայմանագիրը դադարեցվել է: - Թիվ 10 հաշվետվության «Նոն Ռեզիդենտ Բրոքեր Նեյմ» տարրում ներկայացվում է ապահովագրողի ռիսկերը տվյալ վերաապահովագրողին փոխանցած օտարերկրյա ապահովագրական բրոքերի անվանումը:
- Թիվ 10 հաշվետվությունում «Նետ Ռեինշուրանս» տարրում արտացոլվում է հաշվետու եռամսյակում հաշվեգրված զուտ վերաապահովագրավճարները՝ սույն գրության 2-րդ կետով նշված համախառն վերաապահովագրավճարներից նվազեցրած ապահովագրական բրոքերին տրվող երկրորդային միջնորդավճարները, վերաապահովագրողներից ստացվող միջնորդավճարները, ոչ ռեզիդենտի շահութահարկը:
- Եթե մեկ վերաապահովագրության պայմանագրով իրականացվում է վերաապահովագրություն ապահովագրության մի քանի դասերով, ապա թիվ 10 հաշվետվությունում վերաապահովագրության պայմանագիրը ներկայացվում է յուրաքանչյուր դասի համար առանձին:
- Թիվ 10 հաշվետվությունում, եթե նույն վերաապահովագրության պայմանագրի կողմեր են հանդիսանում մի քանի վերաապահովագրողներ, ապա պայմանագիրը ներկայացվում է յուրաքանչյուր վերաապահովագրողի համար առանձին տողով, իսկ օբյեկտների քանակն արտացոլվում է վերաապահովագրության պայմանագրի բոլոր տողերում:
- Թիվ 10 հաշվետվությունում «Ռիինշուրանս Սամ» տարրում ներկայացվում է տվյալ վերաապահովագրողի մոտ վերաապահովագրված օբյեկտների վերաապահովագրական գումարը հաշվետու եռամսյակի վերջին օրվա դրությամբ:
- Թիվ 10 հաշվետվությունում արտացոլվում են տվյալ հաշվետու եռամսյակում հաշվեգրված ապահովագրական հատուցումները:
- Թիվ 14 հաշվետվության «Վաստակած ապահովագրավճարներ ուղղակի ապահովագրության գծով» 2-րդ սյունակում ներկայացվում է ապահովագրական ընկերության և ոչ ռեզիդենտների հետ կնքած ապահովագրության և համաապահովագրության պայմանագրերով հաշվետու ժամանակաշրջանում վաստակած ապահովագրավճարների գումարներն՝ ըստ ապահովագրության դասերի, ընդ որում վաստակած ապահովագրավճարը հաշվարկվում է ապահովագրության տվյալ դասի գծով հաշվետու ժամանակահատվածում հաշվեգրված ապահովագրավճարներից նվազեցնելով հաշվետու ժամանակահատվածի ընթացքում դադարեցված պայմանագրերի գծով հետ վերադարձվող ապահովագրավճարները և չվաստակած ապահովագրավճարների պահուստի փոփոխությունը: Ընդ որում, հաշվարկում ներառված տարրերից վերաապահովագրողի մասնաբաժինը չի նվազեցվում: Կանոնակարգի 155-րդ կետում նշված «վերաապահովագրության փոխանցված ռիսկերի գծով հաշվարկված վերաապահովագրավճարը» հաշվարկվում է համախառն վերաապահովագրավճարից նվազեցնելով վերաապահովագրումից ստացվելիք բոնուսներն ու միջնորդավճարները, դադարեցված պայմանագրերի գծով վերաապահովագրողից վերադարձված գումարները և չվաստակած ապահովագրավճարի պահուստում վերաապահովագրողի մասնաբաժնի փոփոխությունները, այսինքն` չվաստակած ապահովագրավճարի պահուստում վերաապահովագրողի մասնաբաժնի աճը նվազեցվում է, իսկ նվազումը` ավելացվում:
Ֆինանսական համակարգի կարգավորման վարչության պետի ժ/պ՝ Մհեր Աբրահամյան
Կատարող՝ Արմինե Հովհաննիսյան