ՀՀ Կենտրոնական բանկ ներկայացվող թիվ 6 հաշվետվության մեջ օգտագործվող ճյուղային դասակարգման վերաբերյալ

Ուղղված է՝ ՀՀ տարածքում գործող առևտրային բանկերին

Առարկան՝ ՀՀ Կենտրոնական բանկ ներկայացվող թիվ 6 հաշվետվության մեջ օգտագործվող ճյուղային դասակարգման վերաբերյալ

Հարգելի՛ գործընկերներ,

Արձագանքելով ս/թ մարտի 30-ին Հայաստանի բանկերի միությունում կայացած աշխատանքային հանդիպման ընթացքում Ձեր կողմից բարձրացված հարցադրումներին՝ հարկ ենք համարում ներկայացնել հետևյալ պարզաբանումները.

1.Վարկերի դասակարգումն ըստ գործունեության տեսակների անհրաժեշտ է իրականացնել ելնելով վարկի օգտագործման նպատակից` հաշվի առնելով հետևյալը.

  • եթե վարկը վերցվում է հիմնական գործունեությունից տարբեր համատեղվող գործունեության ուղղությամբ ծախսվելու նպատակով, վարկի գումարն անհրաժեշտ է ներառել համատեղվող գործունեության տեսակի տողում;
  • եթե վարկը վերցվում է վարկառուի կողմից իրականացվող օժանդակ գործունեության ուղղությամբ ծախսվելու նպատակով, վարկի գումարն անհրաժեշտ է ներառել վարկառուի հիմնական գործունեության տեսակի տողում;
  • եթե վարկի ծախսման ուղղությունները մեկից ավել են և հնարավոր չէ գումարը բաշխել ըստ առանձին գործունեության տեսակների, վարկի գումարն անհրաժեշտ է ներառել վարկառուի հիմնական գործունեության տեսակի տողում:

Հիմնական գործունեության տեսակ ասելով հասկացվում է կազմակերպության կողմից իրականացվող գործունեության այն տեսակը, որի ավելացված արժեքը գերազանցում է կազմակերպության շրջանակներում իրականացվող յուրաքանչյուր այլ գործունեության տեսակների ավելացված արժեքը և յուրացվում է կազմակերպությունից դուրս:

Համատեղվող գործունեության տեսակ ասելով հասկացվում է մեկ կազմակերպության շրջանակներում հիմնականից տարբեր իրականացվող գործունեություն, որի արդյունքները նույնպես յուրացվում են կազմակերպությունից դուրս:

Օժանդակ գործունեության տեսակ ասելով հասկացվում է հիմնական գործունեությանը նպաստող կամ օժանդակող գործունեություն, որի արդյունքները կազմակերպության շրջանակներից դուրս յուրացման ենթակա չեն:

  1. Ի լրումն Կանոնակարգ 3-ի 9-րդ կետի 10-րդ պարբերության մեջ ընդգրկված տեղեկատվության, վարկերի ճյուղային դասակարգումն իրականացնելիս անհրաժեշտ է հաշվի առնել նաև հետևյալը. այն դեպքում, երբ ֆիզիկական անձանց տրամադրվող վարկի օգտագործման նպատակը հայտնի է և տարբերվում է հիպոթեկային վարկից և սպառողական վարկից, այն անհրաժեշտ է ներառել տվյալ վարկի օգտագործման նպատակին համապատասխանող գործունեության տեսակի տողում:
  2. Ֆիզիկական անձանց տրամադրվող կրթության ֆինանսավորման վարկերն իրենց բնույթով հանդիսանում են սպառողական վարկեր և պետք է ներառվեն սպառողական վարկերի տողում: Կրթության ոլորտը ներառում է կրթական ծառայություններ մատուցող գործունեություն իրականացնողներին տրամադրված վարկերը:
  3. Շինարարության նպատակով տրամադրված հիպոթեկային վարկերն անհրաժեշտ է ներառել հիպոթեկային վարկերի ընդհանուր խմբում:
  4. Այն դեպքում, երբ սպառողական վարկի նպատակը հայտնի է և հանդիսանում է ավտովարկ, կենցաղային կամ համակարգչային տեխնիկայի ձեռքբերման կամ ոսկու գրավով վարկ, վարկի գումարն անհրաժեշտ է ներառել սպառողական վարկերի համար նախատեսված ենթախմբերից մեկում, անգամ եթե վարկը տրամադրվել է վարկային քարտով: 

Հարգանքով՝

Վիճակագրության վարչության պետ` Մարտին Գալստյան

Սույն գրության վերաբերյալ լրացուցիչ պարզաբանումներ ստանալու համար կարող եք դիմել
ՀՀ Կենտրոնական բանկի Վիճակագրության վարչություն Արմինե Հարությունյանին