Ֆինանսական կազմակերպությունների ղեկավարների գրանցման գործընթացի վերաբերյալ
Հայաստանի Հանրապետության տարածքում գործող բանկերին
վարկային կազմակերպություններին
ապահովագրական և ապահովագրական բրոքերային ընկերություններին
ներդրումային ընկերություններին
վճարային գործիքներ և վճարահաշվարկային փաստաթղթերի պրոցեսինգ և
քլիրինգ իրականացնող կազմակերպություններին
«Հայաստանի կենտրոնական դեպոզիտարիա» ԲԲԸ-ին
«ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ ԱՐՄԵՆԻԱ» ԲԲԸ-ին
Հարգելի՛ տիկնայք և պարոնայք,
Բազմաթիվ են դեպքերը, երբ ֆինանսական կազմակերպությունները պատշաճ կերպով չեն ուսումնասիրում ղեկավարների թեկնածուների վերաբերյալ ՀՀ ԿԲ ներկայացվող տեղեկատվությունը: Մասնավորապես, ղեկավարների գրանցման միջնորդագրերում շատ դեպքերում նշվում է, որ գրանցվող ղեկավարները և վերջիններիս հետ փոխկապակցված անձինք ֆինանսական կազմակերպությունների հանդեպ չունեն կամ չեն ունեցել պարտավորություններ (այդ թվում ժամկետանց)` մինչդեռ, Կենտրոնական բանկի կողմից ֆինանսական կազմակերպությունների ղեկավարների գրանցման միջնորդագրերի վերլուծության արդյունքում պարզվում է, որ ունեն կամ ունեցել են: Այս հանգամանքն արդեն իսկ կասկածի տակ է դնում միջնորդագրում ներկայացված տեղեկատվության արժանահավատությունը:
ՀՀ ԿԲ կողմից լիցենզավորվող և վերահսկվող ֆինանսական կազմակերպությունների ղեկավարների գրանցումն ինքնանպատակ չէ: Այս ընթացակարգը նպատակաուղղված է ֆինանսական համակարգի անաղարտության, կայունության, ֆինանսական համակարգում ռիսկերի զսպման ապահովմանը: Գրանցման փուլում ղեկավարների վերաբերյալ տեղեկությունները հնարավորություն են տալիս գնահատել ղեկավարների մասնագիտական համապատասխանությունը և իրազեկ լինելը, բացառել հանցավոր անցյալով և վատ հեղինակությամբ անձանց մուտքը ֆինանսական համակարգ:
Վերը նշվածը ենթադրում է, որ կազմակերպությունները պետք է շահագրգռված լինեն բացահայտելու նշված տեղեկությունները: Կազմակերպության ղեկավարին գրանցման ներկայացնող համապատասխան աշխատակիցները, մինչև սահմանված փաստաթղթերի ներկայացնելը Կենտրոնական բանկ, պետք է մանրամասն ուսումնասիրեն ղեկավարներին առնչվող տեղեկատվության արժանահավատությունը, իսկ ոչ պատշաճ բնութագիր ունեցող անձանց որպես ղեկավար գրանցման ներկայացնելու դեպքում անհրաժեշտ է հիմնավորել այդ անձի ընտրությունը:
Հաշվի առնելով վերը նշվածը՝ տեղեկացնում ենք, որ այսուհետ ղեկավարների գրանցման գործընթացում հայտնաբերված թերացումները ՀՀ կենտրոնական բանկի կողմից կդիտարկվեն որպես Կենտրոնական բանկ կեղծ կամ անարժանահավատ փաստաթղթերի կամ տեղեկությունների ներկայացում և կկիրառվեն օրենսդրությամբ սահմանված պատժամիջոցներ:
Միաժամանակ տեղեկացնում ենք, որ ՀՀ տարածքում գործող ֆինանսական կազմակերպությունների ղեկավարների գրանցման գործընթացով զբաղվող համապատասխան ստորաբաժանման պատասխանատու ղեկավարները հրավիրվում են ՀՀ Կենտրոնական բանկ 25/03/2011թ. ժամը 11:00-ին՝ նշված խնդիրները քննարկելու համար: Մասնակցության համար վերը նշված անձանց խնդրվում է գրանցվել Կենտրոնական բանկի Սի Բի Էյ Նետ էլեկտրոնային համակարգի LICENSING էլեկտրոնային հասցեի միջոցով:
Հարգանքով՝
Իրավաբանական վարչության պետ՝ Վարուժան Ավետիքյան
Նամակի հետ կապված հարցերը պարզաբանելու համար դիմել
Իրավաբանական վարչության Լիցենզավորման ու գրանցման առաջին բաժին,
Գայանե Արամյանին