Տրանսպորտային միջոցի ապահաշվառման վերաբերյալ
Հայաստանի Հանրապետության տարածքում գործող
բոլոր առևտրային բանկերի ղեկավարներին
Հայաստանի Հանրապետության տարածքում գործող
բոլոր վարկային կազմակերպությունների ղեկավարներին
Հայաստանի Հանրապետության տարածքում գործող
բոլոր գրավատներին
Հարգելի՛ տիկնայք և պարոնայք,
Տրանսպորտային միջոցի ապահաշվառումն իրականացնելու ժամանակ, ի թիվս այլ փաստաթղթերի, պահանջվում է նաև տրանսպորտային միջոցի հաշվառման վկայագիրը (տեխնիկական անձնագիրը): Միևնույն ժամանակ, Հայաստանի Հանրապետության տարածքում գործող բանկերի, վարկային կազմակերպությունների և գրավատների (այսուհետ` Կազմակերպություններ) կողմից տրանսպորտային միջոցի գրավով վարկեր տրամադրելիս Կազմակերպությունները տրանսպորտային միջոցի հաշվառման վկայագիրը, որպես կանոն, պահում են իրենց մոտ: Ստացվում է, որ տրանսպորտային միջոցի ապահաշվառումը դառնում է անհնար:
Միևնույն ժամանակ, համաձայն «Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի, տրանսպորտային միջոցի գրավի դեպքում գրավառուի մոտ պահվում է տրանսպորտային միջոցի սեփականության վկայականը, որի ներդրումն իրականացվել է հենց Կազմակերպությունների առաջարկությամբ:
Ըստ այդմ, առաջարկում ենք տրանսպորտային միջոցի գրավով վարկավորում իրականացնելիս տրանսպորտային միջոցի հաշվառման վկայագիրը չպահել բանկում, իսկ ներկայումս պահվող հաշվառման վկայագրերը վերադարձնել գրավատուներին: Միևնույն ժամանակ, տրանսպորտային միջոցի գրավով վարկ տրամադրելիս հաշվառման վկայագրի փոխարեն Կազմակերպություններում կարող է պահվել տրանսպորտային միջոցի սեփականության վկայականը:
Հարգանքով՝
Ֆինանսական համակարգի կարգավորման վարչության պետ՝ Անդրանիկ Գրիգորյան
Սույն գրության հետ կապված հարցերով կարող եք դիմել Ֆինանսական համակարգի կարգավորման վարչություն
Վահե Պետրոսյանին