ՀՀ Կենտրոնական բանկ ներկայացվող թիվ 01 հաշվետվության կազմման համար օգտագործվող հաշվապահական հաշիվների վերաբերյալ
Ուղղված է՝ ՀՀ տարածքում գործող վճարահաշվարկային կազմակերպություններին
Առարկան՝ ՀՀ Կենտրոնական բանկ ներկայացվող թիվ 01 հաշվետվության կազմման համար օգտագործվող հաշվապահական հաշիվների վերաբերյալ
Հարգելի՛ գործընկերներ,
Արձագանքելով աշխատանքային քննարկումների ընթացքում բարձրացված հարցադրումներին՝ «Վճարահաշվարկային կազմակերպությունների ֆինանսական և այլ հաշվետվությունները, դրանց ներկայացումը եւ հրապարակումը» կանոնակարգ 17/03-ի համաձայն վճարահաշվարկային կազմակերպությունների կողմից Կենտրոնական բանկ ներկայացվող թիվ 01 հաշվետվության վերաբերյալ, հարկ ենք համարում ներկայացնել հետևյալ պարզաբանումները՝
- Բոլոր այն եռանիշ հաշիվները, որոնք չունեն ենթահաշիվներ, պետք է ներկայացվեն որպես քառանիշ հաշիվներ՝ եռանիշ հաշվի վերջում ավելացնելով «0» թվանշանը:
- Կենտրոնական բանկ ներկայացվող հաշվետվության մեջ չպետք է արտացոլված լինեն Ձեր կողմից բացված ենթահաշիվները:
- Հաշվի առնելով այն հանգամանքը, որ Ձեր կողմից մատուցվող ծառայությունների վերաբերյալ տեղեկատվությունն իր ամբողջական արտացոլումը չի գտնում «Կազմակերպությունների ֆինանսատնտեսական գործունեության հաշվապահական հաշվառման հաշվային պլանի» առկա հաշիվների ցանկում, այսուհետ Կենտրոնական բանկ ներկայացվող թիվ 01 հաշվետվության հաշիվների ցանկում անհրաժեշտ է ավելացնել հետևյալ ենթահաշիվները՝
- 5217 - Կրեդիտորական պարտքեր հավաքագրված վճարների գծով: Այս հոդվածում պետք է արտացոլվեն կազմակերպության տերմինալների միջոցով և գրասենյակներում կանխիկ ընդունված բոլոր տեսակի վճարների գծով հավաքագրված այն գումարները, որոնք դեռևս չեն փոխանցվել համապատասխան ծառայություն մատուցողին:
- 5218 – Կրեդիտորական պարտքեր էլեկտրոնային փողերի գծով՝ օգտագործողների հանդեպ: Այս հոդվածում պետք է արտացոլվի օգտագործողների համար բացված և վարվող հաշվառման հաշիվներում հաշվետու ժամանակահատվածի վերջի դրությամբ առկա մնացորդը:
- 5219 - Կրեդիտորական պարտքեր էլեկտրոնային փողերի գծով՝ ծառայություն մատուցողների հանդեպ: Այս հոդվածում պետք է արտացոլվի Ծառայություն մատուցողների համար բացված և վարվող հաշվառման հաշիվներում հաշվետու ժամանակահատվածի վերջի դրությամբ առկա մնացորդը:
Հարգանքով՝
Ֆինանսական վերահսկողության վարչության պետ՝ Հրանտ Սուվարյան
08.12.2014թ.
Կատարող՝ Նունե Մինասյան