Գրավատներում գրավադրված տրանսպորտային միջոցները ժամանակավորապես հաշվառումից հանելու վերաբերյալ

Ուղղված է՝ ՀՀ տարածքում գործող բոլոր գրավատներին

Առարկան՝ Գրավատներում գրավադրված տրանսպորտային միջոցները ժամանակավորապես հաշվառումից հանելու վերաբերյալ

Հարգելի՛ տիկնայք և պարոնայք,

Հայտնում ենք Ձեզ, որ ՀՀ ճանապարհային ոստիկանությունը սույն թվականի փետրվար ամսից սկսել է կիրառել տուգանքներ Հայաստանի Հանրապետությունում հաշվառված և ԱՊՊԱ պայմանագիր չունեցող ավտոտրանսպորտային միջոցների սեփականատերերի նկատմամբ՝ հիմք ընդունելով ԱՊՊԱ և ՃՈ տեղեկատվական-փնտրողական համակարգերի կողմից համադրված տվյալները: Այս գործընթացի արդյունքում տուգանքի են ենթարկվել մի շարք տրանսպորտային միջոցներ, որոնք թեև գրանցված են Ճանապարհային ոստիկանության տեղեկատվական-փնտրողական համակարգում, սակայն փաստացի չեն շահագործվում: Դրանց շարքին են դասվում նաև այն տրանսպորտային միջոցները, որոնց նկատմամբ գրավատների կողմից կիրառված է արգելանք:

Ուստի, Ճանապարհային ոստիկանության կողմից չշահագործվող մեքենաների սեփականատերերի նկատմամբ տուգանքների կիրառումից խուսափելու համար անհրաժեշտ է հնարավորություն ընձեռել գրավատան հաճախորդներին գրավատներում որպես գրավ առկա տրանսպորտային միջոցները սեղմ ժամկետներում ժամանակավորապես հաշվառումից հանելու:

Միևնույն ժամանակ նշենք, որ տրանսպորտային միջոցները հաշվառումից հանել կարող են և՛ գրավատները, և՛ տրանսպորտային միջոցների սեփականատերերը, ուստի գրավատներին անհրաժեշտ է իրականացնել հետևյալ երկու միջոցառումներից որևէ մեկը`

  1. տեղեկացնել իրենց հաճախորդներին, որ վերոնշյալ տուգանքներից խուսափելու նպատակով անհրաժեշտ է.
    1)ներկայանալ գրավատուն և ստանալ ավտոմեքենաների պետական հաշվառման համարանիշերը` անձամբ ՃՈ-ում հաշվառումից ժամանակավորապես հանելու նպատակով, կամ
    2)ներկայացնել գրավատանը իրենց վարկի ամբողջ ժամանակահատվածի համար գործող ԱՊՊԱ պայմանագիր
  2. Գրավատների կողմից տրանսպորտային միջոցները ժամանակավորապես հաշվառումից հանելու դեպքում դիմել ՃՈ՝ նախապես տեղեկացնելով այդ մասին հաճախորդներին:

Միաժամանակ տեղեկացնում ենք, որ այսուհետ գրավատուներից որպես գրավ տրանսպորտային միջոց ընդունելիս անհրաժեշտ է ՝

  • հաճախորդից պահանջել վարկի ամբողջ ժամանակահատվածի համար գործող ԱՊՊԱ պայմանագիր, կամ
  • հանձնել պետական հաշվառման համարանիշները հաճախորդին, որպեսզի վերջիններս իրենց տրանսպորտային միջոցները ժամանակավորապես հանեն հաշվառումից, կամ
  • հաճախորդի համաձայնությամբ տվյալ ավտոտրանսպորտային միջոցը ժամանակավորապես հաշվառումից հանել Ճանապարհային ոստիկանության ծառայությունում:

Հարգանքով՝

Ֆինանսական համակարգի վերահսկողության վարչության պետ՝ Հրանտ Սուվարյան

Կատարող՝ Նարեկ Խուբլարյան 
Կատարող՝ Թամարա Հաբեթյան