www.4friends.am Կայքի գործունեության վերաբերյալ

Ուղղված է՝ ՀՀ տարածքում գործող բոլոր բանկերին և վճարահաշվարկային կազմակերպություններին

Առարկան՝ www.4friends.am կայքի գործունեության վերաբերյալ

Հարգելի՛ պարոնայք,

Կենտրոնական բանկի կողմից կատարված ուսումնասիրությունների արդյունքում պարզվել է, որ www.4friends.am հասցեով կայքի (այսուհետ՝ Կայք) միջոցով առաջարկվում է ֆինանսական միջոցների հավաքագրում, որի հիմքում դրված է «փոխօգնության» սխեմայով մասնակիցների ներգրավումը: Այն իրենից ենթադրում է հետևյալը. անձը Կայքում ներկայացնում է որևէ նախագիծ, որը ֆինանսավորման կարիք ունի և ֆինանսավորումն ապահովելու նպատակով ներգրավում է 4 այլ մասնակիցների, ովքեր կվճարեն 10 ԱՄՆ դոլար և իրենց հերթին կներգրավեն ևս 4 մասնակցի: Կայքում առկա տեղեկատվությունը թույլ է տալիս եզրակացնել, որ մասնակիցներից ներգրավված միջոցները հիմնականում կուտակվում են սխեմայի վերևի անդամների մոտ: Վերը նկարագրվածը ներառում է բրգաձև սխեմաներին բնորոշ հատկանիշներ:

Իրականացված միջոցառումների արդյունքում պարզվել է, որ գումարների հավաքագրումը իրականացվում է նաեւ Հայաստանի Հանրապետությունում գործող մի շարք վճարային համակարգերի միջոցով, այդ թվում PayPal, Idram, ArCa, Avers, Visa, MasterCard, Diners Club, Web Money, Money Gram, Unistream, Intel Express, Anelik:  Վերջիններիս մասին Կայքում առկա են համապատասխան տարբերանշաններ եւ տեղեկություններ: 

Նշենք, որ Կայքը ակտիվորեն գովազդվում է հեռուստատեսությամբ, ունի համապատասխան էջեր սոցիալական կայքերում:

Այս պարագայում համակարգի մասնակիցները ենթարկվում են բրգաձեւ սխեմաներին բնորոշ ռիսկերին: Մասնավորապես՝ մասնակցությունը կարող է հանգեցնել ֆինանսական միջոցների կորստի, անձնական տվյալների անհարկի օգտագործման, ինչպես նաեւ մասնակիցների իրավունքները արդյունավետ պաշտպանելու բարդության:

Ելնելով սպառողների շահերի պաշտպանության անհրաժեշտությունից` հորդորում ենք ձեզ հնարավորության դեպքում զերծ մնալ նշված սխեմաներին ուղղված միջոցները ընդունելուց եւ փոխանցելուց, ինչպես նաեւ Ձեր հաճախորդներին տեղեկացնել նմանատիպ սխեմաներին մասնակցելուց բխող ռիսկերի մասին:

Շնորհակալություն համագործակցության համար:

Սպառողների շահերի պաշտպանության և ֆինանսական կրթման կենտրոնի ղեկավար՝ Արմենուհի Մկրտչյան

Սույն գրության հետ կապված հարցերով կարող եք դիմել 
Գրիգոր Աբաջյանին