Սպառողական կրեդիտների վաղաժամկետ մարման, կրեդիտավորման ընդհանուր ծախսի համամասնորեն նվազեցման և վարկերի տրամադրման մերժման ընթացակարգերի վերաբերյալ

Ուղղված է՝ 
ՀՀ տարածքում գործող բոլոր առևտրային բանկերին և 
Վարկային կազմակերպություններին

Առարկան՝ Սպառողական կրեդիտների վաղաժամկետ մարման, կրեդիտավորման ընդհանուր ծախսի համամասնորեն նվազեցման և վարկերի տրամադրման մերժման ընթացակարգերի վերաբերյալ

Հարգելի՛ տիկնայք և պարոնայք,

Կենտրոնական բանկը սպառողներից ստանում է բազմաթիվ բողոքներ՝ կապված սպառողական վարկերի վաղաժամկետ մարումների կատարման, կրեդիտավորման ընդհանուր ծախսի համամասնորեն նվազեցման, ինչպես նաեւ սպառողների կողմից վարկ ստանալու նպատակով ներկայացված գրավոր դիմումների մերժման ընթացակարգերի վերաբերյալ.

1.Վաղաժամկետ մարումներ

Սպառողների կողմից կատարվող վաղաժամկետ մարումները Բանկերի եւ վարկային կազմակերպությունների (այսուհետ՝ կազմակերպություններ) կողմից որոշ դեպքերում փոխանցվում են տարանցիկ հաշիվների (կամ վարկառուների համար բացված ընթացիկ հաշիվների), որտեղից համապատասխան վարկի (ինչպես նաև հաշվեգրված տոկոսագումարների) մարմանն են ուղղվում միայն մարման ժամանակացույցով սահմանված օրերին: Արդյունքում, ոտնահարելով վարկերը վաղաժամկետ մարելու սպառողների իրավունքը, կազմակերպությունները խուսափում են կրեդիտավորման ընդհանուր ծախսը համամասնորեն նվազեցնելուց: Որոշ դեպքերում սպառողներին չեն տրամադրվում նոր մարման գրաֆիկներ:

Հաշվի առնելով «Սպառողական կրեդիտավորման մասին» ՀՀ օրենքի 10-րդ հոդվածի պահանջները՝ անհրաժեշտ է սպառողների կողմից վաղաժամկետ վճարված գումարները հենց վճարման կատարման օրն ուղղել վարկերի մարմանը և համամասնորեն նվազեցնել կրեդիտավորման ընդհանուր ծախսը, եթե սպառողից այլ գրավոր հանձնարարական չի ստացվել: Իսկ Կենտրոնական բանկի խորհրդի 28.07.2009թ. թիվ 229-Ն որոշմամբ հաստատված «Բանկի և ավանդատուի, կրեդիտավորողի և սպառողի հաղորդակցման կարգը, պայմանները, ձևերը և նվազագույն պահանջները» կանոնակարգ 8/05-ի (այսուհետ՝ Կանոնակարգ 8/05) 21-րդ կետի համաձայն՝ անհրաժեշտ է նաև սպառողներին տրամադրել վարկի մարման նոր գրաֆիկներ, եթե վերջինս փոփոխվել է վարկի վաղաժամկետ մարման պատճառով:

2.Վարկերի մերժման ընթացակարգեր

Վարկ ստանալու նպատակով սպառողների կողմից ներկայացված գրավոր դիմումները մերժելիս Կազմակերպությունները այդ մասին գրավոր չեն հայտնում սպառողներին:

Հաշվի առնելով Կանոնակարգ 8/05-ի 7-րդ կետի պահանջները՝ անհրաժեշտ է ծառայությունից օգտվելու գրավոր դիմում ներկայացրած սպառողին ծառայություն մատուցելուց հրաժարվելու դեպքում գրավոր հայտնել այդ մասին` նշելով նաև մերժման հիմքերը:

Տեղեկացնում ենք, որ Կենտրոնական բանկը շարունակելու է հետևել վերոնշյալ խնդիրներին և խախտումներ հայտնաբերելու դեպքում կիրառելու է համապատասխան վերահսկողական միջոցառումներ:

Շնորհակալության համագործակցության համար:

Սպառողների շահերի պաշտպանության և ֆինանսական կրթման կենտրոնի ղեկավար՝ Արմենուհի Մկրտչյան

Սույն գրության հետ կապված հարցերով կարող եք դիմել 
Սյուզաննա Ալեքսանյանին