Բանկերի, վարկային կազմակերպությունների և ներդրումային ընկերությունների միասնական հաշվային պլանի և ՀՀ Կենտրոնական բանկ ներկայացվող հաշվետվությունների վերաբերյալ
Ուղղված է` ՀՀ տարածքում գործող բոլոր բանկերին, վարկային կազմակերպություններին, ներդրումային ընկերություններին
Առարկան` Բանկերի, վարկային կազմակերպությունների և ներդրումային ընկերությունների միասնական հաշվային պլանի և ՀՀ Կենտրոնական բանկ ներկայացվող հաշվետվությունների վերաբերյալ
Նոր հաշվային պլանի ներդրման հետ կապված ձեր կողմից բարձրացված հարցադրումների վերաբերյալ ներկայացնում ենք հետևյալ պարզաբանումները.
- Վարկերի, ավանդների և նմանատիպ այլ հոդվածները 2012 թվականի հունվարի 1-ից հետո ամորտիզացված արժեքով հաշվառման նպատակով հաշվարկվում է դրանց արդյունավետ տոկոսադրույքը` 2012 թվականի հունվարի 1-ի դրությամբ տվյալ հոդվածների անվանական արժեքի մնացորդները դիտելով որպես տրամադրման/ներգրավման սկզբնական գումար:
- Այն դեպքում, երբ տվյալ հոդվածի գծով 2012 թվականի հունվարի 1-ի դրությամբ առկա են հաշվեգրված, սակայն չվճարված տոկոսներ, ապա անհրաժեշտ է վերադառնալ մինչև տոկոսների վերջին վճարման պահը, երբ հաշվեգրված տոկոսների հաշիվը զրոյացվել է` դիտելով այդ պահի դրությամբ տվյալ հոդվածի անվանական արժեքի մնացորդը որպես տրամադրման/ներգրավման սկզբնական գումար, այնուհետ հիմք ընդունելով արդյունավետ տոկոսադրույքը վերահաշվարկել 2012 թվականի հունվարի 1-ի դրությամբ տվյալ ակտիվի/պարտավորության հաշվեկշռային մնացորդը ամորտիզացված արժեքով` տարբերությունը ճշգրտելով 2012 թվականի եկամուտներով կամ ծախսերով:
- Չվաստակած տոկոսային եկամուտներ հոդվածի մնացորդի չափով վերագրում է իրականացվում 2012 թվականի եկամուտներին, հաշվի առնելով այն հանգամանքը, որ այսուհետ չաշխատող ակտիվների գծով եկամուտների հաշվեգրումը չի դադարեցվելու, ինչի պատճառով նշված հոդվածը բացառվել է նոր հաշվային պլանից:
- 2012 թվականի հունվարի 1-ից հետո տոկոսների հաշվեգրումն իրականացվելու է հիմք ընդունելով արդյունավետ տոկոսադրույքը:
- Վարկերի և դեբիտորական պարտքերի հնարավոր կորուստների գծով պահուստավորումն իրականացվում է ակտիվների ամորտիզացված արժեքների` ներառյալ հաշվեգրված և չվճարված անվանական տոկոսների, ինչպես նաև դրանց գծով հաշվեգրված տույժերի և տուգանքների (առկայության դեպքում) նկատմամբ: Այն դեպքերում, երբ ակտիվների հաշվառումն իրականացվում է գծային մեթոդով, պահուստավորումն իրականացվում է անվանական արժեքի մնացորդի և հաշվեգրված և չվճարված անվանական տոկոսների, տույժերի և տուգանքների նկատմամբ: Պահուստավորման նույն սկզբունքը վերաբերվում է նաև ֆինանսական վարձակալությանը:
- Ռեպո համաձայնագրերով ձեռք բերված արժեթղթերը արտահաշվեկշռային հաշիվներում հաշվառվում են իրական արժեքով, ընդ որում տարբերությունը չի թղթակցում եկամուտների կամ ծախսերի հետ: Ռեպո համաձայնագրերով ձեռք բերված արժեթղթերի վաճառքի դեպքում ձևավորված ակտիվները և պարտավորությունները հաշվառվում են իրական արժեքով`տարբերությունները վերագրելով եկամուտներին կամ ծախսերին:
- Նոր հաշվային պլանի շրջանակներում անորոշ օգտակար ժամկետով ոչ նյութական ակտիվ դասակարգված ոչ նյութական ակտիվների գծով հաշվեկշռային արժեք է հանդիսանում 2012 թվականի հունվարի 1-ի դրությամբ ձևավորված մեծությունը, այնուհետ ամորտիզացիոն հատկացումները դրա գծով դադարեցվում են: Բոլոր հետագա չափումները դրանց գծով իրականացվում են ՀՀՄՍ 38-ի շրջանակներում:
- Այն դեպքում, երբ անկանխատեսելի դրամական հոսքեր ունեցող վարկային գծի շրջանակներում տրամադրված գումարը կարելի է տարանջատել առանձին` կանխատեսելի դրամական հոսքեր ունեցող մասերի, ապա այդ մասերը կարող են հաշվառվել ամորտիզացված արժեքով և արտացոլվել վարկերի համար նախատեսված հաշիվներում, հակառակ դեպքում, վերը նշված գումարների հաշվառումը, ինչպես նաև նրանց գծով տոկոսների հաշվեգրումը իրականացվում է վարկային գծերին հատկացված հոդվածներում` գծային եղանակով:
- Վարկային գծերի և օվերդրաֆտների սահմանաչափերը և չօգտագործված մասերի հաշվառումը հետհաշվեկշռում շարունակվում է իրականացվել գծային մեթոդով:
- Այն դեպքերում, երբ նախկինում կազմակերպության կողմից միջոցների ներգրավման կամ տրամադրման պահին տեղի է ունեցալ միանվագ վճար, որը կազմակերպության կողմից գործարքի պահին միանվագ չի ճանաչվել որպես եկամուտ կամ ծախս, այլ ամորտիզացվել է ներգրավված/տրամադրված միջոցի կյանքի ընթացքում, կազմակերպությունը պետք է հաշվարկի նշված գումարների հաշվեկշռային արժեքները սույն գրության 1-ին կամ 2-րդ կետերով նկարագրված պահի դրությամբ և ընդգրկի այն տվյալ միջոցի արդյունավետ տոկոսադրույքի հաշվարկում` նվազեցնելով նրա սկզբնական արժեքը:
- Այն դեպքերում, երբ կազմակերպությունը կանխավ ստանում է կամ վճարում է տոկոսներ, անհրաժեշտ է պարզել, արդյոք դրանց կանխավ վճարումը ազդում է ապագա դրամական հոսքերի վրա` նվազեցնելով դրանք: Դրական պատասխանի դեպքում նշված գումարները ընդգրկվում են արդյունավետ տոկոսադրույքի հաշվարկում նվազեցնելով ակտիվի կամ պարտավորության սկզբնական արժեքը, բացասական պատասխանի դեպքում` դրանք հանդիսանում են առանձին հոդվածներ և չեն մասնակցում տվյալ ակտիվի կամ պարտավորության արդյունավետ տոկոսադրույքի հաշվարկում:
- ՀՀ կենտրոնական բանկ ներկայացվող նորմատիվների վերաբերյալ հաշվետվություններում նորմատիվները հաշվարկելիս հիմք է ընդունվում հոդվածների ամորտիզացված արժեքները: Ձև թիվ 5-ը (ներդրումային ընկերությունների դեպքում` ձև թիվ 2-ը) ձևավորվում է արդյունավետ տոկոսադրույքի հիման վրա հաշվարկված եկամուտներով և ծախսերով (ամորտիզացված արժեքով հաշվառվող հոդվածների դեպքում): Մնացած հաշվետվությունները ներկայացվում են նույն եղանակով` հիմք ընդունելով հոդվածների անվանական արժեքները, բացառությամբ Ձև թիվ 6-ում (բացառությամբ ներդրումային ընկերությունների) ընդգրկված պահուստավորմանն, որը իրականացվելու է համաձայն սույն գրության 5-րդ կետի, ինչպես նաև նույն հաշվետվությունում ներկայացվելիք չաշխատող և հետհաշվեկշիռ դուրս գրված ակտիվների:
- Հաշվի առնելով առաջիկայում Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2007 թվականի փետրվարի 9-ի թիվ 39-Ն որոշմամբ հաստատված Բանկերի գործունեության կարգավորումը, բանկային գործունեության հիմնական տնտեսական նորմատիվները կանոնակարգ 2-ում նախատեսվող փոփոխությունները` առաջարկում ենք բարձր իրացվելի ակտիվների հաշվարկում ընդգրկել բոլոր տրամադրված օվերնայթները` անկախ ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ ԱՐՄԵՆԻԱ ԲԲԸ-ում վարկային ռեսուրսների հարթակում կնքված լինելու հանգամանքից:
- 2011 թվականի հաշվետու ժամանակաշրջանին վերաբերվող հաշվետվությունները ներկայացվում են հին ձևաչափով: 2012 թվականի հունվարի 1-ից հետո ընկած հաշվետու ժամանակաշրջանների համար ներկայացվող հաշվետվությունները կազմվում են նոր պահանջներին համապատասխան, բացառությամբ 2012 թվականի հունվարի 2-ից հունվարի 8-ը ընկած ժամանակահատվածի համար ներկայացվող հաշվետվությունների, որոնք կներկայացվեն հին ձևաչափով:
Հարգանքով`
Ֆինանսական համակարգի կարգավորման վարչության պետ` Անդրանիկ Գրիգորյան
Սույն գրության հետ կապված հարցերով կարող եք դիմել Ֆինանսական համակարգի կարգավորման վարչություն
Արմեն Ֆահրադյանին