Որակավորման քննություններին թեկնածուների հերթագրման ընթացակարգի վերաբերյալ
Հայաստանի Հանրապետության տարածքում գործող բանկերին
վարկային կազմակերպություններին
Հայաստանի ավտոապահովագրողների բյուրոյին
ապահովագրական և ապահովագրական բրոքերային ընկերություններին
ներդրումային ընկերություններին
դրամական փոխանցումներ իրականացնող ընկերություններին
փոխանակման կետերին
արժութային դիլեր-բրոքերներին
վճարահաշվարկային կազմակերպություններին
Արժեթղթերի կարգավորվող շուկայի օպերատորին
Կենտրոնական դեպոզիտարիային
Հարգելի՛ տիկնայք և պարոնայք,
Տեղեկացնում ենք, որ 2012 թվականի փետրվարի 7-ին ՀՀ կենտրոնական բանկի խորհրդի համապատասխան որոշումներով` (31-Ն, 32-Ն, 33-Ն, 34-Ն, 35-Ն, 36-Ն, 37-Ն 38-Ն) փոփոխություններ են կատարվել գործող կանոնակարգերում` որակավորման քննություններին թեկնածուների հերթագրման ընթացակարգի վերաբերյալ: Մասնավորապես` ՀՀ կենտրոնական բանկում իրականացվող բոլոր տեսակի որակավորման քննություններին հերթագրումը պետք է իրականացվի միայն Կենտրոնական բանկի լիցենզավորման ենթակայքէջի` file.cba.am-ի միջոցով, բացառելով` հեռախոսով, էլեկտրոնային փոստով կամ գրավոր ձևով ուղարկված դիմումով որակավորման քննություններին հերթագրման կարգը:
Այս ընթացակարգը նպատակաուղղված է որակավորման քննություններին թեկնածուների հերթագրման կարգը պարզեցնելուն և ավելի արդյունավետ դարձնելուն: Մասնավորապես` ինտերնետի միջոցով հերթագրման տարբերակի առավելություններից է այն, որ թեկնածուները որակավորման քննություններին կարող են հերթագրվել շաբաթվա ցանկացած օր և ցանկացած ժամին: Միաժամանակ նրանց հասանելի է քննությունների անցկացման օրերի մասին տեղեկատվությունը, որն ունենալով իրենք ինքնուրույնաբար կարող են ընտրել քննության իրենց հարմար օրը: Թեկնածուն հերթագրվելու համար պարզապես պետք է մուտք գործի Կենտրոնական բանկի վերը նշված ենթակայքէջ, ենթակայքէջում տեղադրված ժամանակցույցում ընտրի նարնջագույն գույնով նշված որակավորման քննությունների օրերից մեկը, այնուհետև գրանցվի` մուտքագրելով իր վերաբերյալ անձնական տեղեկություններ: Հերթագրումից անմիջապես հետո թեկնածուն կստանա գրանցման հավաստում:
Նախատեսվում է վերոնշյալ փոփոխություններն ուժի մեջ դնել 2012 թվականի ապրիլի 1-ից: Հետևաբար դրանք սահուն ներդնելու նպատակով Կենտրոնական բանկի համապատասխան մասնագետները ապրիլի 1-ից սկսած որոշակի ժամանակահատվածի` 3 ամսվա ընթացքում կօժանդակեն այն թեկնածուներին, ովքեր դժվարություններ կունենան վերոնշյալ ենթակայքէջի միջոցով որակավորման քննություններին հերթագրվելու համար:
Տեղեկացնում ենք նաև, որ այդ ժամկետը լրանալուց հետո` սույն թվականի հուլիսի 1-ից բոլոր թեկնածուները որակավորման քննություններին արդեն պարտավոր կլինեն հերթագրվել ինքնուրույնաբար` Կենտրոնական բանկի ինտերնետային կայքի համապատասխան էջում տվյալներ մուտքագրելով:
Հարգանքով`
Իրավաբանական վարչության պետ` Վարուժան Ավետիքյան
Սույն գրության վերաբերյալ լրացուցիչ պարզաբանումներ ստանալու համար կարող եք դիմել ՀՀ կենտրոնական բանկի Իրավաբանական վարչության Լիցենզավորման ու գրանցման առաջին բաժնի թեստավորման ծառայության աշխատակից
Դիանա Խաչատուրյանին