Ապահովագրական ընկերությունների գործունեության վերաբերյալ

Ուղղված է` ՀՀ տարածքում գործող ապահովագրական ընկերություններին

Հարգելի՛ գործընկերներ,

Սույն թվականի մարտ ամսին ՀՀ տարածքում գործող ապահովագրական ընկերություններում՝ ԱՊՊԱ տեղեկատվական համակարգ տեղեկությունների տրամադրման գործընթացի ուսումնասիրման նպատակով իրականացված ստուգումների արդյունքում բացահայտվել է, որ ապահովագրական ընկերությունների կողմից ՀՀ կենտրոնական բանկ (ինչպես նաև ԱՊՊԱ տեղեկատվական համակարգ) ԱՊՊԱ վերաբերյալ ներկայացվող տեղեկատվության մասով առկա են մի շարք անհամապատասխանություններ և տարընկալումներ:

Հաշվի առնելով վերոնշյալը, ինչպես նաև հիմք ընդունելով ՀՀ կենտրոնական բանկի խորհրդի կողմից հաստատված «Ավտոտրանսպորտային միջոցների օգտագործումից բխող պատասխանատվության պարտադիր ապահովագրության տեղեկատվական համակարգ ներկայացվող տվյալների կազմը, ներկայացման ձևը, ժամկետները և տեղեկատվական համակարգի օգտագործման կարգի» դրույթները, ինչպես նաև 15/07/2011թ. այդ կապակցությամբ ՀՀ կենտրոնական բանկի Ֆինանսական համակարգի կայունության և զարգացման վարչության կողմից Ձեզ ուղարկված շրջաբերական գրությունը՝ հարկ ենք համարում կատարել հետևյալ պարզաբանումները.

ԱՊՊԱ պատահարի ծանուցման մասին ՀՀ կենտրոնական բանկ (ինչպես նաև ԱՊՊԱ տեղեկատվական համակարգ) անհրաժեշտ է ներկայացնել տեղեկատվություն այն դեպքում, երբ ԱՊՊԱ պատահարի վերաբերյալ ստացվել է զանգ` անկախ նախնական մեղավորության փաստից:

  • Եթե պատահարի գծով միևնույն մասնակցից ստացվել է մի քանի զանգ, ապա անհրաժեշտ է այդ բոլոր զանգերը միասին դիտարկել որպես մեկ զանգ (մեկ ծանուցում):
  • Եթե նույն հաճախորդի գծով միևնույն ապահովագրական ընկերությունում բացի ԱՊՊԱ դասով պայմանագրից առկա է նաև այլ դասով գործող պայմանագիր, և զանգը ստացվել է ԱՊՊԱ դասի գծով, ապա անկախ այն փաստից՝ հետագայում կպարզվի, որ պատահարը վերաբերում է այլ դասով ապահովագրությանը՝ անհրաժեշտ է ներկայացնել տեղեկատվություն ԱՊՊԱ ծանուցման տեսքով:
  • Եթե պատահարի մասնակից մեկից ավելի կողմերը նույն ապահովագրական ընկերության հաճախորդներ են, ապա յուրաքանչյուրի գծով տեղեկացումները (զանգերը) անհրաժեշտ է դիտարկել միմյանցից առանձին, և ՀՀ կենտրոնական բանկ (ինչպես նաև ԱՊՊԱ տեղեկատվական համակարգ) ներկայացնել, համապատասխանաբար, մեկից ավելի ծանուցումներ:

ԱՊՊԱ պատահարի վերաբերյալ ՀՀ կենտրոնական բանկ (այդ թվում` ԱՊՊԱ տեղեկատվական համակարգ) անհրաժեշտ է ներկայացնել տեղեկատվություն այն դեպքում, երբ առկա է տուժող կողմի դիմումը հատուցման վերաբերյալ՝ համաձայն «Հայաստանի ավտոապահովագրողների բյուրո» ԻԱՄ կողմից հաստատված RL1-017 «ԱՊՊԱ ոլորտում ապահովագրական ընկերությունների կողմից ապահովագրական հատուցումների վճարման» կանոնների: Եթե նույն ապահովագրական ընկերությունում մեկ պատահարի գծով առկա են մի քանի դիմումներ տարբեր անձանց կողմից, ապա անհրաժեշտ է տեղեկատվություն ներկայացնել՝ խմբավորելով բոլոր դիմումները որպես մեկ պատահար: Ի դեպ՝ ԱՊՊԱ պատահարների վերաբերյալ տեղեկատվություն անհրաժեշտ է ներկայացնել անկախ այն փաստից, թե պատահարի գծով հետագա հատուցման որոշումը լինելու է դրական կամ բացասական:

ԱՊՊԱ հատուցումների վերաբերյալ ՀՀ կենտրոնական բանկ (ինչպես նաև ԱՊՊԱ տեղեկատվական համակարգ) անհրաժեշտ է տեղեկատվություն ներկայացնել, երբ առկա է հատուցման վերաբերյալ դրական որոշումը՝ անկախ փաստացի վճարման իրականացման փաստից: Միևնույն ժամանակ, հարկ ենք համարում նշել, որ եթե մեկ ԱՊՊԱ պատահարի գծով առկա են մի քանի հատուցման որոշումներ, ապա ՀՀ կենտրոնական բանկ (ինչպես նաև ԱՊՊԱ տեղեկատվական համակարգ) անհրաժեշտ է տեղեկատվություն ներկայացնել  մի քանի հատուցումներ:

Հաշվի առնելով վերոնշյալը՝ Ձեզ անհրաժեշտ է, այսուհետ,  ՀՀ կենտրոնական բանկի Ֆինանսական վերահսկողության վարչություն (շաբաթական հաշվետվություն) և ԱՊՊԱ տեղեկատվական համակարգ տեղեկատվություն տրամադրելիս առաջնորդվել վերը նկարագրված սկզբունքներով և մեթոդաբանությամբ:

Միևնույն ժամանակ, անհրաժեշտության դեպքում, պատրաստակամ ենք ՀՀ կենտրոնական բանկում կազմակերպել միասնական հանդիպում վերոնշյալ դրույթների լրացուցիչ պարզաբանման կապակցությամբ:

Հարգանքով`

Ֆինանսական համակարգի կայունության և զարգացման վարչության պետ` Վահե Վարդանյան