Արտարժութային ռիսկով պայմանավորված վարկային ռիսկի վերաբերյալ

Ուղղված է՝ ՀՀ տարածքում գործող բոլոր առևտրային բանկերին

Առարկան՝ Արտարժութային ռիսկով պայմանավորված վարկային ռիսկի վերաբերյալ

Հարգելի՛ տիկնայք և պարոնայք,

Վարկային ռիսկի կառավարման գործընթացում կարևոր է հաշվի առնել արտարժութային ռիսկով պայմանավորված վարկային ռիսկը (currency-induced credit risk), որն առկա է բոլոր այն դեպքերում, երբ վարկառուի եկամուտների (կանխիկ հոսքերի) արժույթը տարբերվում է նրան տրամադրված վարկի արժույթից: Այս դեպքում արտարժույթի փոխարժեքի էական (հատկապես` անսպասելի) տատանումները կարող են անցանկալի արդյունքի բերել և հանգեցնել բանկերի վարկային պորտֆելի որակի վատթարացմանը:

Արտարժութային ռիսկով պայմանավորված վարկային ռիսկի կառավարման պահանջները սահմանված են, օրինակ, Բանկային վերահսկողության Բազելյան կոմիտեի կողմից 2000թ. հրապարակված «Վարկային ռիսկի կառավարման սկզբունքները» փաստաթղթում[1]: Այս ռիսկի կառավարման անհրաժեշտությունը բխում է նաև միջազգային լավագույն փորձից: Նշված ռիսկի արդյունավետ կառավարումը պահանջում է 2 տարրերի առկայություն, այն է`

  • այդ ռիսկի բացահայտում, չափում և մշտական մոնիթորինգ,
  • կապիտալի բավարար չափի ապահովում վարկային ռիսկի (այդ թվում` արտարժութային ռիսկից բխող) գծով առաջացող հնարավոր կորուստները ծածկելու համար:

Արտարժութային ռիսկերի կառավարման նվազագույն պահանջները սահմանված են ՀՀ ԿԲ խորհրդի 2008 թվականի մարտի 11-ի թիվ 71-Ն որոշմամբ հաստատված «Բանկերի ներքին հսկողության իրականացման նվազագույն պայմաններով»: Համաձայն «Արտարժութային ռիսկի կառավարումը» 8-րդ գլխի`բանկերը պետք է ներդնեն արտարժութային ռիսկի չափման համակարգեր, որը նրանց հնարավորություն կտա գնահատելու արտարժութային ռիսկի առաջացման բոլոր հիմնական աղբյուրները և արտարժույթի փոխարժեքի տատանումների ազդեցությունը բանկի կողմից իրականացվող գործառնությունների, ինչպես նաև բանկի գործունեության արդյունքների վրա: Բացի այդ, բանկերը պարտավոր են ունենալ նոր գործիքների ներդրման կամ նոր գործառնությունների իրականացման հետ կապված արտարժութային ռիսկի բացահայտման և այդ ռիսկը կառավարելու համար նախապես ներդրված գործընթացներ և, որ ամենակարևորն է, արտարժութային ռիսկը մոնիթորինգի ենթարկելու համապատասխան տեղեկատվական համակարգեր:

Այսպիսով, 71-Ն որոշմամբ սահմանված վերոնշյալ դրույթները պահանջում են, որ բանկերը կառավարեն իրենց արտարժութային ռիսկերը, այդ թվում` արտարժութային ռիսկով պայմանավորված վարկային ռիսկը: Նշված ռիսկերի արդյունավետ կառավարումը առաջին հերթին ենթադրում է վարկառուների վերաբերյալ համապատասխան տեղեկատվության հավաքագրում և պարբերական թարմացում, որը հնարավորություն կտա բանկին գնահատել վարկառուների ռիսկայնությունը և նրանց չհեջավորված արժութային դիրքերը (unmatched position): Այս տեղեկատվությունն օգտակար կլինի նշված ռիսկերն արդյունավետ կառավարելու և գործադիր մարմնի և խորհրդի կողմից համապատասխան և ժամանակին որոշումներ կայացնելու համար:

Կենտրոնական բանկն առաջարկում է բանկերին հավաքագրել առնվազն հետևյալ տեղեկատվությունն իրենց 10 այն ամենախոշոր վարկառուների վերաբերյալ, որոնց համար առկա է վերոնշյալ արտարժութային ռիսկով պայմանավորված վարկային ռիսկը.

  • Վարկառուի գործունեության համառոտ նկարագրություն, այդ թվում`  եկամուտների ստացման առաջնային և երկրորդային աղբյուրները, միջազգային գործունեության (արտահանում, ներմուծում, օտարերկրյա մասնաճյուղ) նկարագրությունը, առանձին արժույթներով ստացվող եկամուտների տեսակարար կշիռն ընդհանուր եկամտի մեջ (վերջին 3 ամսվա միջին հաշվարկով)  (առկայության դեպքում)
  • Այլ վարկատու կազմակերպություններից ստացված վարկերի մնացորդները և արժույթը, պայմանագրով սահմանված մարման ժամկետները (առանձին տողերով)
  • Վերջին երեք ամիսների ընթացքում և ապագա(կանխատեսվող) 3 ամիսների ընթացքում (ըստ ամիսների)`
  • վարկառուի ստացած (ստացվող) զուտ եկամտի (իրավաբանական անձանց համար` եկամուտ մինչև տոկոսների վճարումը և հարկումը (EBIT)) և տվյալ բանկի կողմից տվյալ վարկառուին տրված բոլոր վարկերի գծով ամսեկան վճարման համախառն գումարի (մայր գումար, տոկոս, տույժ, սպասարկման վճարներ, այլ վճարներ) հարաբերակցությունը(%), հնարավորության դեպքում նշված գործակիցները հաշվարկել ըստ առանձին արժույթների,
  • վարկառուի ստացած (ստացվող) զուտ եկամտի (իրավաբանական անձանց համար` եկամուտ մինչև տոկոսների վճարումը (EBIT)) և տվյալ բանկի ու այլ վարկատուների կողմից ստացված բոլոր վարկերի գծով ամսեկան վճարման համախառն գումարի (մայր գումար, տոկոս, տույժ, սպասարկման վճարներ, այլ վճարներ) հարաբերակցությունը(%), հնարավորության դեպքում նշված գործակիցները հաշվարկել ըստ առանձին արժույթների,
  • վարկառուի առաջնային աղբյուրներից ստացված (ստացվող) կանխիկի[1] զուտ ներհոսքի (առանց վարկերի գծով վճարումը նվազեցնելու) և տվյալ բանկի կողմից տրված բոլոր վարկերի գծով ամսեկան վճարման համախառն գումարի (մայր գումար, տոկոս, տույժ, սպասարկման վճարներ, այլ վճարներ) հարաբերակցությունը(%),
  • վարկառուի առաջնային աղբյուրներից ստացված (ստացվող) կանխիկի զուտ ներհոսքի (առանց վարկերի գծով վճարումը նվազեցնելու) և տվյալ բանկի ու այլ վարկատուների կողմից ստացված բոլոր վարկերի գծով ամսեկան վճարման համախառն գումարի (մայր գումար, տոկոս, տույժ, սպասարկման վճարներ, այլ վճարներ) հարաբերակցությունը(%),
  • տվյալ արժույթով վարկառուի առաջնային աղբյուրներից ստացված (ստացվող) կանխիկի զուտ ներհոսքի (առանց վարկերի գծով վճարումը նվազեցնելու) և տվյալ բանկի կողմից տրված տվյալ արժույթով բոլոր վարկերի գծով ամսեկան վճարման գումարի հարաբերակցությունը(%),
  • տվյալ արժույթով վարկառուի առաջնային աղբյուրներից ստացված (ստացվող) կանխիկի զուտ ներհոսքի (առանց վարկերի գծով վճարումը նվազեցնելու) և տվյալ բանկի ու այլ վարկատուների կողմից տվյալ արժույթով ստացված բոլոր վարկերի գծով ամսեկան վճարման գումարի հարաբերակցությունը(%),
  • Փաստաթղթերով հիմնավորված այլ տեղեկատվություն, որը բանկի կարծիքով կարող է էական նշանակություն ունենալ վարկառուի արտարժութային ռիսկով պայմանավորված վարկային ռիսկի գնահատման համար:

Հայտնում ենք նաև, որ Կենտրոնական բանկը հետևողական է լինելու բանկերի կողմից արտարժութային ռիսկից բխող վարկային ռիսկի կառավարման պատշաճ համակարգերի ներդրման (բարելավման) գործընթացին և մոտ ապագայում նախատեսում է սահմանել համապատասխան հաշվետվական ձև սույն շրջաբերականում նշված տեղեկատվությունը Կենտրոնական բանկ ներկայացնելու վերաբերյալ:

Կից ներկայացնում ենք արտարժութային ռիսկից բխող վարկային ռիսկի կառավարման համակարգի ներդրման որոշ ուղեցուցային դրույթներ, որոնցով կարող են առաջնորդվել բանկերը: Այս ուղեցուցային դրույթները Կենտրոնական բանկը հետագայում նախատեսում է սահմանել նաև 71 Ն որոշմամբ:

[1] Ինչպես սահմանված է IAS 7-ում, այսինքն դրամարկղում առկա դրամական միջոցներ և ցպահանջ ավանդներ (բանկային հաշիվներ):

[1] BCBS “Principles for the Management of Credit Risk”, September 2000

Հարգանքով`

Ֆինանսական համակարգի կարգավորման վարչության պետ` Անդրանիկ Գրիգորյան 

Սույն գրության հետ կապված հարցերով կարող եք դիմել Ֆինանսական համակարգի կարգավորման վարչություն
Դավիթ Բաբասյանին