Բանկերի և վարկային կազմակերպությունների նորմատիվների, հաշվային պլանի և ՀՀ Կենտրոնական բանկ ներկայացվող հաշվետվությունների վերաբերյալ

Ուղղված է` ՀՀ տարածքում գործող առևտրային բանկերին և վարկային կազմակերպություններին

Առարկան` Բանկերի և վարկային կազմակերպությունների նորմատիվների, հաշվային պլանի և ՀՀ Կենտրոնական բանկ ներկայացվող հաշվետվությունների վերաբերյալ

Հարգելի՛ տիկնայք և պարոնայք,

Ձեր կողմից բարձրացված մի շարք հարցադրումների վերաբերյալ ներկայացնում ենք հետևյալ պարզաբանումները.

  1. Ածանցյալ գործիքների գծով ստացվելիք կամ վճարվելիք տոկոսները առանց զուտացման պետք է գրանցել ածանցյալ գործիքների համար Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2011 թվականի նոյեմբերի 30-ի թիվ 322 Ն որոշմամբ հաստատված «Հայաստանի Հանրապետության տարածքում գործող բանկերի, վարկային կազմակերպությունների, ներդրումային ընկերությունների, ներդրումային ֆոնդերի և ներդրումային ֆոնդերի կառավարիչների հաշվապահական հաշվառման հաշվային պլանով» նախատեսված հետհաշվեկշռային հաշիվներում:
  2. Պետական կառավարչական մարմիններին (այդ թվում` ԼՂՀ պետական կառավարչական մարմիններին) տրված վարկերը և փոխառությունները պետք է հաշվառել հաշվային պլանի 1610՝ «Հիմնարկներին տրված վարկեր և փոխառություններ» 1-ին կարգի հաշվում:
  3. Ամորտիզացված արժեքով հաշվառվող ակտիվների (պարտավորությունների) գծով կանխավճարված տոկոսագումարների չափով պետք է ճշգրտել ակտիվների (պարտավորությունների) ամորտիզացված արժեքները:
  4. Կանոնակարգ 2-ով սահմանված արտարժույթի տնօրինման նորմատիվի և կապիտալի համարժեքության նորմատիվի արտարժութային ռիսկի հաշվարկում ածանցյալ գործիքները մասնակցում են միայն վերջիններիս գծով հետհաշվեկշռում գրանցված գումարների և հաշվեկշռում հաշվեգրված տույժերի և տուգանքների չափով:
  5. Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2008 թվականի փետրվարի 26-ի թիվ 50-Ն որոշմամբ հաստատված «Բանկերի հաշվետվությունները, դրանց ներկայացումը և հրապարակումը» կանոնակարգ 3-ի (այսուհետ` Կանոնակարգ 3) Ձև թիվ 1 և Ձև թիվ 2 հաշվետվություններում և Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2005 թվականի մարտի 3-ի թիվ 93-Ն որոշմամբ հաստատված «Վարկային կազմակերպությունների հաշվետվությունները, դրանց ներկայացումը և հրապարակումը» կանոնակարգ 15-ի (այսուհետ` Կանոնակարգ 15) Ձև թիվ 1 հաշվետվության 12, 13, 14 բաժիններում հաշվառվող ֆակտորինգ գործիքի գծով ձևավորված պահուստները հաշվառվում են նշված բաժինների համար նախատեսված պահուստների հաշիվներում:
  6. Այն դեպքում, երբ հաշվետու բանկը «ԱՐՔԱ» վճարային համակարգի նախորդ հաշվարկային փուլի համար դեպոնացված միջոցների ճշգրտում է կատարել հաշվետու ժամանակաշրջանին հաջորդող աշխատանքային օրվա մինչև ժամը 9.50-ը, ապա տվյալ հաշվետու ժամանակաշրջանի համար ներկայացվող Ձև թիվ 1 և Ձև թիվ 2 հաշվետվություններում «Դեպոնացված միջոցներ կենտրոնական բանկում» հոդվածը պետք է ներկայացվի ճշգրտված տարբերակով:
  7. Ավանդային պայմանագրերի խզման ժամանակ պայմանագրով նախատեսված և հաշվեգրված, բայց փաստացի չվճարվող տոկոսագումարները պետք է ճշգրտել ընթացիկ ժամանակաշրջանի տույժերից և տուգանքներից ստացված եկամուտների հաշվի միջոցով:
  8. Այն դեպքում, երբ հաշվետու սուբյեկտի մոտ առաջացել է անհրաժեշտություն ճշգրտելու կուտակային եղանակով ներկայացվող եկամուտների և ծախսերի վերաբերյալ հաշվետվությունը, ապա ճշգրտվում և Կենտրոնական բանկ են ներկայացվում ոչ ճշգրիտ լրացված հաշվետու ժամանակաշրջանի և դրան հաջորդող բոլոր ժամանակաշրջանների հաշվետվությունները: 
  9. Թղթակցային հաշվի մաս հանդիսացող, բայց հաշվեկշռում առանձին բացահայտվող դեպոնացված միջոցները, ինչպես նաև թանկարժեք մետաղներով թղթակցային հաշիվները Կանոնակարգ 3-ի Ձև թիվ 6 և Ձև թիվ 16 հաշվետվություններում ներկայացվում են բանկի թղթակցային հաշիվների համար տվյալ հաշվետվություններով նախատեսված կարգով:
  10. Կանոնակարգ 3-ի Ձև թիվ 16 հաշվետվության վերաբերյալ հայտնում ենք, որ
  • ՀՀ կենտրոնական բանկի հետ իրականացված, ինչպես նաև «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ ԱՐՄԵՆԻԱ» ԲԲԸ-ի վարկային ռեսուրսների հարթակում կնքված գործարքները հաշվետվությունում չեն ներկայացվում,
  • «Վարկանիշ» սյունակի լրացման համար հաշվետվական ձևում նախատեսվել են նաև կարճաժամկետ վարկանիշների տարբերակները,
  • ածանցյալ գործիքները հաշվետվությունում ներկայացվում են և հաշվեկշռային, և հետհաշվեկշռային մնացորդներով,
  • «Պահանջի/պարտավորության բնույթ» սյունակում ֆորվարդ, ֆյուչերս և օպցիոն ածանցյալ գործիքների հիմքում ընկած ապագայում ստացվելիք միջոցների ներկայացման համար լրացվում է «Պայմանական ակտիվ» տարբերակը, իսկ գործիքների հիմքում ընկած ապագայում տրամադրվող միջոցների ներկայացման համար լրացվում է «Պայմանական պարտավորություն» տարբերակը:
  • Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 1999 թվականի ապրիլի 23-ի թիվ 63 որոշմամբ հավանության արժանացած «Հայաստանի Հանրապետության տարածքում գործող բանկերի վարկերի ու դեբիտորական պարտքերի դասակարգման և հնարավոր կորուստների պահուստների ձևավորման կարգի» համաձայն անհուսալի դասակարգված պահանջները հաշվետվությունում չեն ներկայացվում,
  • հետհաշվեկշռում գրանցված ռեպո համաձայնագրով ձեռք բերված արժեթղթերը` որպես հետհաշվեկշռային պահանջ, հաշվետվությունում արտացոլվում են այն դեպքում, երբ դրանք հանդիսանում են այլ բանկի կողմից թողարկված արժեթղթեր, ընդ որում հաշվետվության մյուս սյունակներում լրացվող տեղեկատվությունը պետք է լինի տվյալ բանկի վերաբերյալ:

Կանոնակարգ 3-ի (կանոնակարգ 15-ի) Ձև թիվ 17 հաշվետվության 3-րդ և 4-րդ էջերում տնտեսության իրական հատվածի հետ հաշվետու ժամանակահատվածում կնքվող նոր գործարքների պայմանագրային գումարների ներկայացման համար նախատեսված աղյուսակներում ցպահանջ միջոցները չեն ընդգրկվում:

Հարգանքով`

Ֆինանսական համակարգի կարգավորման վարչության պետ` Մհեր Աբրահամյան

Սույն գրության հետ կապված հարցերով կարող եք դիմել Ֆինանսական համակարգի կարգավորման վարչության
Բանկային համակարգի կարգավորման բաժին Աննա Թորոսյանին