ՀՀ Քաղաքացիական օրենսգրքի՝ 251-րդ հոդվածի 3-րդ, 4-րդ և 5-րդ մասերի դրույթների վերաբերյալ
Ուղղված է` ՀՀ տարածքում գործող բանկերին, ՀՀ տարածքում գործող վարկային կազմակերպություններին, Հայաստանի բանկերի միության գործադիր տնօրեն Սեյրան Սարգսյանին
Հարգելի՛ տիկնայք և պարոնայք,
ՀՀ Կենտրոնական բանկը մի շարք բանկերից ստացել է բանավոր և գրավոր հարցումներ, որոնցով խնդրվում է պարզաբանել, թե արդյո՞ք ՀՀ քաղաքացիական օրենսգրքի՝ 251-րդ հոդվածի 3-րդ, 4-րդ և 5-րդ մասերի դրույթները տարածվում են միայն արտադատական կարգով գրավի առարկայի բռնագանձման, թե՞ նաև դատական կարգով բռնագանձման այն դեպքերի վրա, երբ գրավի առարկան ԴԱՀԿ ծառայության կողմից կազմակերպած հրապարակային սակարկությունների արդյունքում ձեռք է բերվում բանկի կամ վարկային կազմակերպության կողմից:
Գտնում ենք, որ վերոհիշյալ հոդվածը հստակ է և որևէ երկիմաստություններ, ինչպես նաև հակասություններ չի պարունակում, ուստի այն պաշտոնապես պարզաբանելու համար օրենքով նախատեսված հիմքեր չկան: Այդուհանդերձ, հաշվի առնելով հիշյալ հոդվածի վերաբերյալ ՀՀ կենտրոնական բանկի դիրքորոշումը ստանալու վերաբերյալ բազմաթիվ դիմումների առկայությունը՝ հայտնում ենք, որ ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 251-րդ հոդվածի 3-րդ, 4-րդ և 5-րդ մասերի դրույթները կիրառելի են միայն արտադատական կարգով գրավի առարկայի բռնագանձման դեպքերում (2011թ. հունիսի 23-ին ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 251-րդ հոդվածում կատարված այդ փոփոխությունները նպատակ են հետապնդել վերացնել գրավի առարկա գույքի բռնագանձման հենց արտադատական եղանակի կիրառման հետ կապված խոչընդոտները):
Ինչ վերաբերում է դատական կարգով գրավի առարկայի բռնագանձման այն դեպքերին, երբ գրավի առարկան վաճառվում է բանկին կամ վարկային կազմակերպությանը, ապա այս դեպքում բանկը կամ վարկային կազմակերպությունը հանդես է գալիս որպես հասարակ գնորդ, որը ձեռք բերված գույքի արժեքը պետք է վճարի «Հրապարակային սակարկությունների մասինե ՀՀ օրենքով սահմանված կարգով և ժամկետում:
Միևնույն ժամանակ հարկ ենք համարում նշել, որ սույն փաստաթղթում նշված դիրքորոշումը հանդիսանում է ՀՀ կենտրոնական բանկի կարծիքը, և ՀՀ կենտրոնական բանկը պատասխանատվություն չի կրում դրա հիման վրա կայացված ցանկացած որոշման կամ գործողության համար: Սույն դիրքորոշումը չի կարող վկայակոչվել բանկերի կամ վարկային կազմակերպությունների և դրանց հաճախորդների միջև վեճերի կարգավորման կամ լուծման գործընթացներում:
Իրավաբանական վարչության պետ՝ Վարուժան Ավետիքյան