Բանկերի կողմից ՀՀ Կենտրոնական բանկ ներկայացվող հաշվետվությունների վերաբերյալ
Ուղղված է՝ ՀՀ տարածքում գործող առևտրային բանկերին
Առարկան՝ Բանկերի կողմից ՀՀ Կենտրոնական բանկ ներկայացվող հաշվետվությունների վերաբերյալ
Ձեր կողմից բարձրացված մի շարք հարցադրումների վերաբերյալ ներկայացնում ենք հետևյալ պարզաբանումները.
- Ռեպո համաձայնագրերի գծով ձևավորված հնարավոր կորուստների պահուստները արտացոլվում են Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2011 թվականի նոյեմբերի 30-ի թիվ 322-Ն որոշմամբ հաստատված «Հայաստանի Հանրապետության տարածքում գործող բանկերի, վարկային կազմակերպությունների, ներդրումային ընկերությունների, ներդրումային ֆոնդերի և ներդրումային ֆոնդերի կառավարիչների հաշվապահական հաշվառման հաշվային պլանով» նախատեսված 19400 «Դեբիտորական պարտքերի և այլ ակտիվների հնարավոր կորուստների պահուստ» երկրորդ կարգի հաշվում:
- Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2008 թվականի փետրվարի 26-ի թիվ 50-Ն որոշմամբ հաստատված «Բանկերի հաշվետվությունները, դրանց ներկայացումը և հրապարակումը» կանոնակարգ 3-ի (այսուհետ՝ Կանոնակարգ 3) Ձև թիվ 24 հաշվետվության 12-րդ սյունակում գումարները լրացվում են ստորակետից հետո 2 նիշի ճշտությամբ:
- Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2003 թվականի նոյեմբերի 11-ի թիվ 385-Ն որոշմամբ հաստատված «Հայաստանի Հանրապետության տարածքում գործող բանկերի հեռանկարային զարգացման ծրագրի ձևը» հավելվածի համաձայն՝ ՀՀ կենտրոնական բանկ ներկայացվող հաշվետվությունների վերաբերյալ հայտնում ենք, որ
ա. կանխատեսվող հաշվեկշռում ակտիվների գծով տոկոսները, տույժերը և տուգանքները պետք է լրացնել այդ ակտիվների լրացման համար նախատեսված տողերում, ներառյալ՝ գծային եղանակով հաշվառվող ակտիվների գծով հաշվեգրված տոկոսները, տույժերը և տուգանքները:
բ. «Վարկերի դիմաց հաշվարկված պահուստների չափը» աղյուսակում լրացվում է նաև թղթակցային հաշիվների քանակը, գումարները և դրանց գծով ձևավորվող հնարավոր կորուստների պահուստը:
Հարգանքով`
Ֆինանսական համակարգի կարգավորման վարչության պետ` Մհեր Աբրահամյան
Սույն գրության հետ կապված հարցերով կարող եք դիմել Ֆինանսական համակարգի կարգավորման վարչության Բանկային համակարգի կարգավորման բաժին Աննա Թորոսյանին