ԱՊՊԱ շրջանակներում ապահովագրական պատահարներն ապահովագրական ճանաչելու վերաբերյալ
Ուղղված է` ՀՀ տարածքում գործող բոլոր ապահովագրական ընկերություններին
Առարկան՝ ԱՊՊԱ շրջանակներում ապահովագրական պատահարներն ապահովագրական ճանաչելու վերաբերյալ
Հարգելի՛ տիկնայք և պարոնայք,
Վերջերս ՀՀ Կենտրոնական բանկ տեղեկատվություններ են ստացվել, որ առանձին դեպքերում ապահովագրական ընկերությունները հրաժարվում են ԱՊՊԱ շրջանակներում տեղի ունեցած պատահարը համարել ապահովագրական (վճարել ապահովագրական հատուցում կամ մերժել այն), եթե պարզվում է, որ տրանսպորտային միջոցի սեփականատերը ԱՊՊԱ պայմանագիր կամ համապատասխան կտրոն ձեռք է բերել ավելի շուտ, քան այդ պայմանագրի վերաբերյալ տեղեկատվությունը մուտքագրվել է ՀՀ կենտրոնական բանկի կողմից վարվող ԱՊՊԱ տեղեկատվական համակարգ՝ ապահովագրական գործակալի անփութության, ապահովագրողների էլեկտրոնային համակարգի խափանման կամ ապահովադրի ու գործակալի միջև ինչ-ինչ պայմանավորվածության (ապահովագրական պատահարից հետո հետին ժամանակահատվածով վկայագիր ձեռք բերելու) հետևանքով:
Խնդրի կապակցությամբ հայտնում ենք, որ համաձայն «Ավտոտրանսպորտային միջոցների օգտագործումից բխող պատասխանատվության պարտադիր ապահովագրության մասինե ՀՀ օրենքի (այսուհետ՝ Օրենք) 6-րդ հոդվածի՝ ԱՊՊԱ պայմանագիրն ուժի մեջ է մտնում կնքման օրվանից, եթե դրանում այլ ժամկետ նախատեսված չէ: Հաշվի առնելով, որ Օրենքը որևէ կերպ պայմանագրի ուժի մեջ մտնելը չի կապում ԱՊՊԱ տեղեկատվական համակարգ տվյալների մուտքագրման հետ՝ ուստի նման դեպքերը ապահովագրողները պետք է համարեն ապահովագրական և համապատասխան դիմումները սահմանված կարգով քննության առնեն:
Միաժամանակ նշենք, քանի որ ԱՊՊԱ պայմանագրի առկայության (կնքման) մասին վկայում է նաև ապահովադրին ԱՊՊԱ կտրոնի տրամադրումը (համաձայն Օրենքի 5-րդ հոդվածի՝ ԱՊՊԱ պայմանագիրը կնքելուց հետո ապահովագրական ընկերությունը (գործակալը) ապահովադրին է հանձնում լրացված ԱՊՊԱ կտրոնը, …), ինչպես նաև ապահովագրական ընկերության գործակալները հանդես են գալիս ապահովագրողների անունից՝ հետևաբար գործակալների մեղքով քաղաքացիներին պատճառված վնասները ևս ենթակա են հատուցման ապահովագրողների կողմից:
Ֆինանսական վերահսկողության վարչության պետ՝ Հրանտ Սուվարյան