«Հանրային ծառայությունների համարանիշի մասին» ՀՀ օրենքի 3-րդ հոդվածի 3-րդ մասով սահմանված պահանջների ապահովման և Կենտրոնական բանկի կողմից 01.02.2005թ ուղարկված թիվ 22-19/0103 շրջաբերական գրությունը կիրառելի չլինելու վերաբերյալ

Ուղղված է` ՀՀ տարածքում գործող բանկերին, Վճարահաշվարկային կազմակերպություններին, պատճենը՝ Հայաստանի Բանկերի միությանը և Վճարահաշվարկային կազմակերպությունների միությանը

Առարկան` «Հանրային ծառայությունների համարանիշի մասին» ՀՀ օրենքի 3-րդ հոդվածի 3-րդ մասով սահմանված պահանջների ապահովման և Կենտրոնական բանկի կողմից 01.02.2005թ ուղարկված թիվ 22-19/0103 շրջաբերական գրությունը կիրառելի չլինելու վերաբերյալ

Հարգելի՛ տիկնայք և պարոնայք,

Մի շարք առևտրային բանկերի կողմից հարցադրումներ են ներկայացվել՝ «Հանրային ծառայությունների համարանիշի մասին» ՀՀ օրենքի (այսուհետ՝ Օրենք) համաձայն հանրային ծառայության համարանիշի (այսուհետ՝ ՀԾՀ) կիրառման վերաբերյալ՝ կապված.

ա) ՀԾՀ-ի պարտադիր կիրառման դեպքերը սահմանելու, ինչպես նաև

բ) Կենտրոնական բանկի կողմից 01.02.2005թ ուղարկված թիվ 22-19/0103 շրջաբերական գրությունը (սոցիալական քարտի կիրառման պահանջների վերաբերյալ) նաև Օրենքի շրջանակներում կիրառելու մասին:

Ներկայացված հարցադրումների վերաբերյալ հայտնում ենք, որ Օրենքի 3-րդ հոդվածի 3-րդ մասով հստակ սահմանված են այն դեպքերը, երբ ՀԾՀ-ի (կամ ՀԾՀ չստանալու մասին տեղեկանքի համարանիշի) կիրառությունը պարտադիր է: Միևնույն ժամանակ, համաձայն Օրենքի ՀԾՀ-ը օգտագործվում է ֆիզիկական անձանց նույնականացումն իրականացնելու նպատակով:

Կենտրոնական բանկի կողմից 01.02.2005թ. առևտրային բանկերին ուղարկված թիվ 22-19/0103 շրջաբերական գրության կիրառման հետ կապված հայտնում ենք, որ «Սոցիալական ապահովության քարտերի մասին» ՀՀ օրենքը ուժը կորցրած ճանաչվելու հետևանքով, վերոնշյալ գրությամբ նշված բացառությունները ենթակա չեն կիրառման:

Միաժամանակ հայտնում ենք, որ հաշվի առնելով ՀՀ կառավարության միջոցառումների ծրագրով նշված՝ 2013թ-ին իրագործման ենթակա խնդիրները, մասնավորապես իրականացվող հարկային բարեփոխումների, ինչպես նաև կենսաթոշակային համակարգի ներդրման հետ կապված՝ ՀՀ քաղաքացիների կողմից ՀԾՀ-ի կիրառումը նույնպես հանդիսանում է պարտադիր պահանջ: Նշված գործընթացների ապահովման հետ կապված, Կենտրոնական բանկի կողմից աշխատանքներ են տարվում նաև համապատասխան իրավական ակտերով, այդ թվում վճարային փաստաթղթերի վավերապայմանները սահմանող կարգում «Հանրային ծառայությունների համարանիշի»  կիրառումը հստակ սահմանելու և նոր խմբագրությամբ հաստատելու համար:

Հարգանքով՝

Ֆինանսական համակարգի կարգավորման վարչության պետ՝  Մհեր  Աբրահամյան

Սույն գրության հետ կապված հարցերով կարող եք դիմել Ֆինանսական համակարգի կարգավորման վարչության Վճարահաշվարկային համակարգի կարգավորման բաժին
Բաժնի պետ՝ Սամսոն Ղազարյանին