Ներդրումային ընկերությունների ընդհանուր կապիտալի նվազագույն չափի վերաբերյալ

Ուղղված է՝ ՀՀ տարածքում գործող ներդրումային ընկերություններին 

Առարկա՝ Ներդրումային ընկերությունների ընդհանուր կապիտալի նվազագույն չափի վերաբերյալ

Ի պատասխան Հայաստանի Հանրապետության Կենտրոնական բանկի և ներդրումային ընկերությունների միջև 26.03.2010թ. տեղի ունեցած քննարկման ընթացքում ձեր կողմից բարձրացված հարցադրման` հայտնում ենք, որ Հայաստանի Հանրապետության Կենտրոնական բանկի խորհրդի 2009 թվականի հուլիսի 28-ի թիվ 231-Ն որոշմամբ հաստատված Հայաստանի Հանրապետության Կենտրոնական բանկի խորհրդի 2008 թվականի փետրվարի 12-ի թիվ 231-Ն որոշման հավելվածի 5-րդ կետը սահմանել է ընդհանուր կապիտալի նոր նվազագույն չափեր, իսկ 23-րդ կետը սահմանել է ընդհանուր կապիտալի նվազագույն չափի համալրման պարտավորություն:

Հիմք ընդունելով «Արժեթղթերի շուկայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 73-րդ հոդվածի 2-րդ մասը` ընդհանուր կապիտալի նվազագույն չափի համալրման համար ներդրումային ընկերությունների պարտավորության իրականացման համար սահմանվել է մեկ տարվա ժամկետ, որի հաշվարկի սկիզբը սահմանվում է 2010 թվականի ապրիլի մեկը և ավարտվում է 2011 թվականի ապրիլի մեկին: Սա ենթադրում է, որ ներդրումային ընկերությունները, պահպանելով նախկինում գործող ընդհանուր կապիտալի նվազագույն չափը, պարտավոր են 2010 թվականի ապրիլի 1-ից մինչև 2011 թվականի ապրիլի 1-ը համալրել իրենց ընդհանուր կապիտալի վերանայված նվազագույն չափը:

Հաշվի առնելով վերոշարադրյալը՝ հայտնում ենք, որ մինչև 2011 թվականի ապրիլի 1-ը ներդրումային ընկերությունների գործողությունները, կապված ընդհանուր կապիտալի նվազագույն չափի նորմատիվի հետ, պետք է ուղղված լինեն միայն ընդհանուր կապիտալի համալրմանը:

Ֆինանսական համակարգի քաղաքականության և ֆինանսական կայունության վարչության պետ` Վահե Վարդանյան   

Սույն գրության հետ կապված հարցերով կարող եք դիմել Ֆինանսական համակարգի քաղաքականության և ֆինանսական կայունության վարչություն Արփի Ղազարյանին