Գրավատների հաճախորդների վարկերի հետ կապված վճարումները երրորդ անձանց կողմից կատարելու վերաբերյալ
Ուղղված է՝ ՀՀ տարածքում գործող բոլոր
Գրավատներին
Առարկան՝ Գրավատների հաճախորդների վարկերի հետ կապված վճարումները երրորդ անձանց կողմից կատարելու վերաբերյալ
Հարգելի՛ տիկնայք և պարոնայք,
Կենտրոնական բանկը պարբերաբար ստանում է ազդակներ առ այն, որ հաճախ գրավատները պահանջում են, որպեսզի իրենց հետ վարկային պայմանագիր կնքած անձի (այսուհետ` Վարկառու) վարկի հետ կապված յուրաքանչյուր վճարում (այսուհետ` Վճարում) կատարի միայն Վարկառուն:
Որոշ դեպքերում գրավատները Վարկառուի փոխարեն Վճարում կատարող անձանցից (այսուհետ` Երրորդ անձինք) նույնիսկ պահանջում են նոտարական վավերացմամբ լիազորագիր` տրված Վարկառուի կողմից:
Միևնույն ժամանակ, մի շարք դեպքերում գրավատները Երրորդ անձանցից ընդունում են հաշվարկված տոկոսագումարների և տույժերի Վճարումներ, սակայն հրաժարվում են վարկերի մայր գումարի մարման նպատակով կատարվող Վճարումներ ընդունելուց:
Տեղեկացնում ենք, որ օրենսդրությամբ գրավատներին չի արգելվում Վարկառուի փոխարեն ցանկացած Վճարում ընդունել նաև Երրորդ անձանցից: Ընդ որում, Երրորդ անձանց կողմից Վճարումներ կարող են կատարվել ընդհուպ մինչև Վարկառուի վարկի ամբողջական մարումը, որի դեպքում գրավադրված գույքը կարող է պահպանվել գրավատան կողմից մինչև գրավատուի կամ վերջինիս կողմից պատշաճ կերպով լիազորված անձի ներկայանալը:
Ելնելով վերոգրյալից հայտնում ենք, որ Երրորդ անձանց կողմից Վճարումների իրականացումը չի հակասում օրենսդրությամբ սահմանված պահանջներին, և Վարկառուների պարտավորությունների կատարման նպատակով Վճարումներ կարելի է ընդունել նաև Երրորդ անձանցից:
Շնորհակալություն համագործակցության համար:
Սպառողների շահերի պաշտպանության և ֆինանսական կրթման կենտրոնի ղեկավար՝ Արմենուհի Մկրտչյան
Սույն գրության հետ կապված հարցերով կարող եք դիմել Գրիգոր Աբաջյանին