Բանկերի և վարկային կազմակերպությունների կողմից ծառայությունների մատուցումը արբիտրաժային համաձայնության կնքմամբ պայմանավորելու վերաբերյալ

Ուղղված է՝ ՀՀ տարածքում գործող բոլոր 
Առևտրային բանկերին 
Վարկային կազմակերպություններին

Առարկան՝ Բանկերի և վարկային կազմակերպությունների կողմից ծառայությունների մատուցումը արբիտրաժային համաձայնության կնքմամբ պայմանավորելու վերաբերյալ

Հարգելի՛ տիկնայք և պարոնայք, 

Կենտրոնական բանկի կողմից իրականացված ուսումնասիրությունների արդյունքում պարզվել է, որ մի շարք բանկեր և վարկային կազմակերպություններ ծառայություններ մատուցելիս (հիմնականում վարկային ծառայություններ) սպառողներին պարտավորեցնում են կնքելու արբիտրաժային համաձայնություն, ինչը հակասում է գործող օրենսդրական պահանջներին:

Արբիտրաժային համաձայնության վերաբերյալ դրույթները ներառվում են ծառայությունների մատուցման պայմանագրերում կամ պայմանագրերին կից առանձին փաստաթղթերում: Ընդ որում, որոշ դեպքերում, արբիտրաժային համաձայնությունները չեն պարունակում բավարար տեղեկատվություն կողմերի իրավունքների և պարտականությունների վերաբերյալ:

Արդյունքում, հաճախորդները մատուցվող ծառայություններից օգտվելու համար կնքում են արբիտրաժային համաձայնություն՝ կարծելով, որ այն հանդիսանում է տվյալ ծառայությունից օգտվելու համար անհրաժեշտ պայման: Վերջինս սահմանափակում է հաճախորդների կողմից իրենց իրավունքները արդյունավետ պաշտպանելու միջոցները:

Հաշվի առնելով վերոնշյալը՝ անհրաժեշտ է փոփոխել սպառողներին ծառայությունների մատուցման ձևը այնպես, որ բացառվի առանց սպառողի ընտրության արբիտրաժային համաձայնություն կնքելը, այդ թվում՝ անհրաժեշտ է.

  1. Փոփոխել ծառայությունների մատուցման պայմանագրերի օրինակելի ձևերը, եթե արբիտրաժային համաձայնությունները ներառվում են պայմանագրերում,
  2. Սահմանել համապատասխան մեխանիզմներ, որպեսզի սպառողները արբիտրաժային համաձայնություն կնքելու կամ դրանից հրաժարվելու ընտրության հնարավորություն ունենան,
  3. Արբիտրաժային համաձայնություն կնքելիս սպառողներին բանավոր և գրավոր կարգով բացահայտել իրենց իրավունքների ու պարտականությունների վերաբերյալ ամբողջական տեղեկատվություն:

Տեղեկացնում ենք, որ Կենտրոնական բանկը վերոնշյալ խնդրի հետ կապված պարբերաբար իրականացնելու է ուսումնասիրություններ և խախտումների առկայության դեպքում կիրառելու է պատասխանատվության միջոցներ:

Շնորհակալություն համագործակցության համար:

Սպառողների շահերի պաշտպանության և ֆինանսական կրթման կենտրոնի ղեկավար՝ Արմենուհի Մկրտչյան

Սույն գրության հետ կապված հարցրով կարող եք դիմել Գրիգոր Աբաջյանին