Սպառողներին ուղարկվող հաղորդագրություններում կիրառվող լեզվի վերաբերյալ
Ուղղված է՝ ՀՀ տարածքում գործող բանկերին, վարկային կազմակերպություններին և ապահովագրական ընկերություններին
Առարկան՝ Սպառողներին ուղարկվող հաղորդագրություններում կիրառվող լեզվի վերաբերյալ
Հարգելի՛ գործընկերներ,
Կենտրոնական բանկը ստանում է տարբեր ազդակներ, որ ֆինանսական կազմակերպությունների կողմից իրենց ուղարկվող հաղորդագրությունները շատ դեպքերում հայատառ չեն։
Սպառողների կողմից բարձրացված խնդիրը հիմնականում առնչվում է նրանց ուղարկվող կարճ հաղորդագրություններին" մասնավորապես՝ սպառողներին պայմանագրի գործողության ընթացքում ուղարկվում են կարճ հաղորդագրություններ, որոնք հայերեն են, սակայն լատինատառ գրառմամբ։
Վերը նշված գործընթացների նման ձևով կիրարկումը չի բխում սպառողների հետ պատշաճ հաղորդակցման սկզբունքներից և կարող է հանգեցնել մի շարք օրենսդրական պահանջների խախտմանը։
Հաշվի առնելով վերը նշվածը, ինչպես նաև ելնելով «Լեզվի մասին» ՀՀ օրենքի 1-ին, 4- րդ հոդվածների և Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2009 թվականի հուլիսի 28-ի թիվ 229-Ն որոշմամբ հաստատված «Ֆինանսական կազմակերպությունների գործարար վարվելակերպի կանոնները» կանոնակարգ 8/05-ի 8-րդ կետի 1-ին ենթակետի պահանջներից՝ անհրաժեշտ է հնարավորինս սեղմ ժամկետներում ձեռնամուխ լինել սպառողների հետ հաղորդակցումը, այդ թվում՝ կարճ հաղորդագրությունների միջոցով, հայերեն լեզվով իրականացնելուն, ինչը ենթադրում է նաև հաղորդագրությունների հայատառ ձևակերպում։
Միևնույն ժամանակ, ելնելով հեռախոսի տեսակով պայմանավորված ուղարկվող հաղորդագրությունները սպառողներին հասանելի դարձնելու խնդրից՝ առաջարկում ենք գործընկեր կազմակերպությունների/ բջջային օպերատորների միջոցով ապահովել հայատառ հաղորդագրությունների ուղարկումը առնվազն «սմարթֆոն» հանդիսացող բջջային հեռախոսներին։
Սպառողների շահերի պաշտպանության և ֆինանսական կրթման կենտրոնի ղեկավար՝ Արմենուհի Մկրտչյան