Ոսկու գրավով վարկերի վաղաժամկետ մարման դեպքում գրավի վերադարձման հետ կապված

Ուղղված է՝ ՀՀ տարածքում գործող բոլոր
Բանկերին
Վարկային կազմակերպություններին

Առարկան՝ Ոսկու գրավով վարկերի վաղաժամկետ մարման դեպքում գրավի վերադարձման հետ կապված

Հարգելի՛ տիկնայք և պարոնայք,

Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկը ստանում է բազմաթիվ ազդակներ թե՛ սպառողներից և թե՛ ֆինանսական կազմակերպություններից այն մասին, որ ոսկու գրավով վարկերի վաղաժամկետ մարման դեպքում գրավի վերադարձը անհարկի ձգձգվում է, իսկ մի շարք դեպքերում էլ ֆինանսական կազմակերպությունների անգործության և բավարար ջանք չգործադրելու պատճառով գրավադրված գույքի վերադարձը նույնիսկ գերազանցում է 1 օրը:

Գրավառուների նման գործելաոճը ոչ միայն չի բխում Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի պահանջներից, այլ նաև խաթարում է ֆինանսական կազմակերպությունների միջև առկա մրցակցությունը` ստեղծելով ելքի արհեստական արգելքներ (գրավատուները չեն կարողանում հեշտությամբ գրավը տեղափոխել այլ վարկատու կազմակերպություն առավել բարենպաստ պայմաններով վարկ վերցնելու համար):

Հայտնում ենք, որ Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 247-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի համաձայն՝ գրավը դադարում է գրավով ապահովված պարտավորությունը դադարելով, իսկ համաձայն նույն հոդվածի 2-րդ մասի՝ գրավով ապահովված պարտավորության կատարման հետևանքով գրավը դադարելու դեպքում գրավառուն, որի մոտ գտնվել է գրավ դրված գույքը, պարտավոր է այն անհապաղ վերադարձնել գրավատուին:

Հաշվի առնելով վերոնշյալը՝ Ձեզ անհրաժեշտ է ոսկու գրավով վարկերի մարման դեպքում (նաև՝ վաղաժամկետ մարման) ապահովել բոլոր անհրաժեշտ մեխանիզմները և գործադրել հնարավոր բոլոր ջանքերը կարճ ժամկետում` առանց անհարկի ձգձգումների,  գրավը հաճախորդին վերադարձնելու համար:

Տեղեկացնում ենք, որ Կենտրոնական բանկը ուշադրության կենտրոնում է պահելու այս խնդիրը և ֆինանսական կազմակերպությունների կողմից նման չարաշահումներ նկատելու դեպքում կիրառելու է խիստ վերահսկողական միջոցառումներ:

Շնորհակալություն համագործակցության համար:

Սպառողների շահերի պաշտպանության և ֆինանսական կենտրոնի ղեկավար՝ Արմենուհի Մկրտչյան

Սույն գրության հետ կապված հարցերով կարող եք դիմել Գրիգոր Աբաջյանին