Տուժանքի առավելագույն չափի վերաբերյալ

Ուղղված է՝ ՀՀ տարածքում գործող բոլոր 
Բանկերին 
Վարկային կազմակերպություններին

Առարկան՝ Տուժանքի առավելագույն չափի վերաբերյալ

Հարգելի՛ տիկնայք և պարոնայք,

«Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ օրենքով (ընդունվել է 14.12.2017թ.-ին, ուժի մեջ է մտել 08.01.2018թ.-ին, համարը՝ ՀՕ-319-Ն, այսուհետ՝ Օրենք) համապատասխան լրացումներ և փոփոխություններ են կատարվել ՀՀ քաղաքացիական օրենսգրքում (այսուհետ՝ Օրենսգիրք): Մասնավորապես՝ Օրենքի 3-րդ հոդվածի համաձայն՝ ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 372-րդ հոդվածի 1-ին մասը շարադրվել է հետևյալ կերպ. «Պայմանագրով որոշված տուժանքի տարեկան առավելագույն չափը չի կարող գերազանցել Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի սահմանած բանկային տոկոսի հաշվարկային դրույքի քառապատիկը, եթե այլ բան նախատեսված չէ օրենքով: Պայմանագրով որոշված բոլոր տուժանքների հանրագումարի չափը չի կարող գերազանցել տվյալ պահին առկա պարտքի հիմնական գումարը»:

Օրենքի 6-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ «Սույն օրենքի 3-րդ և 5-րդ հոդվածների գործողությունը տարածվում է սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո կնքված պայմանագրերի վրա»:

Կենտրոնական բանկի կողմից վերը նշված իրավանորմերի կիրառման հետ կապված սույն թվականի մայիս ամսվա ընթացքում մի շարք բանկերում և վարկային կազմակերպություններում իրականացվել են հեռակա ուսումնասիրություններ, որոնց արդյունքում պարզվել է, որ ֆինանսական կազմակերպությունների կողմից կնքվող վարկային պայմանագրերում, պայմանագրի օրինակելի ձևերում, ներքին ընթացակարգերում, կայքերում հրապարակվող տեղեկություններում նշված են Կենտրոնական բանկի սահմանած բանկային տոկոսի հաշվարկային դրույքի քառապատիկը գերազանցող տուժանքի չափեր:

Հիմք ընդունելով վերոնշյալ իրավանորմերը, հաշվի առնելով սպառողների շահերից բխող իրավական նորմերի չկիրառման անթույլատրելիությունը՝ Ձեզ անհրաժեշտ է հնարավորինս սեղմ ժամկետներում (առավելագույնը 15 աշխատանքային օր) վերացնել առկա խնդիրը, ապահովել վերը նշված իրավանորմերի կիրարկումը հենց դրանց ուժի մեջ մտնելու պահից սկսած, անհրաժեշտության դեպքում փոփոխություններ կատարել վերը նշված իրավանորմերի խախտմամբ կնքված բոլոր վարկային պայմանագրերում, գործող ներքին իրավական ակտերում, հրապարակվող տեղեկատվություններում և այլ փաստաթղթերում:

Միևնույն ժամանակ Ձեզ անհրաժեշտ է վերը նշված խնդիրների վերացմանն ուղղված միջոցառումների և դրանց արդյունքների վերաբերյալ դրանց ավարտից հետո 5 օրյա ժամկետում տեղեկատվություն ներկայացնել Կենտրոնական բանկ:

Տեղեկացնում ենք նաև, որ Կենտրոնական բանկը ուշադրության կենտրոնում է պահելու այս հարցը և խնդիրներ արձանագրելու դեպքում կիրառելու է խիստ վերահսկողական միջոցառումներ:

Շնորհակալություն համագործակցության համար:

Սպառողների շահերի պաշտպանության և ֆինանսական կրթման կենտրոնի ղեկավար՝ Արմենուհի Մկրտչյան

Սույն գրության հետ կապված հարցերով կարող եք դիմել Գրիգոր Աբաջյանին