Տեղեկատվական տեխնոլոգիաների համակարգերի որոշ գործառնությունների պատվիրակման պայմանագրերին նախնական համաձայնություն տրամադրելու վերաբերյալ
Ուղղված է՝ ՀՀ տարածքում գործող առևտրային բանկերին
Առարկան՝ Տեղեկատվական տեխնոլոգիաների համակարգերի որոշ գործառնությունների պատվիրակման պայմանագրերին նախնական համաձայնություն տրամադրելու վերաբերյալ
Հարգելի՛ գործընկերներ,
Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի կողմից ս.թ. հուլիսի 20-ի թիվ 118-Ն որոշմամբ ընդունվել է «Բանկերի կողմից օրենքով սահմանված գործառնությունների պատվիրակման համար կենտրոնական բանկի նախնական համաձայնության տրամադրման» կարգը (այսուհետ՝ Կարգ), համաձայն որի տեղեկատվական տեխնոլոգիաների համակարգերի որոշ գործառնությունների պատվիրակումը պահանջում է ՀՀ կենտրոնական բանկի նախնական համաձայնությունը:
Հաշվի առնելով վերոնշվածը և նպատակ ունենալով հստակեցնել նախնական համաձայնություն պահանջող պատվիրակվող գործառնությունների ցանկը՝ ՀՀ կենտրոնական բանկը տեղեկացնում է, որ «Գործառնական օր» համակարգի ձեռքբերման(մշակման) Կոնտրագենտի և բանկի միջև կնքվող առաջնային պայմանագիր(ներ)ը, պահանջում է Կենտրոնական բանկի նախնական համաձայնությունը: Ընդ որում, եթե Կոնտրագենտի կողմից իրականցվելու է նաև համակարգի սպասարկում` ելնելով օրենսդրական և ենթաօրենսդրական դաշտի փոփոխությունների և բանկի կողմից նոր ծառայությունների (գործառույթների) իրականացման անհրաժեշտությունից, ապա առաջնային պայմանագրում պետք է լինի նշում Կոնտրագենտի կողմից այդ գործառույթի իրականացման վերաբերյալ: Այն դեպքում, երբ առաջնային պայմանագրով նախատեսված չէ Կոնտրագենտի կողմից համակարգի վերը նշված սպասարկման իրականացումը, ապա այդ գործառույթի հետագայում պատվիրակման դեպքում նոր կնքվող պայմանագիրը ևս պահանջում է ԿԲ նախնական համաձայնությունը:
Նախնական համաձայնություն պետք է լինի նաև տեղեկատվական տեխնոլոգիաների հետևյալ գործառնությունների պատվիրակման պարագայում.
- Դասակարգված տեղեկատվություն պահպանող և(կամ) տեղափոխող այն համակարգերի (ծրագրերի, հավելվածների) կառավարումը և(կամ) կիրառման աջակցումը, որի ընթացքում կոնտրագենտը ստանում է (կարող է ստանալ) հասանելիություն այդ տեղեկատվությանը (բացառությամբ վճարահաշվարկային համակարգերում անդամակցությունից բխող դեպքերի, SWIFT-ի և CBANet-ի),
- Դասակարգված տեղեկատվության պահպանման, մշակման և(կամ) տեղափոխման համար նախատեսված սերվերների (վիրտուալ թե ֆիզիկական) հետ կապված գործառույթներ՝
ա. Այլ երրորդ կազմակերպության վիրտուալ սերվերների համատեղ (shared) վարձակալություն (Virtual Private Server, Clustered hosting, Grid computing և այլն),
բ. Այլ երրորդ կազմակերպության վիրտուալ սերվերների առանձնացված (dedicated) վարձակալություն, որոնց կառավարումը բանկն իրականացվում է ամբողջովին կամ մասնակի (Dedicated hosting service, Managed hosting service),
գ. այլ երրորդ կազմակերպության տարածքում բանկին պատկանող ֆիզիկական սերվերների (բացառությամբ ՀՀ ԿԲ Դիլիջանի սերվերային տարածքում տեղակայված սերվերների) տեղակայումը (Server colocation), որը ներառում է Կոնտրագենտի կողմից ֆիզիկական տարածքի տրամադրում և սերվերների շահագործմանն անհրաժեշտ պայմանների ապահովում:
- Ամպային տեխնոլոգիաների ծառայությունների կիրառում (ծրագրային ապահովումը, որպես ծառայություն (SaaS՝ Software-as-a-Service), հարթակի տրամադրումը, որպես ծառայություն (PaaS՝ Platform-as-a-Service) և ենթակառուցվածքի տրամադրումը, որպես ծառայություն (IaaS՝ Infrastructure-as-a-Service)),
- Help desk ծառայություն,
- Տեղեկատվական տեխնոլոգիաների անվտանգության կառավարում,
- Ֆինանսական ծառայությունների առցանց մշտադիտարկման (մոնիտորինգի) համակարգերի շահագործում (օրինակ՝ զեղծարարությունների հայտնաբերման և մշտադիտարկման համակարգի շահագործում Կոնտրագենտի կողմից),
- Տեղեկատվական տեխնոլոգիաների ներքին աուդիտի իրականացում:
Միաժամանակ տեղեկացնում ենք, որ ներկայումս իրականացվում է ՀՀ կենտրոնական բանկի խորհրդի 2013 թվականի հուլիսի 9-ի թիվ 173-Ն որոշմամբ հաստատված «Տեղեկատվական անվտանգության ապահովման նվազագույն պահանջների սահմանման վերաբերյալ» կարգի լրամշակում, որտեղ լրացուցիչ կպարզաբանվի տեղեկատվական տեխնոլոգիաների պատվիրակման ենթակա գործառույթներին ներկայացվող պահանջները:
Բացի այդ Ձեր ուշադրությունն ենք հրավիրում Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի 2010 թվականի մայիսի 10-ին ընդունված «Վճարահաշվարկային համակարգերի և վճարահաշվարկային կազմակերպությունների մասին» օրենքի թիվ 2 պաշտոնական պարզաբանմանը, ըստ որի պրոցեսինգի և քլիրինգի իրականացումը, իր մեջ, ի թիվս այլ ծառայությունների, ներառում է նաև այդ պարզաբանման 1-ից 10-րդ կետերով սահմանված ծառայությունները: Ուստի, մասնավորապես, պրոցեսինգի և քլիրինգի ծառայությունների ամբողջական կամ մասնակի իրականացման փոխանցումն այլ երրորդ կազմակերպության ևս դիտարկվում է, որպես բանկի կողմից վճարահաշվարկային ծառայությունների պատվիրակում՝ բացառությամբ վճարահաշվարկային համակարգում անդամակցությունից առաջացող դեպքերի:
Հարգանքով՝
Ֆինանսական համակարգի վարչության պետ՝ Մհեր Աբրահամյան
Սույն գրության հետ կապված հարցերով կարող եք դիմել Ֆինանսական համակարգի կարգավորման վարչություն Վճարահաշվարկային համակարգի կարգավորման բաժին Հռիփսիմե Հակոբյանին