Արտարժույթով ներգրավված միջոցների դիմաց պարտադիր պահուստավորման նորմատիվի վերաբերյալ

Ուղղված՝ ՀՀ առևտրային բանկերին

Առարկա՝ Արտարժույթով ներգրավված միջոցների դիմաց պարտադիր պահուստավորման նորմատիվի վերաբերյալ

Հարգելի՛ գործընկերներ,

Հայաստանի Հանրապետության Կենտրոնական բանկը՝ բանկերում արտարժույթով ներգրավված միջոցներին համարժեք բարձր իրացվելի արտարժութային ակտիվների ձևավորմանն ուղղված քաղաքականության ներքո աստիճանական անցում է կատարում բանկերի կողմից արտարժույթով ներգրավված միջոցների դիմաց արտարժույթով պարտադիր պահուստավորմանը։ Որպես նշված քաղաքականության իրականացման հերթական քայլ՝ Կենտրոնական բանկի խորհուրդը սույն թվականի օգոստոսի 18-ին որոշում է կայացրել, որի համաձայն արտարժույթով ներգրավված միջոցների դիմաց սահմանված 18% պարտադիր պահուստավորումը պետք է կատարվի 10%-ը ՀՀ դրամով, իսկ 8%-ը՝ արտարժույթով։

Նույն քաղաքականության ներքո բանկերում իրացվելիության ռիսկի կառավարման արդյունավետության բարձրացման նպատակով՝ Կենտրոնական բանկի խորհրդի որոշմամբ1 ընդունվել են իրացվելիության ծածկույթի (LCR) և զուտ կայուն ֆինանսավորման (NSFR) նորմատիվները, որոնք ուժի մեջ կմտնեն 2021թ. հունվարի 1-ից։ Հարկ է նշել, որ արտարժույթով ներգրավված միջոցների դիմաց արտարժույթով պարտադիր պահուստավորված միջոցները յուրաքանչյուր նշանակալի արտարժույթի գծով հաշվարկվող իրացվելիության ծածկույթի նորմատիվում ընդգրկվում են որպես բարձր իրացվելի ակտիվներ, որոնց ծավալի աճն էականորեն կնպաստի իրացվելիության նոր նորմատիվների ներդրման գործընթացի սահունության ապահովմանը և իրացվելիության բուֆերների ստեղծմանը: Ընդ որում՝  ստեղծված իրացվելիության բուֆերները, բանկերում իրացվելիության համակարգային պակասորդ առաջանալու դեպքում, Կենտրոնական բանկի կողմից անհրաժեշտ իրացվելիության հասանելիության ապահովման գործիք են հանդիսանում:

Հայտնում ենք, որ Կենտրոնական բանկը հետևողականորեն շարունակելու է բանկերում արտարժութային իրացվելիության կառավարման արդյունավետության բարձրացմանն ուղղված իր քաղաքականությունը։ Այդ առումով արտարժութային իրացվելիության նորմատիվի աստիճանական ներդրման և արտարժութային պարտադիր պահուստավորման փուլային փոխարկման քաղաքականությունները Կենտրոնական բանկի կողմից դիտարկվում են որպես փոխադարձ լրացնող և նախատեսվում են իրականացնել զուգահեռաբար։ Մասնավորապես՝ արտարժութային իրացվելիության ծածկույթի և զուտ կայուն ֆինանսավորման նորմատիվների ներդրումը նախատեսվում է սկսել 60%-ից և հետագայում աստիճանական ավելացնել:  Միաժամանակ Կենտրոնական բանկը նախատեսում է աստիճանական ավելացնել նաև  արտարժույթով ներգրավված միջոցների դիմաց արտարժույթով պարտադիր պահուստավորման մասնաբաժինը։

Կենտրոնական բանկն ակնկալում է, որ նկարագրված քաղաքականության իրականացման արդյունքում ՀՀ բանկային համակարգը կլինի առավել կայուն և իրացվելի, ինչպես նաև ԿԲ կողմից իրականացվող միջոցառումները կնպաստեն բանկերի կողմից իրացվելիության կառավարման արդյունավետության բարձրացմանը։

Հարգանքով՝

Ֆինանսական համակարգի կարգավորման Վարչության պետ՝  Կարեն Հակոբյան

1 ՀՀ կենտրոնական բանկի խորհրդի 2020 թվականի ապրիլի 17-ի թիվ 55-Ն որոշում