Բանկերի կողմից վճարային քարտերով իրականացվող գործառույթների ժամկետների և ընթացակարգերի վերաբերյալ
Ուղղված է՝ ՀՀ տարածքում գործող բոլոր բանկերին
Առարկան՝ Բանկերի կողմից վճարային քարտերով իրականացվող գործառույթների ժամկետների և ընթացակարգերի վերաբերյալ
Հարգելի՛ գործընկերներ,
Հայաստանի Հանրապետության Կենտրոնական բանկը սպառողներից ստանում է ազդակներ (բողոքներ, հարցումներ) վճարային քարտերով իրականացվող գործառույթների վերաբերյալ: Ստացված ազդակները հիմնականում վերաբերում են նրան, որ բանկերը վճարային քարտերի տրամադրման, քարտերի կորստի/գողանալու, բլոկավորման/ապաբլոկավորման, քարտային/բանկային հաշվից դեբետագրման/ելքագրման կամ հաշվի կրեդիտավորման/մուտքագրման, բանկոմատի կողմից քարտերի առգրավման դեպքում դրանց վերադարձի հստակ սահմանված ժամկետներ չունեն:
Տեղեկացնում ենք, որ ՀՀ Կենտրոնական բանկի խորհրդի 2014թ-ի նոյեմբերի 14-ի ««ՀՀ տարածքում վճարային քարտի թողարկման, սպասարկման և տարածման, ինչպես նաև վճարային քարտով գործառնությունների իրականացման կարգ հաստատելու» և ՀՀ կենտրոնական բանկի խորհրդի թիվ 2006 թվականի հունվարի 31-ի թիվ 39-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» թիվ 300-Ն որոշման համաձայն՝ թողարկողը քարտապանի հետ նախքան պայմանագրի կնքումը վերջինիս ծանոթացնում է քարտերի տրամադրման պայմաններին, ներառյալ՝ վճարային քարտի բլոկավորման և ապաբլոկավորման, քարտային/բանկային հաշվից դեբետագրման/ելքագրման կամ կրեդիտավորման/մուտքագրման, քարտապանի կողմից վճարային քարտի կորստի/գողանալու դեպքում կիրառվող ընթացակարգերին, պայմաններին և ժամկետներին:
Նշենք նաև, որ ՀՀ Կենտրոնական բանկի խորհրդի 2013 թ-ի ապրիլի 16-ի «« Բանկերի ներքին հսկողության իրականացման նվազագույն պայմանները» կանոնակարգ 4-ը հաստատելու և ՀՀ կենտրոնական բանկի խորհրդի 2008 թվականի մարտի 11-ի թիվ 71-Ն ուժը կորցրած ճանաչելու մասին» թիվ 102-Ն որոշման համաձայն՝ սահմանվում են նվազագույն պահանջներ վճարային քարտերի թողարկման, պահպանման և սպասարկման վերաբերյալ: Մասնավորապես՝ կանոնակարգով նախատեսվում է, որ բանկերը պետք է ունենան՝
- վճարային քարտը քարտապանին տրամադրելու ընթացակարգ
- բանկի կողմից կանխիկացման, կանխիկի մուտքագրման գործարքների իրականացման դեպքում տվյալ գործառույթն ապահովող ընթացակարգեր,
- քարտի կորստի, բլոկավորման, չսպասարկման, բանկոմատի կողմից քարտի առգրավման և այլ միջադեպերի դեպքում քարտապանների ահազանգմանը արձագանքելու ընթացակարգեր,
- քարտապանի կողմից ներկայացված դիմում-բողոքի հիման վրա միջոցների հետ գանձման գործընթաց նախաձեռնելու ընթացակարգեր.
- Բանկոմատների և այլ ինքնասպասարկման սարքավորումների ընթացիկ աշխատանքի ժամանակ տեխնիկական խնդիրների (թղթադրամ «կուլ տալու», վճարային քարտը հետ չվերադարձնելու և այլն) վերացման ընթացակարգեր,
- Բանկոմատներում մնացած քարտերը քարտապաններին վերադարձնելու (այդ թվում՝ տրամադրելու առավելագույն ժամկետների) ընթացակարգեր:
Միևնույն ժամանակ, ՀՀ Կենտրոնական բանկի խորհրդի 2009 թ-ի Հունիսի 2-ի թիվ 166-Ն որոշմամբ հաստատված «Բանկերի, վարկային կազմակերպությունների, ապահովագրական ընկերությունների, ապահովագրական բրոքերների, ներդրումային ընկերությունների, ներդրումային ֆոնդերի կառավարիչների, կենտրոնական դեպոզիտարիայի և դրամական փոխանցումների իրականացնող վճարահաշվարկային կազմակերպությունների, ինչպես նաև ֆինանսական խմբերի կողմից տեղեկությունների հրապարակումը» կանոնակարգ 8/03-ով սահմանվում է, որ ֆինանսական կազմակերպությունները տեղեկատվական ամփոփագրերում, ինտերնետային կայքում պետք է ներկայացնեն քարտ ստանալու (քարտային հաշիվ բացելու) համար անհրաժեշտ փաստաթղթերը, ներկայացնելուց հետո քարտի տրամադրման և ակտիվացման ժամկետների և պայմանների մասին տեղեկատվություն:
Հաշվի առնելով վերոնշյալը, ինչպես նաև ելնելով սպառողների շահերի պաշտպանության և բանկերի նկատմամբ վստահության պահպանման անհրաժեշտությունից՝ առաջարկում ենք մեկամսյա ժամկետում սահմանել հստակ ժամկետներ և քարտապանի կողմից իրականացվող գործողությունների համապատասխան ընթացակարգեր՝ դրանց բացակայության դեպքում, ինչպես նաև պատշաճ կերպով տեղեկացնել քարտապաններին վերջիններիս մասին:
Տեղեկացնում ենք, որ Կենտրոնական բանկը ուշադրության կենտրոնում է պահելու այս խնդիրը և դրա հետ կապված պարբերաբար իրականացնելու է ուսումնասիրություններ:
Շնորհակալություն գործակցության համար:
Սպառողների շահերի պաշտպանության և ֆինանսական կրթման կենտրոնի ղեկավար՝ Արմենուհի Մկրտչյան
Սույն գրության հետ կապված հարցերով կարող եք դիմել
Ֆլորա Հարոյանին