Ծրագրային ազդագրի՝ գրանցման ենթակա լրացումները Կենտրոնական բանկ չներկայացնելը

Հայաստանի Հանրապետության տարածքում գործող բոլոր
հաշվետու թողարկողներին

Ձեր ուշադրությունն ենք հրավիրում հաշվետու թողարկող հանդիսացող ընկերությունների կողմից վերջին ժամանակներս թողարկման գործընթացում հանդիպող հետևյալ խնդիրների և թերացումների վրա:

Ծրագրային ազդագրի՝ գրանցման ենթակա լրացումները Կենտրոնական Բանկ չներկայացնելը

Թողարկողը ծրագրային ազդագրի հիման վրա կարող է շարունակական թողարկում իրականացնել, եթե յուրաքանչյուր հրապարակային առաջարկի վերաբերյալ հայտարարության հրապարակման պահին ծրագրային ազդագրի բոլոր փոփոխված տեղեկությունները, որպես լրացում, գրանցվել և հրապարակվել են: Օրինակ` կառավարման մարմնի փոփոխությունները, կիսամյակի ավարտից հետո՝ միջանկյալ ֆինանսական հաշվետվությունները և այլ էական տեղեկատվությունը «Ազդագիր և հաշվետու թողարկողների հաշվետվություններ» կանոնակարգ 4/04-ով (այսուհետ` Կանոնակարգ 4/04) սահմանված կարգով պետք է որպես ծրագրային ազդագրի լրացում ներկայացվեն ՀՀ ԿԲ գրանցման:

Միևնույն ժամանակ, ծրագրային ազդագրի շրջանակներում տեղաբաշխումն սկսելուց հետո մինչև յուրաքանչյուր տեղաբաշխման ժամկետի ավարտը, ծրագրային ազդագրում ներառվող տեղեկությունների էական փոփոխությունների, նոր էական հանգամանք կամ փաստ ի հայտ գալու, ինչպես նաև ազդագրում էական անճշտություն, թերություն հայտնաբերելու դեպքում թողարկողը կամ տեղաբաշխողը պարտավոր է ԿԲ գրանցմանը ներկայացնել ազդագրի լրացում:

Նշվածը Կանոնակարգ 4/04-ի Գլուխ 9.1-ի 21.4 և 21.9 կետերի պահանջ է:

Տեղաբաշխման ընթացքի և արդյունքների մասին հաշվետվությունների ներկայացման գործընթացի խախտում. 

Հրապարակային տեղաբաշխումը սկսելու պահից յուրաքանչյուր 30-րդ օրվա ավարտից հետո ոչ ուշ, քան 15-րդ օրը, ինչպես նաև տեղաբաշխման ավարտից հետո՝ 30 օրվա ընթացքում, թողարկողը պարտավոր է ԿԲ ներկայացնել հաշվետվություն՝ տեղաբաշխման ընթացքի և արդյունքների մասին:

Նշվածը «Արժեթղթերի շուկայի մասին» ՀՀ օրենքի 22-րդ հոդվածի պահանջ է:

Հրապարակման ենթակա էական փաստերի և տեղեկությունների բացահայտում.

Թողարկող Ընկերությունները պարտավոր են Կանոնակարգ 4/04-ով սահմանված ժամկետներում և կարգով ՀՀ ԿԲ ներկայացնել և հրապարակել Կանոնակարգ 4/04-ի Գլուխ 23-ով սահմանված տեղեկությունները. օրինակ` նոր արժեթղթերի թողարկման վերաբերյալ կառավարման մարմինների կողմից ընդունած որոշումները, թողարկողի կառավարման մարմինների անդամների փոփոխության և այլնի վերաբերյալ տեղեկությունները:

Նշվածը Կանոնակարգ 4/04-ի VI բաժնի դրույթների պահանջ է: 

Ծրագրային ազդագրերի կիրառության ժամկետների խախտում.

Գրանցված ծրագրային ազդագրի հիման վրա նախատեսվող յուրաքանչյուր հերթական տեղաբաշխման ժամկետ սահմանելուց առաջ հարկավոր է հավաստիանալ, որ տեղաբաշխման սահմանված ժամկետը չի գերազանցում գրանցված ծրագրային ազդագրի կիրառության ժամկետը:

Նշվածը «Արժեթղթերի շուկայի մասին» ՀՀ օրենքի 15-րդ հոդվածի 2-րդ մասի պահանջ է:

Ազդագրի ձևի և բովանդակության նկատմամբ պահանջների խախտում.

Ազդագիրը կազմելիս անհրաժեշտ է առաջնորդվել Կանոնակարգ 4/04-ով սահմանված պահանջներով՝ պահպանելով կանոնակարգի կետերի և ենթակետերի հերթականությունն ու ամբողջականությունը:

Նշվածը Կանոնակարգ 4/04-ի III բաժնի դրույթների պահանջ է: 

Միաժամանակ Ընկերության կողմից էական փաստերը և տեղեկությունները ՀՀ ԿԲ կայքում հրապարակելու օպերատիվությունը բարձրացնելու նպատակով առաջարկում ենք էական փաստերը և տեղեկությունները Կենտրոնական բանկ ներկայացնել և հրապարակել հերթական համարակալմամբ, մասնավորապես՝ փաստաթղթին տալ ֆիքսված անվանում. փաստաթղթի հերթական համարակալում_փաստաթղթի անվանում_ներկայացման ամսաթիվ (օրինակ՝ 01_Material Facts and Events_24.02.2017):

Հարկ ենք համարում նշել, որ ազդագրի պայմանների խախտումները կարող են հանգեցնել ներդրողների կողմից վնասների հատուցման քաղաքացիաիրավական պահանջների ներկայացմանը, ուստի Ձեզ անհրաժեշտ է ձեռնարկել համապատասխան միջոցառումներ նմանատիպ թերությունները և խնդիրները բացառելու ուղղությամբ, այլապես, յուրաքանչյուր նմանատիպ խախտում այսուհետ ՀՀ կենտրոնական բանկի կողմից կարող է դիտարկվել որպես էական, և կարող են կիրառվել կարգավորիչ միջոցառումներ:

Ֆինանսական վերահսկողության վարչության պետ ՝ Հրանտ Սուվարյան  

Կատարող` Անի Մանուկյան ՖՎՎ Կորպորատիվ ֆինանսների բաժին