Սպառողական վարկերի էական պայմանների անհատական թերթիկների վերաբերյալ

ՀՀ տարածքում գործող բոլոր բանկերին և վարկային կազմակերպություններին

Առարկա՝ Սպառողական վարկերի էական պայմանների անհատական թերթիկների վերաբերյալ

Հարգե՜լի տիկնայք և պարոնայք

Տեղեկացնում ենք, որ վերջին ժամանակներս Կենտրոնական բանկը պարբերաբար ազդակներ է ստանում բանկերի և վարկային կազմակերպությունների կողմից (այսուհետ՝ վարկատու կազմակերպություններ) սպառողական վարկերի տրամադրման ընթացքում վարկերի էական պայմանների անհատական թերթիկների (այսուհետ՝ ԷՊԱԹ-ներ) տրամադրման գործընթացում առկա խնդիրներ վերաբերյալ:

Մասնավորապես՝ ստացված ազդակների համաձայն որոշ դեպքերում

  1. Վարկառուներին և վարկերի երաշխավորներին ԷՊԱԹ-ներ ընդհանրապես չեն տրամադրվում կամ տրամադրվում են միայն վարկառուներին,
    և/կամ
  2. ԷՊԱԹ-ները տրամադրվում են վարկային պայմանագրի հետ միաժամանակ, և վարկառուներին բավարար ժամանակ չի տրամադրվում՝ դրա պայմաններին ծանոթանալու համար:

Հիշեցնում ենք, որ «Սպառողների և ֆինանսական կազմակերպությունների հաղորդակցման կարգը, պայմանները, ձևերը և նվազագույն պահանջները» կանոնակարգ 8/05-ի համաձայն՝ գործում են ԷՊԱԹ-ների տրամադրման հետևյալ կանոնները.

1. ԷՊԱԹ-ների տրամադրման դեպքերը.

Վարկատու կազմակերպությունները պետք է վարկառուներին և երաշխավորներին տրամադրեն վարկերի ԷՊԱԹ-ները՝

  • Վարկային հայտի վերաբերյալ դրական որոշման կայացումից հետո՝ նախքան վարկային պայմանագրի կնքումը,
  • Վարկային պայմանագրի գործողության ընթացքում՝ պայմանագրի այնպիսի պայմանների (տոկոսադրույք, վարկի պայմաններ, այլ վճարներ, և այլն) փոփոխության դեպքում, որոնք հանգեցնում են ԷՊԱԹ-ներում ներառված տեղեկատվության փոփոխությանը (այս դեպքում ԷՊԱԹ-ը տրամադրվում է վարկառուի/երաշխավորի գրավոր կամ բանավոր պահանջով):

2. ԷՊԱԹ-ների տրամադրման կարգը.

ԷՊԱԹ-ներ տրամադրելիս վարկատու կազմակերպությունները պետք է

  • Բանավոր պարզաբանեն ԷՊԱԹ-ի էությունն ու կարևորությունը,
  • Բացատրեն ԷՊԱԹ-ի ու վարկային պայմանագրի միջև հնարավոր տարբերությունները՝ կախված վարկի մարման գրաֆիկի փոփոխությունից,
  • Վարկառուներին և երաշխավորներին հնարավորություն և բավարար ժամանակ ընձեռեն՝ ծանոթանալու առաջարկվող վարկի էական պայմաններին և ցանկության դեպքում համեմատելու առկա այլ վարկային առաջարկների հետ,
  • Վարկառուի կողմից ԷՊԱԹ-ը ստորագրելու որոշում կայացնելուց հետո չհուշեն ստորագրման դաշտերի վայրը՝ նշելով միայն ստորագրությունների քանակը:

Հաշվի առնելով վերոնշյալը՝ հորդորում են Ձեզ սպառողական վարկեր տրամադրելիս ապահովել վարկառուներին և երաշխավորներին ԷՊԱԹ-ների պատշաճ տրամադրումը՝ պահպանելով Կանոնակարգի վերոնշյալ դրույթները:

Միաժամանակ տեղեկացնում ենք, որ վերոնշյալ գործընթացը գտնվում է Կենտրոնական բանկի ուշադրության կենտրոնում և այսուհետ դրանում խախտումներ հայտնաբերելու դեպքում Կենտրոնական բանկի կողմից կկիրառվեն համապատասխան վերահսկողական միջոցառումներ:

Սույն գրության հետ կապված հարցերով կարող եք դիմել
Սյուզաննա Ալեքսանյանին