Վարկ տրամադրելը առանձին ապահովագրական կազմակերպությունների ծառայություններից օգտվելով պայմանավորվելու վերաբերյալ

Ուղղված է՝ ՀՀ տարածքում գործող բոլոր բանկերի և վարկային կազմակերպություններին

Առարկան՝ վարկ տրամադրելը առանձին ապահովագրական կազմակերպությունների ծառայություններից օգտվելով պայմանավորելու վերաբերյալ

Հարգելի՛ տիկնայք և պարոնայք,

Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկը ստանում է ազդակներ, որ վարկատու կազմակերպությունները հաճախ իրենց հաճախորդներին պարտադրում են վարկ ստանալու նպատակով գրավադրվող գույքը և/կամ վարկառուի դժբախտ պատահարներից ապահովագրությունը իրականացնել բացառապես իրենց հետ համագործակցող մեկ կամ երկու ապահովագրական ընկերությունների միջոցով, որոնք մի շարք դեպքերում փոխկապակցված են վարկատու կազմակերպությունների հետ (կամ, ըստ էության, նույնը իրականացնում է ինքնուրույն՝ վարկատու կազմակերպությունների կողմից, բայց հաճախորդի հաշվին):

Հայտնում ենք, որ վարկ տրամադրելը մեկ կամ երկու ապահովագրական կազմակերպությունների ծառայություններից օգտվելով պայմանավորելը կարող է հանգեցնել ինչպես հաճախորդների ընտրության հնարավորության սահմանափակմանը, այնպես էլ ֆինանսական համակարգում, մասնավորապես՝ ապահովագրական շուկայում, տնտեսական մրցակցության սահմանափակմանը:

Հաշվի առնելով գույքի ապահովագրության գործընթացում վարկատու կազմակերպությունների կողմից բարեխիղճ վարքագիծ դրսևորելու անհրաժեշտությունը, ինչպես նաև օրենսդրական դաշտում տեղի ունեցող և նախատեսվող փոփոխությունները՝ Ձեզ հորդորում ենք՝ բոլոր այն դեպքերում, երբ վարկի տրամադրման համար հաճախորդներից պահանջվում է գրավադրվող գույքի կամ այլ ապահովագրություն, վերջիններիս տրամադրել տարբեր ապահովագրական ընկերությունների կողմից առաջարկվող ծառայությունների ընտրության հնարավորություն: Ընդ որում նման դեպքերում վարկատու կազմակերպությանն անհրաժեշտ է հաճախորդին ներկայացնել ՀՀ‐ ում գործող ապահովագրական ընկերությունների ամբողջ ցանկը (որոնք տվյալ դասով ապահովագրություն իրականացնելու թույլտվություն ունեն): Միևնույն ժամանակ վարկատու կազմակերպությունը չպետք է ուղղակիորեն կամ անուղղակիորեն ուղղորդի հաճախորդին ապահովագրողի ընտրության հարցում (կամ ցուցաբերի միայն իր շահերից բխող, կողմնակալ վերաբերմունք՝ իր անունից, բայց հաճախորդի հաշվին ապահովագրություն իրականացնելիս): Ավելին, հաճախորդի կողմից այլ ապահովագրական ընկերության ծառայությունից օգտվելու ցանկության դեպքում վարկատու կազմակերպությունը չպետք է վարկի տրամադրումը պայմանավորի իր համար ընդունելի ապահովագրական ընկերությունների ծառայություններից օգտվելով: Ուստի հաճախորդի կողմից այլ ապահովագրական ընկերության ծառայությունից օգտվելու ցանկության դեպքում Բանկը պարտավոր է ընդունել սպառողի կամահայտնությունը:

Ի լրումն վերոնշյալի՝ Ձեզ անհրաժեշտ է երեք աշխատանքային օրվա ընթացքում ՀՀ կենտրոնական բանկի ֆինանսական վերահսկողության վարչություն ներկայացնել տեղեկատվություն գործող ապահովագրական պայմանագրերի քանակի և սակագների վերաբերյալ ըստ ապահովագրողների և ըստ վարկատեսակների սույն թվականի նոյեմբերի 30‐ի դրությամբ (համաձայն կից ներկայացված ֆայլի):

Տեղեկացնում ենք, որ Կենտրոնական բանկը շարունակելու է ուշադրության կենտրոնում պահել և մշտադիտարկման ենթարկել վերոնշյալ խնդիրը և Ֆինանսական կազմակերպությունների կողմից նման վարքագծի դրսևորման դեպքում կիրառելու է համապատասխան վերահսկողական միջոցառումներ (ընդհուպ մինչև պատժիչ միջոցառումների իրականացում):

Ֆինանսական վերահսկողության վարչության պետ` Հրանտ Սուվարյան  

Սույն գրության հետ կապված հարցերով կարող եք դիմել ՝  Նազելի Եղոյանին
Ֆինանսական համակարգում մրցակցության վերլուծության և ապահովման բաժին