«Պետական տուրքի մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին
Հայաստանի Հանրապետության տարածքում գործող բանկերին
վարկային կազմակերպություններին
ապահովագրական ընկերություններին
ապահովագրական բրոքերներին
ներդրումային ընկերություններին
ներդրումային ֆոնդի կառավարիչներին
գրավատներին
արտարժույթի առուվաճառք իրականացնող կազմակերպություններին
վճարահաշվարկային կազմակերպություններին
«ԱՔՌԱ Քրեդիթ Ռեփորթինգ» ՓԲԸ-ին
«Հայաստանի կենտրոնական դեպոզիտարիա» ԲԲԸ-ին
«Հայաստանի ֆոնդային բորսա» ԲԲԸ-ին
Հարգելի՛ գործընկերներ,
25.06.2019թ. ընդունվել է ««Պետական տուրքի մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքը (Այսուհետ՝ Օրենք): Օրենքի համաձայն 2020թ. հունվարի 1-ից փոփոխվելու են գործունեության որոշակի տեսակներով (այդ թվում՝ ֆինանսական գործունեության տարբեր տեսակներով) զբաղվելու համար սահմանված տարեկան պետական տուրքերի դրույքաչափերը, ինչպես նաև սահմանվել են նոր տուրքեր:
Մասնավորապես,
- 01.01.2020 թվականից հետո գրանցվող կամ լիցենզավորվող ֆինանսական կազմակերպությունները և վերջիններիս մասնաճյուղերը գործունեություն իրականացնելու համար պետք վճարեն տարեկան պետական տուրք՝ նոր դրույքաչափերով:
- Մինչև 01.01.2020 թվականը գրանցված կամ լիցենզավորված և գործող կազմակերպությունների համար տարեկան պետական տուրքերի նոր դրույքաչափերը գործում են յուրաքանչյուր սուբյեկտի գրանցման և/կամ լիցենզավորման ամսաթվին համապատասխան հերթական տարին սկսելու ամսաթվից:
- Ֆինանսական կազմակերպությունների մասնաճյուղերի համար, որոնք նախկինում տուրք չէին վճարում, սահմանվել են տարեկան պետական տուրքեր: Ընդ որում՝ 01.01.2020թ. դրությամբ գործող մասնաճյուղերի համար տարեկան պետական տուրք վճարելու պարտավորությունն առաջանում է յուրաքանչյուր մասնաճյուղի գրանցման ամսաթվին համապատասխան հերթական տարին սկսելու ամսաթվից:
- Վարկային կազմակերպությունների մասնաճյուղերի համար սահմանվել է տարբերակված մոտեցում, կախված արտարժույթի կանխիկ փոխանակում իրականացնելու հանգամանքից:
- Ապահովագրական ընկերությունների մասնաճյուղերի համար սահմանվել է տուրք՝ անկախ ապահովագրական դասերի քանակից:
- ՀՀ ԿԲ կողմից լիցենզավորվող կազմակերպությունների համար վերացվել է այլ վայրում ևս միևնույն գործունեություն իրականացնելու դեպքում, տարեկան տուրքի 50%-ը վճարելու հնարավորությունը:
Միևնույն ժամանակ հարկ ենք համարում հիշեցնել, որ տարեկան պետական տուրքերը ժամանակին չվճարելու դեպքում հաշվարկվում է տույժ, որը ենթակա է գանձման օրենքով սահմանված կարգով:
Հաշվի առնելով վերը նշվածը, ձեր ուշադրությունն ենք հրավիրում վերը նշված փոփոխություններին, «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքով սահմանված պարտավորությունները ժամանակին և սահմանված չափով կատարելու համար:
Լիցենզավորման և կորպորատիվ ֆինանսների վարչության պետ ՝ Էդգար Սարգսյան
Սույն գրության վերաբերյալ լրացուցիչ պարզաբանումներ ստանալու համար կարող եք դիմել ՀՀ կենտրոնական բանկի Լիցենզավորման և կորպորատիվ ֆինանսների վարչության լիցենզավորման ու գրանցման բաժինների աշխատակիցներին