«Սպառողական կրեդիտավորման մասին» օրենքում և դրանից բխող իրավական ակտերում կատարած փոփոխությունների վերաբերյալ
Ուղղված է՝ ՀՀ տարածքում գործող բոլոր
Բանկերին
Վարկային կազմակերպություններին
Գրավատներին
Առարկան՝ «Սպառողական կրեդիտավորման մասին» օրենքում և դրանից բխող իրավական ակտերում կատարված փոփոխությունների վերաբերյալ
Հարգելի՛ գործընկերներ,
Սպառողների շահերի պաշտպանությանն ուղղված օրենսդրական դաշտի կատարելագործմանն ուղղված աշխատանքների շրջանակում «Սպառողական կրեդիտավորման մասին» ՀՀ օրենքում (այսուհետ՝ Օրենք) և դրանից բխող իրավական ակտերում իրականացվել են մի շարք փոփոխություններ և լրացումներ:
Այսպես՝
- ս/թ հուլիսի 11-ից ուժի մեջ է մտել այն դրույթը, որով Օրենքը տարածվում է մինչև տասնհինգ միլիոն ՀՀ դրամով կրեդիտների վրա,
- ս/թ օգոստոսի 10-ից ուժի մեջ են մտնելու Օրենքի այն դրույթները, որով օրենքի կարգավորումները տարածվում են մինչև 5.000.000 դրամի չափով (ներառյալ՝ 5.000.000 Հայաստանի Հանրապետության դրամը) և (կամ) դրան համարժեք արտարժույթով տրամադրված գյուղատնտեսական նշանակության և «Փոքր և միջին ձեռնարկատիրության պետական աջակցության մասին» օրենքով սահմանված՝ գերփոքր առևտրային կազմակերպություններին և անհատ ձեռնարկատերերին մինչև 5.000.000 դրամի չափով (ներառյալ՝ 5.000.000 Հայաստանի Հանրապետության դրամը) և (կամ) դրան համարժեք արտարժույթով տրամադրված կրեդիտների վրա, ինչպես նաև հաղորդակցման և կրեդիտավորողի՝ սպառողի նկատմամբ պատասխանատվության վերաբերյալ դրույթները:
Ինչպես գիտեք, ենթաօրենսդրական ակտերում ևս կատարվել են մի շարք լրացումներ և փոփոխություններ:
Այսպես՝
- ս/թ օգոստոսի 16-ից ուժի մեջ է մտնելու «Ֆինանսական կազմակերպությունների գործարար վարվելակերպի կանոնները» Կանոնակարգ 8/05-ի փոփոխությունները, որոնք վերաբերում են սպառողների հետ անհատական հաղորդակցմանը և տեղեկությունների տրամադրմանը,
- ս/թ օգոստոսի 30-ից ուժի մեջ է մտնելու «Ֆինանսական կազմակերպությունների և ֆինանսական խմբերի կողմից տեղեկությունների հրապարակումը» Կանոնակարգ 8/03-ի նոր՝ վերախմբագրված տարբերակը, որը վերաբերում է տեղեկությունների հրապարակման ընդհանուր կանոններին:
Հաշվի առնելով վերը նշված փոփոխությունները` անհրաժեշտ է ապահովել՝
- ինտերնետային կայքերով, գովազդի և այլ տեղեկատվական ուղիներով հրապարակվող տեղեկատվության, ինչպես նաև
- մինչև պայմանագրի կնքումը, պայմանագրի կնքման, գործողության ընթացքում և պայմանագրի ավարտին տրամադրվող տեղեկատվության նկատմամբ սահմանված սկզբունքների և պահանջների կատարումը:
Անհրաժեշտ է նաև Ձեր բիզնես գործընթացները և ներքին իրավական ակտերը համապատասխանեցնել նոր փոփոխություններին, իսկ այն դրույթների կատարման նկատմամբ, որոնք արդեն ուժի մեջ են մտել, Կենտրոնական բանկն իրականացնելու է վերահսկողական միջոցառումներ՝ դրանց պատշաճ կիրարկումն ապահովելու նպատակով:
Սպառողների շահերի պաշտպանության և ֆինանսական կրթման կենտրոնի ղեկավար՝ Արմենուհի Մկրտչյան
Սույն գրության հետ կապված հարցերի դեպքում դիմել՝ Անժելա Ավետիսյանին