Արմեն Քթոյան
Խորհրդի անդամ
Արմեն Քթոյանը ՀՀ ԱԺ կողմից Կենտրոնական բանկի խորհրդի անդամ է ընտրվել 2025թ․ հոկտեմբերի 24–ին։ Հանդիսանում է նաև Աուդիտի կոմիտեի անդամ։
Մինչ Կենտրոնական բանկում աշխատանքի անցնելը, Արմեն Քթոյանը Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանում զբաղեցրել է Վիճակագրության և տվյալագիտական ամբիոնի վարիչի պաշտոնը, նաև հանդիսացել է «Ֆասթ Բանկ» ՓԲԸ խորհրդի անկախ անդամ։ Ունի ակադեմիական և հետազոտական ոլորտներում երկարամյա աշխատանքային փորձառություն։
Որպես ազգային փորձագետ և վերլուծաբան ներգրավվել է Համաշխարհային բանկի, ՄԱԿ, Եվրամիության, մի շարք հեղինակավոր հետազոտական կազմակերպությունների և հիմնադրամների ծրագրերում ու հետազոտություններում, որոնք առնչվել են, մասնավորապես, ՀՀ-ում զբոսաշրջային կլաստերների ձևավորման ներդրումների արդյունավետության գնահատմանը, ՀՀ տնտեսության դիմակայունության բարձրացման խնդիրների վերլուծությանը և դրանց լուծման ուղիների մշակմանը, Հայաստանում ժամանակի օգտագործման ուսումնասիրությանը, հանրապետությունում սոցիալական բնակապահովության ռազմավարական մոդելի և գործիքների մշակմանը, կրթության ֆինանսավորման արդյունավետության բարձրացման խնդիրների հետազոտմանը, թվայնացման պայմաններում բիզնես միջավայրի բարելավման ուղիների նախանշմանը և այլն։
Ա․Քթոյանը ավարտել է Երևանի պետական տնտեսագիտական ինստիտուտի (ներկայումս՝ Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարան) Ինժեներատնտեսագիտական ֆակուլտետը՝ «Մաթեմատիկական մեթոդներ և գործառնությունների հետազոտություն էկոնոմիկայում» մասնագիտությամբ` ստանալով «Տնտեսագետ-մաթեմատիկոս» որակավորում: Տնտեսագիտության թեկնածու, դոցենտ է։ Ունի շուրջ 50 հրապարակված գիտական և հետազոտական աշխատանքներ, հոդվածներ։
Ամուսնացած է, ունի երկու որդի և դուստր։