Նարեկ Ղազարյան
Խորհրդի անդամ
Նարեկ Ղազարյանը 2022 թվականի դեկտեմբերին ՀՀ Ազգային ժողովի կողմից ընտրվել է ՀՀ կենտրոնական բանկի խորհրդի անդամ և կարևոր դեր ունի Բանկի դրամավարկային և մակրոտնտեսական քաղաքականության մշակման և իրականացման գործում:
Պարոն Ղազարյանը ունի լայն փորձառություն մակրոտնտեսական քաղաքականության և ֆինանսների բնագավառներում և ստացել է մի շարք մասնագիտական որակավորումներ:
Նա ՀՀ ԿԲ աուդիտ կոմիտեի անդամ է, իսկ Ավանդների Երաշխավորման Հիմնադրամում ներկայացված է որպես խորհրդի անդամ, նաև նախագահում է ՀՀ Կենսաթոշակային Երաշխիքային Հիմնադրամի խորհուրդը և Եվրասիական Տնտեսական Հանձնաժողովի Մակրոտնտեսական քաղաքականության հարցերով խորհրդատվական կոմիտեի անդամ է:
Մինչ ներկայիս պաշտոնը ստանձնելը՝ Նարեկ Ղազարյանը 2022-2023 թվականներին զբաղեցրել է Կենտրոնական բանկի ֆինանսական ռիսկերի կառավարման վարչության պետի, իսկ 2021-2022 թվականներին՝ վերահսկողության և լիցենզավորման դեպարտամենտի տնօրենի խորհրդականի պաշտոնները:
2018-2021 թվակններին աշխատել է Արժույթի Միջազգային Հիմնադրամում որպես տնտեսագետ՝ պատասխանատվության տարածաշրջանը՝ Եվրոգոտու անդամ երկրներ և Միացյալ Թագավորություն:
2009-2017 թվականներին աշխատել է ՀՀ ԿԲ դրամավարկային քաղաքականության վարչությունում, որպես մասնագետ, ավագ մասնագետ, այնուհետև որպես ՀՀ տնտեսության վերլուծությունների և կանխատեսումների բաժնի պետ:
Ծնվել է Երևանում, սովորել է Երևանի Պետական Համալսարանում՝ ստանալով տնտեսագիտության բակալավրի աստիճան, այնուհետև շարունակել է կրթությունը Բուդապեշտ քաղաքում գտնվող Կենտրոնական Եվրոպական Համալսարանում և 2009 թվականին ստացել է տնտեսագիտության մագիստրոսի կոչում:
Նարեկ Ղազարյանը ներդրում է ունեցել ԿԲ և ՀՀ Կառավարության կողմից համատեղ իրականացվող մի շարք տնտեսական բարեփոխումներում (Կուտակային կենսաթոշակային համակարգի ներդրում, գնաճի նպատակադրման հայեցակարգի արդիականացում, ռիսկերի վրա հիմնված վերահսկողության ներդրում):
ՀՀ կենտրոնական բանկի գործընկեր բանկերի և միջազգային մի շարք հեղինակավոր կառույցների հետ համատեղ կազմակերպել և վարել է սեմինարներ, կոնֆերանսներ և տեխնիկական աջակցման ծրագրեր և՛ ՀՀ տարածքում, և՛ արտասահմանում: Դրամավարկային և մակրոպրուդենցիալ քաղաքականության, համաշխարհային առևտրի և տնտեսության սցենարային վերլուծությունների ոլորտներում մի շարք հետազոտական աշխատանքների և հրապարակված վերլուծությունների հեղինակ է:
Դասավանդել է Հայաստանի ամերիկյան համալսարանում և ՀՀ ԿԲ Ֆինանսաբանկային ուսումնական կենտրոնում: Կենտրոնական բանկում արդյունավետ և բարեխիղճ աշխատանքի համար պարգևատրվել է Հայաստանի Հանրապետության նախագահի շնորհակալագրով: