Կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանի ելույթը Դրամի 30-ամյակին նվիրված միջոցառմանը
Մարտին Գալստյանի ելույթը Դրամի 30-ամյակին նվիրված միջոցառմանը
Հայաստանի Հանրապետության մեծարգո Նախագահ
Հայաստանի Հանրապետության կառավարության անդամներ և Հայաստանի Հանրապետության Ազգային Ժողովի պատգամավորներ
Հայաստանի Հանրապետությունում հավատարմագրված դեսպաններ
Միջազգային կառույցների ներկայացուցիչներ,
Հարգելի տիկնայք, պարոնայք, հյուրեր
Ինձ համար մեծ պատիվ է այսօր ողջունելու Ձեզ Դրամի 30-ամյակին նվիրված միջոցառմանը: Որպես Կենտրոնական բանկի նախագահ, խորապես երախտապարտ եմ նշանակալի այս իրադարձության՝ մեր ազգային արժույթի, դրամի 30-ամյակը միասին արժևորելու և տոնելու հնարավորության համար։ Սերունդների նվիրական աշխատանքի շնորհիվ ՀՀ ազգային արժույթն այսօր մեր անկախության և պետականության կարևորագույն խորհրդանիշներից մեկն է:
Այս հոբելյանական տարվա ընթացքում Կենտրոնական բանկը մի շարք միջոցառումներ է կազմակերպել՝ նվիրված Հայաստանի Հանրապետության դրամի 30-ամյակին: Վերհիշելով մեր անցյալը, մեր ժառանգությունը և անցած ճանապարհը՝ հիրավի շատ բան ունենք նշելու ու հպարտանալու:
Հայկական դրամը մեր պետական և ազգային կարևոր խորհրդանիշերից մեկն է: 1993 թ․ նոյեմբերի 22-ին, շատ ծանր պայմաններում այն դրվեց շրջանառության մեջ։ Դրամը բարդ ճանապարհ է անցել։ Մեր ազգային արժույթը «բախվել» է հիպերինֆլյացիայի ու հաղթահարել բազում ճգնաժամային իրավիճակներ։ Այդուհանդերձ, այն կանգուն է՝ շնորհիվ մեր երկրում հետևողականորեն իրականացվող մակրոտնտեսական պատասխանատու կառավարման:

Եվ այսօր գոհունակությամբ ու հանդիսավորությամբ նշում ենք համապետական արժեք հանդիսացող հուսալի արժույթի՝ ՀՀ դրամի տարեդարձը, որին այսօր հայ հանրությունը լիովին վստահում է։
Աշխարհում ընթանում են աշխարհաքաղաքական, ֆինանսական և տեխնոլոգիական փոփոխություններ, և մենք նույնպես զերծ չենք մնում` գտնվում ենք այդ փոփոխությունների հորձանուտում: Լինելով ինքնակրթվող հաստատություն, մենք շարունակաբար ձգտում ենք գերազանցության՝ առաջատար հետազոտությունների և նորարարական լուծումների իրագործման միջոցով: Մենք հանդես ենք գալիս ապագային միտված նախաձեռնություններով՝ պահպանելով տնտեսական կայունության մեր հանձնառությունը: Դրա գրավականը Կենտրոնական բանկում կուտակվող գիտելիքն է և կարողությունների շարունակական զարգացումը, ինչը կիսում են մեր բոլոր աշխատակիցները և գործընկերները:
Թույլ տվեք վստահեցնել, որ Կենտրոնական բանկը շարունակելու է լինել վստահելի գործընկեր մեր հանրության, բիզնեսի և կառավարության համար՝ ապահովելով գների և ֆինանսական կայունությունը: Մենք հավատարիմ ենք մնում տնտեսական կայունության ու բարեկեցության ապահովմանը նպաստելու մեր առաքելությանը, և մենք անելու ենք ամենը, որպեսզի իրացնենք մեր երկրի և ամեն մի դրամի ներուժը:
Շնորհավորում եմ բոլորիս Դրամի 30-ամյակի կապակցությամբ. շնորհակալ ենք, որ մեզ հետ կիսում եք այս հիշարժան պահը: Դրամին մաղթում ենք կայուն և վստահելի ապագա, մեզ էլ՝ արգասաբեր աշխատանք:
Շնորհակալություն։