Հայաստանի ֆինանսական համակարգի թվային վերափոխումը
ԿԲ նախագահ Մարտին Գալստյանի հոդվածը Ֆինանսական ներգրավվածության միության կայքում
Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկը (ՀՀ ԿԲ) առաջնորդում է Հայաստանի ֆինանսական շուկաներում թվային վերափոխման գործընթացը, որը նրա ռազմավարության առանցքային գերակայություններից է։ AFI-ի համար իր առաջին բլոգում Կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանը քննարկում է, թե դա ինչպիսի լայն հնարավորություններ կստեղծի թվային ֆինանսական ծառայությունների համար՝ խթանելով ֆինանսական ներգրավվածությունը։
Ֆինանսական համակարգի թվային վերափոխումը զգալի ազդեցություն կունենա մեր հասարակության կողմից ֆինանսական ծառայությունների և պրոդուկտների ընկալման վրա: Սա ենթադրում է բարեփոխումների ընդգրկուն օրակարգ, որը ներառում է ֆինանսական համակարգի իրավական, նորմատիվային և տեխնիկական կողմերը:
Թեև թվային վերափոխումը կառաջացնի նոր մարտահրավերներ, դրա իրականացման հետաձգումը, սակայն, կարող է ավելի մեծ վնաս պատճառել՝ ներկայիս արագ փոփոխվող գլոբալ միջավայրում շուկայական փոփոխությունների և նոր բիզնես գործելակերպի անորոշությունների հետևանքով: Մենք վստահ ենք, որ հասարակությունը մեծապես շահելու է՝ հատկապես ավելի մեծ ֆինանսական ներգրավվածության, թափանցիկության և օպտիմալ բիզնես գործելակերպի միջոցով:
Մեր ռազմավարությունը հիմնված է լայնածավալ ուսումնասիրությունների, այդ թվում՝ աշխարհի ամենազարգացած երկրների և իրավական համակարգերի փորձի վրա: Մենք համակողմանիորեն դիտարկել ենք բոլոր հնարավորությունները, այդ թվում՝ կարգավորումը, վերահսկողությունը, փոխգործակցության չափանիշները, սպառողների պաշտպանությունը, ենթակառուցվածքները և աջակցությունը գործող ծառայություններ մատուցողներին, նախևառաջ՝ լիցենզավորված առևտրային բանկերին։ Ստորև կդիտարկենք դրանց հիմնական առանձնահատկությունները:
Ազգային էլեկտրոնային նույնականացման համակարգ
ԿԲ-ն ներկայումս աշխատում է Կառավարության և մասնավոր հատվածի շահագրգիռ կողմերի հետ՝ նպատակ ունենալով սահմանելու ազգային էլեկտրոնային նույնականցման համակարգի կառավարման և տեխնիկական կարևորագույն պահանջները: Ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ մասնատված մոտեցման կանխումը և ազգային մակարդակում էլեկտրոնային նույնականացման համակարգի ստեղծումը զգալիորեն կարագացնեն մեր ռազմավարության իրականացումը։ Ավելին, դրանք կարևոր քայլ կդառնան լիարժեք թվային հասարակության կառուցման գործում: Այս նոր համակարգը զգալիորեն կբարձրացնի փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի ընթացակարգերի արդյունավետության մակարդակը։
Մեր մոտեցումը նպատակ ունի նաև մեծացնելու ֆինանսական ներգրավվածությունը և զարգացնելու անկանխիկ տնտեսություն։ Ազգային էլեկտրոնային նույնականացումը կհաստատվի քաղաքացու բանկային հաշվի համարով։ Սա նշանակում է, որ բոլոր գրանցված անձինք իրենց առկա բանկային հաշվի համարները կկցեն իրենց թվային նույնականացման հաշիվներին կամ կստանան նոր բանկային հաշիվներ, որոնք ավտոմատ կերպով կբացվեն գործընկեր՝ թվային ֆինանսական ծառայություններ մատուցողների կողմից:
Իրագործվելուց հետո թվային վճարումները մոտ ապագայում կդառնան Հայաստանը թվային հասարակության վերափոխելու հիմնաքարը։
Իրավական և նորմատիվային փոփոխություններ
Թվային վերափոխման մեր նպատակն է Հայաստանում ստեղծել բաց ֆինանսական էկոհամակարգ՝ մրցունակ անհատականացված ֆինանսական ծառայություններ և ապրանքներ տրամադրելու համար: Դա նաև կպահանջի ընդհանուր չափորոշիչների և խելացի կարգավորման ու վերահսկողական դաշտերի մշակում:
Կենտրոնական բանկը նաև հետամուտ է լինելու իրավական և կարգավորման դաշտի փոփոխությունների իրականացմանը ՝ խթանելով նորարարությունը և առաջադեմ ֆինանսական տեխնոլոգիաների (FinTech) օպերատորների մուտքը Հայաստանի թվային ֆինանսական ծառայությունների շուկա։ Մենք կարծում ենք, որ բանկերը կշարունակեն առանցքային դեր խաղալ ֆինանսական կայունության համար բնորոշ ռիսկերի նվազեցման գործում՝ միաժամանակ ակտիվորեն թվայնացնելով իրենց ծառայություններն ու պրոդուկտները։
Մասնավորապես՝ մենք դիտարկում ենք գործող օրենսդրական դաշտի բարեփոխումները և նոր ապրանքներ ու ծառայություններ մատուցողների համար լրացուցիչ լիցենզիաների ներդրումը: Դրանք «բանկը որպես ծառայություն» և «բանկը որպես հարթակ» բիզնես մոդելների գործարկման հնարավորություն կտան, որոնք ընդհանուր են առևտրային բանկերի և FinTech ընկերությունների համագործակցության համար ամբողջ աշխարհում:
Տվյալների ենթակառուցվածք
Որպես շուկայական արդյունավետության լծակ՝ մենք նաև դիտարկում ենք հետագա ներդրումների հնարավորությունը տվյալների ենթակառուցվածքում, ներառյալ՝ կարգավորման ավտոմատացումը (RegTech) և վերահսկողությունը (SupTech)՝ դյուրացնելու լիցենզավորված կազմակերպությունների կողմից վճարողից շահառուներին ուղղված վճարումների ամբողջ շղթան և ֆինանսական ծառայությունները:
Պատշաճ կերպով մշակվելու դեպքում SupTech-ը մեզ թույլ կտա իրական ժամանակում հավաքել մեծածավալ տվյալներ միտումների և այլ վերլուծությունների արդյունքների կիրառման համար՝ դրանով իսկ նվազեցնելով ֆինանսական ոլորտին առնչվող համապատասխանության ծախսերը: Ամենակարևորը՝ կարգավորվող կազմակերպությունների համար դա կկրճատի հաշվետվողականության ժամանակն ու ծախսերը ՝ թույլ տալով նրանց ավելի շատ ժամանակ և գումար ծախսել բիզնեսի զարգացման նպատակով:
RegTech-ն ավելի բարդ նախաձեռնություն է, սակայն դրա հաջողությունը զգալիորեն կնվազեցնի Կենտրոնական բանկի՝ կանոնակարգի մշակման և տարածման, ինչպես նաև կարգավորվող կազմակերպությունների՝ համապատասխանության հետ կապված ծախսերը: Պատշաճ մշակված լուծումները կարող են ավտոմատ եղանակով նոր կամ փոփոխված նորմատիվային չափորոշիչները հասանելի դարձնել կարգավորվող կազմակերպություններին և նվազեցնել ձեռքի աշխատանքը:
Բնականաբար, դա կպահանջի համապատասխան փոխգործակցության չափորոշիչներ, որոնք մենք նպատակ ունենք մշակելու և ընդունելու Կառավարության և մասնավոր հատվածի հետ համագործակցությամբ։ Կենտրոնական բանկի և շուկայի մասնակիցների միջև փոխգործակցությունը կպահանջի առկա կառավարման և հիմնական ծրագրային լուծումների համալիր արդիականացում, ինչպես նաև նորերի ստեղծում: Այս գործընթացը կիրականացվի մի քանի փուլով` սկսած համատեղ պիլոտային ծրագրերից:
Մենք նաև դիտարկում ենք շուկայի մասնակիցների համար հստակ դերակատարումների սահմանում, որոնք նման են Եվրոպական միության Վճարային ծառայությունների դիրեկտիվ 2-ում սահմանվածներին՝ միգուցե նաև ընդլայնելով նույն տրամաբանությունը վճարային ծառայություններից դուրս և ավելի լայն ֆինանսական ծառայությունների տիրույթում:
Միջնաժամկետ միջոցառումներ
Ֆինանսական ծառայությունների վերափոխման հնարավորություններից բացի, մենք նպատակադրված ենք մի շարք այլ գործողությունների իրականացմանը։ Այսպես՝ դիտարկում ենք FinTech ինկուբատորի ստեղծման հարցը՝ նպաստելու ստարտափների աճին և ներդրումներին, աջակցելու համաշխարհային առաջադեմ խաղացողների մուտքին թվային ֆինանսական ծառայությունների շուկա: Ավելին, մենք դիտարկում ենք կարգավորման «ավազատուփի» (regulatory sandbox) ներդրման հնարավորությունը:
Վերջում կցանկանայի ընդգծել Կենտրոնական բանկի թվային արժույթների (CBDC) մասին ավելին իմանալու մեր հետաքրքրվածությունը՝ Հայաստանում դրանց հնարավոր ներդրման առումով: Կան տարբեր մոդելներ և գործառույթներ, և մենք պետք է ընտրենք այնպիսիք, որոնք համապատասխանում են մեր ֆինանսական համակարգի կարիքներին։
Մենք CBDC-ն դիտարկում ենք ոչ միայն որպես վճարումների գործիք, այլ նաև ելնում ենք հեռանկարում դրամավարկային քաղաքականության նկատառումներից:
Կարևոր է այս գործիքի կառուցումը դիտարկել նաև համատեղ մշակված միջազգային տեխնիկական չափորոշիչների հիման վրա՝ տարբեր երկրների CBDC համակարգերի հետ փոխգործակցության հասնելու և անխափան միջազգային գործարքներ ապահովելու նպատակով:
Թեև մենք հակիրճ անդրադարձանք թվային ծառայությունների վերափոխման մեր ռազմավարական տեսլականին, վստահաբար, դրա իրականացման ամենակարևոր արդյունքը կլինի հաճախորդների, բիզնեսի և կարգավորողների մշակութային, ինչպես նաև մտածելակերպի փոփոխությունը: Վերափոխումը կլինի ոչ միայն տեխնոլոգիական, այլ նաև ճանաչողական, հատկապես, եթե մենք գործընթացների շուրջ կառուցված համակարգից անցնենք հաճախորդների կարիքները հաշվի առնող համակարգի:
Վերջապես՝ վստահ ենք, որ թվային վերափոխումը զարգանում է գլոբալ մակարդակում, և մենք շարունակում ենք բաց լինել քննարկումների և փորձի փոխանակման համար։
Հղումը սկզբնաղբյուր կայքին՝ https://www.afi-global.org/newsroom/blogs/digital-transformation-of-armenias-financial-system/?fbclid=IwAR1RI72_6xGT1ZNpyECirOUaBJb3MkaTxEo4L2yyOIez5aFebBgz_SCRAe4