Կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանի բացման խոսքը CaseKey 2023 բիզնես խնդիրների լուծման մրցույթի գալա միջոցառմանը
CaseKey 2023-ի գալա միջոցառումն անցկացվեց Կենտրոնական բանկի Դիլիջանի ուսումնա-հետազոտական կենտրոնում։
Սիրով ողջունում եմ բոլորիդ Կենտրոնական Բանկի Դիլիջանի ուսումնահետազոտական կենտրոնում՝ մասնակցելու 2023 թվականի CaseKey բիզնես խնդիրների լուծման մրցույթին։ Ուրախ եմ նշել, որ արդեն երրորդ տարին անընդմեջ Կենտրոնական Բանկն աջակցում է CaseKey մրցույթին, որը նպաստում է մեր երկրում ոչ ֆորմալ կրթության նոր ավանդույթների ձևավորմանը։ Նախ և առաջ, ցանկանում եմ շնորհակալություն հայտնել բոլոր կազմակերպիչներին՝ հատկապես՝ Արշակ Կարապետյանին և իր թիմին, ինչպես նաև մեր գործընկերներին՝ Միացյալ նահանգների դեսպանությանը, Բիբլոս բանկին և մի շարք այլ առաջատար ընկերությունների իրենց համագործակցության համար, ինչպես նաև բոլոր երիտասարդ մասնակիցներին իրենց նախաձեռնողականության համար։
Բիզնես խնդիրների ուսումնասիրությունը (կամ՝ case studies) բազմակողմանի բիզնես կրթության ամենակարևոր մասնիկներից մեկն է։ CaseKey մրցույթի հիմնական նպատակներից մեկն է զարգացնել և ստուգել ձեր հմտությունները բիզնես ոլորտում մեծ կարևորություն ունեցող մի շարք ուղությունների շուրջ, ինչպիսին են քննադատական ու ռազմավարական մտածելակերպը, արագ կողմնորոշվելու կարողությունը (կամ՝ “thinking on your feet)”, ինչպես նաև ճնշման ներքո և սեղմ ժամկետներում աշխատելու ունակությունը։
Անկեղծ ասած, երբեմն շատ դժվար է լինում այս ունակությունները ձեռք բերել ինքնուրույն կամ սովորել դասագրքերից։ Շրջահայաց և ճկուն առաջնորդ դառնալու համար երբեմն անհրաժեշտ է առաջնորդվել “learning by doing” սկզբունքով։ Վերջինիս ամենակարևոր տարրերից մեկը, իմ համոզմամբ, թիմային միջավայրում աշխատանքն է, որտեղ դուք հնարավորություն եք ստանում համագործակցելու և պարզապես շփվելու տարբեր մտածելակերպ և աշխարհայացք ունեցող անհատների կամ թիմակիցների հետ՝ սովորելով առաջնորդ և միաժամանակ ավելի համեստ ու զիջող լինելու նուրբ արվեստը։ Իմ կարծիքով հենց սա է CaseKey մրցույթի ամենամեծ արժեքը․ այն յուրահատուկ հնարավորություն է տալիս զարգացնելու և կիրառելու այս հմտությունները՝ պրոֆեսիոնալ ու բավականին պահանջկոտ աշխատանքային միջավայրում, որը գրեթե չի տարբերվում իրական բիզնես աշխարհից։ Բացի դրանից, մրցույթը նաև ստուգում է ձեր հաղորդակցման ունակությունները, որոնք նույնքան կարևոր են, որքան ձեր մտավոր կարողությունները ու տեխնիկական հմտությունները։
Կենտրոնական բանկի մեր թիմում այս հմտությունները հանդիսանում են մարդկային կապիտալի զարգացման, նոր աշխատակիցների ներգրավման, ինչպես նաև աշխատանքային առաջխաղացման կարևորագույն նախապայմաններից մեկը։ Հատկանշական է, որ թե՛ մեր թիմի, և թե՛ հանրության հետ իմ հաղորդակցման ժամանակ, ես մշտապես շեշտում եմ, որ մենք ապրում ենք աննախադեպ ժամանակներում։ Ինչպես մեր երկրում, այնպես էլ ամբողջ աշխարհում օրեցօր աճող անորոշությունը լուրջ մարտահրավերներ է ստեղծում, որոնց հաղթահարումը պահանջում է նորարարական լուծումներ և քննադատական մտածելակերպ, ոչ միայն կենտրոնական բանկից կամ տնտեսվարողներից, այլ նաև ամբողջ հասարակությունից։
Որպես վերջաբան ցանկանում եմ շեշտել, որ Հայաստանի տնտեսական ապագան ինչպես նաև մեր տնտեսության հետագա զարգացումն ու կայունությունը մեծապես կախված է իր ապագա առաջնորդների (այսինքն՝ ձեր) գիտելիքների, ներուժի ու հմտությունների զարգացման մակարդակից։ Այս առումով, վստահ եմ, որ CaseKey մրցույթը իր կարևոր դերակատարումը կունենա ձեր աշխատանքային կարիերայում և կհանդիսանա կարևոր քայլ դեպի ավելի ամուր և կայուն հիմքերի վրա կառուցված ապագա։ Բոլորիդ մաղթում եմ հաջողություն։