Մարտին Գալստյանի ողջույնի խոսքը ԱՄՀ Կովկասի, Կենտրոնական Ասիայի և Մոնղոլիայի Կարողությունների զարգացման տարածաշրջանային կենտրոն (ԿԿԱՄԿԶՏԿ) բացման արարողությանը
ԱՄՀ Կովկասի, Կենտրոնական Ասիայի և Մոնղոլիայի Կարողությունների զարգացման տարածաշրջանային կենտրոն (ԿԿԱՄԿԶՏԿ)
Բացման արարողություն և ԿԿԱՄ տարածաշրջանի կլոր սեղան
Ալմաթի, Ղազախստան, 9-ը հունիսի, 2023 թ․
Տիկնայք և պարոնայք, հարգելի գործընկերներ
Ողջունում եմ բոլորիդ ԿԿԱՄԿԶՏԿ ղեկավար կոմիտեի անունից՝ որպես ներկա նախագահող: ԿԿԱՄԿԶՏԿ-ն, իբրև արդյունավետ հարթակ, արագորեն թափ է հավաքում բովանդակային երկխոսության մեջ ներգրավելու, առկա մարտահրավերներին լուծումներ փնտրելու և համատեղ ուսումնառության հնարավորությունները բացահայտելու առումներով: Այսօրվա քննարկման թեմաներն առաջնակարգ կարևորություն ունեն տարածաշրջանի երկրների համար: Մենք հավաքվել ենք այստեղ՝ ուսումնասիրելու աշխարհում գնաճի շեշտակի աճից բխող ներկայիս խնդիրները և դրա հնարավոր ազդեցությունները դրամավարկային քաղաքականության վրա, որի հետ կապված, մենք, անշուշտ, կարող ենք նոր բան առաջարկել աշխարհին: Կանդրադառնանք նաև հարկաբյուջետային մեխանիզմների բարելավման առանցքային խնդրին՝ հասցեագրելու համար երկարաժամկետ կառուցվածքային մարտահրավերները: Կարծում եմ՝ դրամավարկային և հարկաբյուջետային քաղաքականությանն առնչվող արդիական հարցերի քննարկումները նույնպես, անկասկած, կբացահայտեն հետագա համագործակցության և կարողությունների զարգացման օրակարգի բոլոր հնարավորությունները ԿԿԱՄ տարածաշրջանում:
Վերջին ժամանակներս մենք ականատես ենք լինում աշխարհում գնաճային ճնշումների կտրուկ աճի, որն իր ազդեցությունն է ունենում ողջ աշխարհի տնտեսությունների վրա՝ վտանգելով կայունությունը, աճը և բարեկեցությունը: Միևնույն ժամանակ, ապագա մակրոտնտեսական միջավայրի վերաբերմամբ ավելացող անորոշությունն է՛լ ավելի է բարդացնում քաղաքականության մշակումը՝ մեծացնելով սխալվելու ռիսկերը և դրանցից բխող համապատասխան քաղաքականության հետևանքները: Հետևաբար՝ մենք կանգնած ենք այս մարտահրավերը հասցեագրելու և մեր տնտեսությունները պաշտպանելու արդյունավետ ռազմավարություններ մշակելու խնդրի առաջ: Գործող քաղաքականության և մեխանիզմների, գործիքների, ռազմավարությունների և ինստիտուցիոնալ կարգավորումների մանրակրկիտ գնահատումն ու վերանայումը օգտակար կլինեն կարճաժամկետ արդյունավետության հասնելու և երկարաժամկետ կայունություն ապահովելու առումներով: Այսօր՝ ավելի ուշ, այս հարցերի շուրջ կունենանք համապարփակ քննարկում։ Վստահ եմ՝ սա նաև այն ոլորտն է, որտեղ մենք ունենք տարածաշրջանային գործակցության, համաստեղծման մեծ ներուժ և, ուրեմն, կարող ենք նորարարական լուծումներ առաջարկել զարգացող աշխարհին:
Այս գործում վիթխարի նշանակություն է ստանում ինչպես ԱՄՀ և տարածաշրջանային երկրների գործակցությունը, այնպես էլ ԿԿԱՄԿԶՏԿ-ի՝ որպես կարողությունների զարգացմանը և գործընկերների համատեղ ուսումնառության նախաձեռնությունների խթանմանը միտված արդյունավետ հաստատության հիմնումը: Այս հաստատությունների միջև գործընկերությունը հարթակ է ստեղծում կարողությունների զարգացման ու գիտելիքի փոխանակման համար, ինչը քաղաքականություն մշակողներին և իրենց մասնագիտությամբ զբաղվողներին անհրաժեշտ գործիքներով ապահովելու հարցում վճռորոշ դեր կարող է խաղալ՝ մեր առջև ծառացած մարտահրավերները լուծելու նպատակով: Համատեղ ուսումնառությունը խթանելուց և պետական ինստիտուտներին տեխնիկական աջակցության բազմաթիվ հնարավորություններ տրամադրելուց զատ՝ մենք նախատեսում ենք ԿԿԱՄԿԶՏԿ-ին վերապահել նաև համաստեղծման և համատեղ հետազոտական հարթակի դերը: Մեր երկրներում կա հետազոտությունների հսկայական տարածք, որը կարող է ոչ միայն հետաքրքիր լինել տարածաշրջանի հետազոտողներին, այլև հնարավորություն կտա ներգրավելու աշխարհի նշանավոր փորձագետների՝ արդյունավետ համագործակցության և հետազոտություններ իրականացնելու համար: ԱՄՀ դերն այդ առումով կարող է էական լինել: Մենք արդեն այսօր ճանաչում և արժևորում ենք ԿԿԱՄԿԶՏԿ ու ԱՄՀ ներդրումները և անհամբեր սպասում մեր գործընկերության հետագա ամրապնդմանը՝ հանուն ԿԿԱՄ տարածաշրջանում տնտեսական ամրակայության և կայունության մեծացման:
Հուսով եմ, որ այսօրվա կլոր սեղանը ևս մեկ հիանալի հնարավորություն է՝ խորամուխ լինելու այս կարևոր հարցերի ուսումնասիրության մեջ և ի մի բերելու քաղաքականություն մշակողների, տնտեսագետների և ոլորտի փորձագետների այլևայլ տեսակետները: Մենք կուսումնասիրենք նորարարական ռազմավարություններ, կփոխանակենք լավագույն փորձը և կօգտագործենք միմյանց փորձառությունը: Համոզված եմ, որ այս հավաքը կառուցողական երկխոսության, համագործակցության և գործնական գաղափարների ստեղծման խթան ՝ մեր առջև ծառացած մարտահրավերներին դիմակայելու համար:
Իբրև եզրափակում՝ եկեք այս համագործակցությունը դիտարկենք բաց մտքով, պատրաստ՝ ներգրավվելու գաղափարների արդյունավետ փոխանակմանը: Ներկայիս մակրոտնտեսական մարտահրավերները պահանջում են մեր ուշադրությունն ու վճռական գործողությունների դիմելու կոչերը։ Կենտրոնանալով մեր դրամավարկային քաղաքականությունների բարելավման գործում գործընկերության ամրապնդման և երկարաժամկետ կառուցվածքային խնդիրների լուծման վրա՝ մենք կարող ենք առաջ ընթանալ այս անհանգիստ ժամանակներում և կառուցել ավելի դիմակայուն և բարգավաճ ապագա ԿԿԱՄ առանձին երկրների և ամբողջ տարածաշրջանի համար:
Շնորհակալություն։ Բոլորին մաղթում եմ արդյունավետ քննարկումներ: