Հայաստանի բանկային համակարգը բավականին կայուն է և ունակ դիմակայելու արտաքին ցնցումներին (ՀՀ ԿԲ նախագահ Արթուր Ջավադյանի բացառիկ հարցազրույցն ԱՌԿԱ լրատվական գործակալությանը)
Հայաստանի բանկային համակարգը բավականին կայուն է և ունակ է դիմակայելու արտաքին ցնցումներին
ՀՀ ԿԲ նախագահ Արթուր Ջավադյանի բացառիկ հարցազրույցն ԱՌԿԱ լրատվական գործակալությանը
Հարց 1. Ղեկավարության փոփոխությունից հետո կպահպանվի՞ արդյոք ԿԲ կողմից ժառանգված քաղաքականությունը:
ԿԲ-ն դրամավարկային քաղաքականության գնաճի նպատակադրման ռազմավարությանն անցում է կատարել 2006 թվականից և անցած ժամանակահատվածում ձեռք բերված արդյունքները ցույց են տվել, որ մակրոտնտեսական զարգացման մակարդակի տվյալ փուլում, այդ ռազմավարությունը բավականին արդարացված է և կենսունակ: ԿԲ ղեկավարությունը մտադիր է շարունակել և զարգացնել այդ քաղաքականության հիմնական սկզբունքներն ու ուղղությունները, քանի որ այն առավելագույնս թափանցիկ ու հրապարակային է դարձնում ԿԲ գործունությունը` ուղղված ինչպես իր գլխավոր նպատակի`գնաճի ցածր և կայուն մակարդակի, այնպես էլ բարձր և տևական տնտեսական աճի ապահովմանը:
Ֆինանսական համակարգի կարգավորման և վերահսկողության դաշտում ՀՀ ԿԲ-ն կշարունակի ֆինանսական համակարգի՝ ըստ ինստիտուտների իրականացվող վերահսկողությունից անցումը ֆունկցիոնալ վերահսկողության ռազմավարությանը: Վերահսկողության/կարգավորման նշված մոդելն ամենանպատակահարմարն է ունիվերսալ բանկային համակարգ ունեցող երկրի համար, որը հնարավորություն է տալիս մի կողմից ապահովելու ֆինանսական համակարգից ծագող ռիսկերի բազմակողմանի և համալիր վերահսկողություն, մյուս կողմից`ՀՀ ֆինանսական միջնորդության աճի խթանման և ֆինանսական ծառայություններ սպառողների շահերի պաշտպանության համալիր միջոցառումներ իրականացնել:
Հարց 2. Ինչպե՞ս է ԿԲ-ն օժանդակելու Կառավարության բարեփոխումներին: Որքանո՞վ է ԿԲ կողմից վարվող քաղաքականությունը համապատասխանում նախատեսվող բարեփոխումներին:
Ընդհանուր առմամբ, տնտեսական բոլոր բարեփոխումների հիմնական նպատակը կայուն տնտեսական աճի ապահովումն է: ԿԲ դրամավարկային քաղաքականությունը, որպես տնտեսական քաղաքականության բաղկացուցիչ մաս, օժանդակում է դրան` իրագործելով իր գլխավոր նպատակը` տնտեսությունում գների կայունության ապահովումը: Վերջինս մակրոտնտեսական կայունության և տնտեսության տարբեր ոլորտների համաչափ ու տևական զարգացման հիմնական գրավականն է, որոնց էլ նպատակաուղղված են Կառավարության կողմից նախատեսվող բարեփոխումները: ՀՀ ֆինանսական համակարգում իրականացվող μարեփոխումների առումով ՀՀ ԿԲ-ն շարունակելու է նախկինում նախանշված բարեփոխումների և ծրագրերի իրականացումը: Որպես ՀՀ ֆինանսական համակարգի զարգացման նոր ուղղություն` ՀՀ ԿԲ-ն արդեն իսկ Հայաստանում ֆինանսական կենտրոնի ձևավորման միջոցառումներ է ձեռնարկում, որոնք իրականացվելու են համաձայն ՀՀ Կառավարության 2008-2012 թթ. գործունեության ծրագրի: Բացի այդ, կարևորում ենք նաև Համահայկական բանկի ստեղծումը, որը պետք է առանցքային դեր ունենա Հայաստանի տնտեսության զարգացման գործում: Մասնավորապես, ՀՀ ԿԲ կողմից արդեն մշակվել է Համահայկական բանկի ստեղծման հայեցակարգը, և սկսվել են օրենսդրական դաշտի ձևավորման աշխատանքները:
Հարց 3. Արդյո՞ք ԿԲ-ն կփոխի իր քաղաքականությունը` կապված առկա գնաճային ճնշումների հետ:
Ներկայումս գոյություն ունեցող գնաճային ճնշումները պայմանավորված են հիմնականում մի շարք արտաքին, ինչպես նաև որոշ ներքին գործոններով.
- պարենային ապրանքների միջազգային գների աճով,
- նավթամթերքի միջազգային գների և վերջնական սպառողների համար փոխանցված գազի գների աճով,
- վերջին մի քանի տարիներին արտադրողականության համեմատ աշխատավարձերի առաջանցիկ աճով,
- բնակչության իրական եկամուտների (իրական աշխատավարձեր և տրանսֆերտներ) աճի բարձր տեմպերով, որոնք խթանող ազդեցություն են ունենում ամբողջական պահանջարկի վրա,
- պարենային ապրանքների գների աճի երկրորդային ազդեցություններով ոչ պարենային ապրանքների գների և ծառայությունների սակագների վրա:
Քանի որ արտաքին գնաճային գործոնների վրա ԿԲ-ն իր քաղաքականությամμ ուղղակիորեն չի կարող ազդել, ապա ինչպես նախկինում, այսուհետ ևս ԿԲ-ն նպատակ է ունենալու մեղմել հավելուրդային ամբողջական պահանջարկի դրսևորումները, միջազգային գների աճի հետևանքով ներքին գների երկրորդային ազդեցությունները և, իհարկե, գնաճային սպասումները: Այդ առումով, դեռևս 2006թ. կեսերից ԿԲ-ն խստացնում է դրամավարկային պայմանները` բարձրացնելով վերաֆինանսավորման տոկոսադրույքը: Հետագայում էլ ԿԲ-ն առավելագույնս հետևողական կլինի գնաճային սպասումների խարսխման և գնաճը նպատակային թիրախի սահմաններում պահպանելու հարցում:
Հարց 4. Որքա՞ն ժամանակ կպահանջվի Հայաստանը տարածաշրջանային ֆինանսական կենտրոնի վերածելու համար. ի՞նչ քայլեր են անհրաժեշտ դրա համար և ի՞նչ միջոցառումներ են արդեն ձեռնարկվում այդ ուղղությամբ:
Ներկայումս աշխարհում գոյություն ունեն մի շարք ֆինանսական կենտրոններ, որոնք ստեղծվել են պետության նպատակաուղղված ջանքերի շնորհիվ: Այդ երկրներն են, մասնավորապես՝ Իռլանդիան, Դուբայը, Սինգապուրը, Բահրեյնը, Կիպրոսը և այլն: Այդտեղ երկրներում պետական մակարդակով իրականացվել են երկարաժամկետ համալիր ծրագրեր՝ հստակ ռազմավարությամբ, միջոցառումների ցանկով ու լուրջ PRով: Ընդ որում, անկյունաքարը եղել է, այսպես կոչված՝ PPP գաղափարախոսությունը կամ պետական-մասնավոր համագործակցությունը: Այս առումով, նմանատիպ աշխատանք պետք է իրականացվի և այստեղ: Ներկայումս մենք գտնվում ենք ֆինանսական կենտրոնի տեսլականի ձևավորման փուլում, որն առնվազն պետք է անդրադառնա տարածաշրջանում ՀՀ ֆինանսական համակարգի հնարավոր զարգացման ուղղություններին ու հեռանկարներին և ուրվագծի հստակ ռազմավարություն: Այս առումով՝ կարևոր է նաև հասկանալ, որոնք են այն մրցակցային առավելությունները, որ կարող են հնարավորություն ընձեռել ՀՀ-ում ձևավորելու ֆինանսական կենտրոն:
Վերլուծելով ներկայումս աշխարհում գոյություն ունեցող կենտրոնները` թե՛ տարածաշրջանային, թե՛ միջազգային, ակնհայտ է դառնում, որ դրանք ձևավորվում են երկու պայմաններից առնվազն մեկի առկայության դեպքում. առաջինը` դառնալ ծախսերի նվազեցման կամ օֆշորային կենտրոն և երկրորդը` տեղեկատվական կենտրոն, ինչը նշանակում է ստեղծել այնպիսի հարթակ, որտեղ ներդրողը նվազագույն ծախսերով կարող է անմիջական մասնակցություն ունենալ ամμողջական առաջարկի և պահանջարկի ձևավորմանը (արժեթղթեր, փոխարժեքներ, ներդրումային նախագծեր, կադրեր և այլն): Այս մոտեցումը ենթադրում է ժամանակակից ինովացիոն բիզնես-տեխնոլոգիաների ներդրում և դիտարկվում է առավել կայուն երկարաժամկետ հատվածում:
Անհրաժեշտ է նշել, որ վերոնշյալը հեշտ գործ չէ, և լիիրավ կենտրոն դառնալու համար տարիներ կպահանջվեն:
Հարց 5. Ինչպե՞ս եք գնահատում ՀՀ բանկային համակարգի կայունությունը: Նախատեսվո՞ւմ են արդյոք նոր բանկերի կամ ներդրողների մուտք հայաստանյան ֆինանսական շուկա, Հայաստանի բանկերի սեփականատերերի կազմում փոփոխություններ:
ՀՀ բանկային համակարգը բնութագրվում է կապիտալացման չափազանց μարձր մակարդակով. ՀՀ առևտրային բանկերի կապիտալի համարժեքության նորմատիվը 12% պահանջի պայմաններում 2007թ. վերջին կազմել է 30%: ՀՀ բանկային համակարգի հիմնական ռիսկը վարկային ռիսկն է, որի մակարդակը, այնուամենայնիվ, բավականին ցածր է: Ըստ մեր գնահատումների` ՀՀ բանկային համակարգը բավականին կայուն է և ունակ դիմակայելու արտաքին ցնցումներին, որի մասին է վկայում նաև այն հանգամանքը, որ համակարգն անմասն մնաց միջազգային ֆինանսական շուկաներում վերջերս գրանցված ճգնաժամի ազդեցությունից: Օտարերկրյա ներդրողների՝ ՀՀ ֆինանսական շուկա մուտք գործելու հարցում ՀՀ կենտրոնական բանկը որդեգրել է բաց լինելու քաղաքականություն, որի պայմաններում ողջունելի են հատկապես ֆինանսական համակարգում մեծ փորձ ունեցող ինստիտուցիոնալ ներդրողների մուտքը ՀՀ ֆինանսական շուկա: Վերջին տարիներին ՀՀ ֆինանսական շուկայի մասնակից են դարձել մի շարք հանրահայտ փորձառու ֆինանսական կառույցներ: Նման ներդրողների մուտքը ՀՀ ֆինանսական շուկա նպաստում է ինչպես ֆինանսական ծառայությունների շրջանակների ընդլայնմանը, այնպես էլ ՀՀ առևտրային բանկերի կողմից մատուցվող ծառայությունների որակի բարելավմանը: Ներկայումս ՀՀ բանկային համակարգ նոր ներդրողների մուտք, ինչպես նաև ՀՀ առևտրային բանկերի սեփականատերերի կազմում փոփոխություն դեռ չի սպասվում:
Հարց 7. Ինչպիսի՞ն են Հայաստանի հեռանկարները սկանդինավյան OMX-ի մուտք գործելուց հետո: Ինչպե՞ս եք գնահատում երկրում ֆոնդային շուկայի ձևավորման տեմպերը:
OMX-ի մուտքը հայաստանյան ֆինանսական շուկա՝ մի շարք առավելություններ է բերում իր հետ. մասնավորապես՝ հնարավորություն կընձեռնի հիմք դնելու կապիտալի շուկայի նորմալ գործունեության ու զարգացման համար, կձևավորի շուկայի կազմակերպման առաջադիմական մշակույթ, իսկ հետագայում նաև` կապահովի տեղական թողարկողների ազատ մուտք օտարերկրյա ֆինանսական շուկաներ, անհրաժեշտ պայմաններ կստեղծի տեղական շուկայում օտարերկրյա թողարկողների համար և այլն: Հիշեցնենք, որ մինչ ՀՖԲ և ՀԿԴ ձեռքμերելը, OMX-ը ուսումնասիրել է Հայաստանի կապիտալի շուկան և հայտնաբերել, որ ՀՀ շուկան բազում չիրացված հնարավորություններ ունի: Ուսումնասիրությունների արդյունքում մոտ 70 նոր առաջարկներ են արվել: ՀՀ կառավարությունը, ՀՀ կենտրոնական μանկը և OMX-ը պատրաստակամություն են հայտնել իրականացնելու այդ առաջարկները:
OMX-ի կողմից արված μոլոր առաջարկներն ուղղված են երկրում կապիտալի շուկայի զարգացմանը, որոնք իրականացվելու են 3 ուղղությամբ, մասնավորապես.
- նոր ներդրումային հնարավորությունների ստեղծում` նոր թողարկողներ ներգրավելու համար բարենպաստ պայմաններ ստեղծելու ճանապարհով.
- շուկայի առևտրի և հաշվարկային համակարգերի բարելավում.
- ֆինանսական տեղեկացվածության մակարդակի բարձրացում:
Կարծում եմ, 2008թ. ընթացքում ՀՖԲ-ն և ՀԿԴ-ն ամբողջովին կներառվեն ինտեգրման գործընթացներում: Երկու կազմակերպություններում էլ կկիրառվեն OMX-ի կողմից մշակված կորպորատիվ ստանդարտները: Զուգահեռաμար քայլեր կձեռնարկվեն շուկայի ենթակառուցվածքների բարեփոխման ուղղությամբ: Ակնկալվում է, որ մինչև 2009 թ. երկրորդ կեսը կներդրվի բորսայում առանց արժեթղթերի և դրամական միջոցների դեպոնացման առևտուրը և կստեղծվի երաշխիքային հիմնադրամ բորսայական գործարքների արդյունքում փոխադարձ պարտավորությունները երաշխավորելու համար: Աշխատանքներ են տարվում նաև կազմակերպությունների կողմից նոր բաժնետոմսերի և պարտատոմսերի թողարկումը խթանելու ուղղությամբ:
Հարց 7. Ինչպե՞ս եք գնահատում ՌԴ կայունացման հիմնադրամի նմանակի ձևավորման հեռանկարները Հայաստանում:
Կենտրոնական μանկում նմանատիպ հիմնադրամ ձևավորելու գաղափարը չի քննարկվում:
Հարց 8. Ներկայումս շարունակվում է մասնավոր տրանսֆերտների ներհոսքը Հայաստան, այնուամենայնիվ, ՀՀ դրամը կայուն է և նախկին բարձր տեմպերով չի արժևորվում: Ինչպե՞ս դա կմեկնաբանեք:
2008 թվականի ընթացքում ՀՀ դրամի փոխարժեքը ԱՄՆ դոլարի նկատմամբ դրսևորեց կայուն վարքագիծ: Միևնույն ժամանակ, էապես ավելացել են ներմուծման ծավալները, որը խորացնում է արտաքին առևտրի պակասուրդը: Ընդ որում, այս երևույթը բնութագրական է նաև Արևելյան Եվրոպայի և ԱՊՀ նավթ չարտահանող երկրների մեծամասնության համար, ինչը ընդհանուր առմամբ, գլոբալ զարգացումների (ԱՄՆ դոլարի թուլացման, տարածաշրջանի բարձր տնտեսական աճի) հետևանք է: Իհարկե, շարունակվում են մասնավոր տրանսֆերտների աճի μարձր տեմպերը, սակայն ներմուծման աճի μարձր տեմպերի պարագայում, Հայաստանի վճարային հաշվեկշռի ֆինանսական հոսքերի առումով, արտարժույթի շուկայում առաջարկը և պահանջարկը հարաբերականորեն հավասարակշռվել են, ինչի արդյունքում արժևորման ճնշումները մեծամասամբ չեզոքացել են: